Սեմինոլների առաջնորդ Օցեոլան

Սեմինոլների առաջնորդ Օցեոլան, արկածային պատմավեպ է, հյուսիսամերիկյան սեմինոլների և նրա առաջնորդ Օցեոլայի հերոսական պայքարի մասին՝ ընդդեմ ամերիկյան նվաճողական քաղաքականության։ Վեպի հեղինակն է ծագումով իռլանդացի գրող Մայն Ռիդը։ Վեպում շատ իրադարձություններ միանգամայն համապատասխանում են պատմական փաստերին։ Վեպն ունի 96 գլուխ, թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ հայերեն։

Սեմինոլների առաջնորդ Օցեոլան
անգլ.՝ Osceola The Seminole: The Red Fawn of the Flower Land
ՀեղինակԹոմաս Մայն Ռիդ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրարկածային
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Օցեոլա
Երկիր ԱՄՆ
Հրատարակման տարեթիվ1858

Սյուժե խմբագրել

Իրադարձությունները տեղի են ունենում 1830-ականների սկզբին, Ֆլորիդայում՝ Երկրորդ սեմինոլյան պատերազմի սկզբում և ընթացքում։ Գլխավոր հերոսը Ջորջ Ռենդոլֆն է՝ սնանկացած ագարակատիրոջ որդին, որի ընտանիքը Վիրջինիայից տեղափոխվել է Ֆլորիդա։ Նրա նախնիների մեջ եղել է նաև հնդկացի, ինչը այդ ժամանակ հպարտության առիթ էր համարվում Ամերիկայում։

Վեպի սկզբում ծանոթանում ենք նաև այլ հերոսների հետ։ Նրանց թվում, ստրուկներ՝ մուլատ Դեղին Ջեկի ու սևամորթ Սև Ջեկի հետ։ Մուլատը բնութագրված է որպես մռայլ, չար, դաժան ու վրիժառու կերպար։ Հերոսը, որի անունից պատմվում է վեպը, դա բացատրում է հետևյալ կերպ. «Մուլատները հպարտանում են իրենց դեղին մորթով, մտավոր և ֆիզիկակական հատկանիշներով իրենց «բարձր» են դասում սևամորթներից, այդ պատճառով ավելի սուր են զգում իրենց ստորացուցիչ դրության անարդարացիությունը»։ Իսկ սևամորթներին նա բնութագրում է այսպես. «Հազվադեպ է պատահում, որ նրանք անզգա վայրենիներ լինեն։ Մարդկային կյանքի ողբերգության մեջ նրանք զոհեր են և ոչ թե չարագործներ։ Որտեղ էլ լինեն, իրենց հայրենի երկրում, թե ուրիշ տեղ, միևնույն է, նրանք դատապարտված են տառապանքի, բայց վրիժառու և դաժան չեն»։ Դրա համար էլ Սև Ջեկը ունի բարի սիրտ ու շատ կապված է հերոսի ու նրա հոր հետ։

Մուլատի ու սևամորթի միջև կա մրցակցուցյուն՝ գեղեցկուհի քվարտերոնուհի Վիոլայի պատճառով։ Մի անգամ, մուլատը փորձելով հասնել նրա բարեհաճությանը, հետապնդում է նրան անտառային արահետում, և Վիոլան բռնությունից փրկվում է միայն հերոսի քրոջ՝ երիտասարդ Վիրգինիայի հայտնվելու շնորհիվ։ Մուլատին ենթարկվում են պատժի, վրիժառությունից նա սպանում է Վիրգինիայի սիրելի եղնիկին, որից հետո նորից է պատժվում, և, այս անգամ, նա դիմում է ծայրահեղության՝ շնիկով հրապուրելով ալիգատորին, նրան բերում է այն լողավազանը, որտեղ, սովորաբար, լողում է աղջիկը։

Նրան մահից փրկում է երիտասարդ հնդկացի Պաուելը՝ հնդկացի կնոջ ու սպիտակամորթի որդին։

Սպիտակամորթ աղջկա դեմ մահափորձի համար մուլատին դատապարտում են մահապատժի՝ ողջակիզման։ Մահապատժի պատրաստությանը ակտիվ մասնակցություն են ունենում հարևան ագարակի տերերը՝ հայր և որդի Ռինգոլդները. բոլորին հայտնի է, որ երիտասարդ Ռինգոլդը երազում է Վիրգինիայի հետ ամուսնության մասին։ Պաուելն ու Արենս Ռինգոլդը փոխանակվում են վիրավորանքներով, և նրանց միջև ծագած կռվի արդյունքում Դեղին Ջեկին հաջողվում է փախչել։ Նրան հետապնդում են, բայց հետապնդողների աչքի առաջ նա դառնում է կոկորդիլոսի զոհը։

Միևնույն ժամանակ, Ռինգոլդը ընկերների՝ Նեդ Սպենսի և Բիլլ Ուիլյամսի հետ որոշում են պատժել հպարտ հնդկացուն, որին մտրակներից փրկում է վեպի հերոսը։

Դրանով սկսվում է վեպի հերոսի և հնդկացու միջև բարեկամությունը, որին հետագայում միանում են Վիրգինիան, և Պաուելի քույրը՝ Մայումին։ Բարեկամությունը երկար չի տևում. դրա մասին իմանում են հերոսի ծնողները, և նրան անհապաղ ուղարկում են Ուեստ-Պոյնտ՝ ուսանելու։

Երբ նա վերադառնում է Ֆլորիդա՝ այստեղ հասունանում է պատերազմը հնդկացիների հետ, որոնց հողերին ձգտում են սպիտակամորթ վերաբնակները։ Բայց հնդկացիներին հենց այնպես վտարել իրենց հողերից հնարավոր չէ, որովհետև այդ հարցով գոյություն ունի հատուկ պայմանագիր։ Սպիտակամորթների խնդիրն է՝ խզել ներկա պայմանագիրը և կնքել նորը, որը պարունակում է հնդկացիների վերաբնակեցում նոր հողերում։ Հնդկացիների մերժման դեպքում որոշված է ուժի կիրառում։ Սեմինոլների բնակատեղիներին են մոտենում կառավարական զորքերը։

Վերաբնակեցման հարցի շուրջ հնդկացի առաջնորդները միասնական չեն. մի քանիսը համաձայն են սպիտակամորթների պայմաններին, մյուսները նախընտրում են մարտնչել զորքերի դեմ։ Վերջինների թվում է իր խիզախությամբ փառաբանված երիտասարդ առաջնորդ Օցեոլան։

Մի փոքր հյուրընկալվելով տանը, Ջորջ Ռենդոլֆը մեկնում է Քինգ ամրոցը, որտեղ գտնվում է սեմինոլների հարցերով զբաղվող ղեկավարությունը և ֆլորիդյան բանակի գլխավոր շտաբը՝ գեներալ Կլինչի հրամանատարությամբ, որի մոտ էլ գործուղվում է հերոսը։ Սև Ջեկի հետ զրույցից նա տեղեկանում է, որ Ռինգոլդները Պաուելների ընտանիքից խաբեությամբ խլել են նրանց կալվածքը, և նրանք մեկնել են ինչ-որ տեղ։ Այդ նորությունը շատ է վրդովում նրան, որովհետև նա վաղուց սիրում է Մայումիին։ Ամրոցի ճանապարհին ինչ-որ մեկը կրակում է Ջորջի վրա, և Սև Ջեկն ասում է, թե դա Դեղին Ջեկն էր։

Հերոսի Քինգ ամրոց ժամանման հաջորդ օրը տեղի ՝ ունենում առաջնորդների խորհուրդ, որում կառավարական գործակալ Ուայլի Թոմպսոնը կոչ է անում ստորագրել վերաբնակեցման պայմանագիրը։ Ամենաթեժ պահին հայտնվում է Օցեոլան, որն էլ վճռում է խորհրդի ելքը. նրա ազդեցության տակ՝ գլխավոր առաջնորդը հրաժարվում է դնել իր ստորագրությունը։ Կատաղած ու ցասումով լեցուն Թոմպսոնը դիմում է նրան՝ անվանելով Պաուել, և այդտեղից վեպի հերոսը նրան ճանաչում է։

Գործակալ Թոմպսոնը հնդկացիներին վերջնագիր է ներկայացնում, որով նրան լիազորել է նախագահը՝ կամ վերաբնակեցում, կամ պատերազմ։ Բայց հնդկացիները հայտարարում են, որ պատրաստ են պաշտպանվել։ Այդ ժամանակ գորժակալը նրանց առաջարկում է ևս մեկ անգամ իրենց ներսում ամեն ինչ քննարկել և հավաքվել հաջորդ օրը։

Ուշ երեկոյան Ջորջը հայտնվում է անտառում, սպասելով դավաճան-առաջնորդներին, որոնք պետք ՝ իրեն կարևոր տեղեկություն փոխանցեն։ Անակնկալ հայտնվում է մանկությունից իրեն ծանոթ հնդկացի խելագար կին Հաջ-Եվան և նախազգուշացնում նրան վտանգի մասին։ Նա, իսկապես, ականատես է դառնում չարամիտ պայմանավորվածության. նրա վաղեմի հակառակորդ Արենս Ռինգոլդը որոշել է իրեն սպանել, որպեսզի ամուսնանա իր քրոջ հետ և տիրի ագարակներին։ Սպանությունը պետք է կատարի Դեղին Ջեկը, որը մինչ այդ պահը համարվում էր զոհված։

Հաջորդ օրը Քինգ ամրոցի մոտ տեղի է ունենում գործակալի հանդիպումը հնդկացիների հետ, որի ժամանակ Օցեոային ձերբակալում են, իսկ Հաջ-Եվան ժամադրում է Ջորջին անտառում։

Վեպի հերոսը ուզում է հաշվեհարդար տեսնել Ռինգոլդի հետ։ Ընկերը խորհուրդ է տալիս Ռինգոլդին պատճառ տալ՝ առաջինը իրեն մենամարտի կանչելու համար։ Պատճառը արագ գտնվում է. Ռինգոլդը պարծենում է իր ընկեր՝ գլխավոր հրամանատարի համհարզ Սքոթի սիրային հաջողություններով, որը, իբր Մայումիին իր սիրուհին է դարձրել։ Ջորջը ապտակում է Ռինգոլդին, որից հետո էլ վիրավորում է մենամարտում։

Երեկոյան գալով անտառ, հերոսը ականատես է դառնում Մայումիի և Սքոթի հանդիպմանը։ Աղջիկը խնդրում է Սքոթին օգնել՝ ազատելու եղբորը, բայց նա նրան կեղտոտ առաջարկություն է անում։ Վեպի հերոսը փրկում է աղջկան, և նա ընկնում է նրա գիրկը։

Նույն երեկոյան Ջորջը այցելում է Օցեոլային և խորհուրդ տալիս ստորագրել պայմանագիրը, որովհետև, պայմանագիրը նրան ոչինչ չի պարտավորեցնում. չէ որ, համաձայն պայմանագրի, վերաբնակեցման որոշում պետք է կայացնի ամբողջ ժողովուրդը։ Իսկ այսպես Օցեոլան ազատություն կստանա։

Դրա հետ մեկտեղ սկսվում է կամավորների հավաքագրումը ամերիկյան բանակ։ Նման ջոկատի կազմավորման նպատակով վեպի հերոսն իր ընկերոջ՝ կապիտան Գալլահերի հետ, մեկնում է իր հայրենի Սուոնի բնակավայրը;

Ճանապարհին նրան հայտնի է դառնում, որ իր քույրը գաղտնի հանդիպում է Օցեոլայի հետ։ Նա շատ է վրդովվում, որովհետև նման հանդիպումները կարող են լրջորեն խաղալ աղջկա անվան հետ։ Սակայն, աստիճանաբար նրան սկսում է թվալ, թե Վիրգինիան համակրում է Գալլահերին, իսկ նա նրան պատասխանում է փոխադարձաբար։ Անակնկալ կերպով, հերոսն իմանում է, որ քրոջ մոտ հաճախ է գալիս Արենս Ռինգոլդը։ Նա վախենում է, որ Վիրգինիան կարող է չկշռադատված արարք թույլ տալ և ամուսնանալ նրա հետ։ Բայց պատահաբար ականատես լինելով նրանց հանդիպմանը, նա պարզում է, որ Վիրգինիան փորձում է նվեր ստանալ այն կալվածքը, որը նախկինում պատկանում էր Պաուելներին։ Ավելի ուշ աղջիկը խոստանում է եղբորը՝ ոչ մի ընդհանուր բան չունենալ Ռինգոլդի հետ։

Ջորջին շտապ կանչում են Քինգ ամրոց։ Գիշերը հայտնվելով անտառում, նա գերի է ընկնում հնդկացիների մոտ և ականատես լինում դավաճան-առաջնորդ Օմատլայի նկատմամբ Օցեոլայի վրեժին։ Քիչ ավելի ուշ, Սուրբ Ծննդյան տոնակատարության ժամանակ, հնդկացիները սպանում են գործակալ Թոմպսոնին. այդպես Օցեոլան լուծում է իր վրեժը։

Սկսվում է իսկական պատերազմը, որտեղ հնդկացիները մեկը մյուսի ետևից հաղթանակներ են տանում (մայոր Դեյդի ջոկատի ջախջախումը, ճակատամարտը Ուիտլակուտչիի ափին)։ Մի գլխավոր հրամանատարը փոխարինում է մյուսին, բայց նրանցից ոչ ոք չի կարողանում քիչ թե շատ լուրջ պարտության մատնել հնդկացիներին։

 
Դեյդի ջոկատի ջախջախումը

Երկամսյա բացակայությունից հետո նա վերադառնում է տուն։ Նրան տանջում են ծանր նախազգացությունները։ Ժամանելով, նա տեսնում է, որ իր կալվածատունը այրել են, մորը և որպես վերակացու ծառայող քեռուն սպանել, իսկ քրոջը առևանգել։ Ականատեսները մեղավոր են համարում հնդկացիներին, բայց հետագայում պարզվում է, որ Դեղին Ջեկն է հագել Օցեոլայի հագուստը, իսկ առևանգումը կազմակերպել է Ռինգոլդը, որպեսզի հետո հանդես գա փրկարարի դերում և դրանով ստիպի Վիրգինիային իր հետ ամուսնանալ։

Հերոսին և նրա քրոջը, ինչպես միշտ, օգնության է հասնում Օցեոլան։ Երախտապարտ Վիրգինիան նրան է հանձնում նրա կալվածքի փաստաթղթերը, իսկ Ջորջը իր պաշտպանության տակ է վերցնում Մայումիին՝ նախատեսելով ամուսնանալ նրա հետ։

Բայց Օցեոլային այլևս վիճակված չէ օգտվել Վիրգինիայի երախտագիտությունից. նա կորցրել է կյանքի հանդեպ հետաքրքրությունը, որովհետև հասցրել է հաշիվ տեսնել բոլորի հետ, ումից երդվել էր վրեժ լուծել։ Գիշերային հանգստյան դադարի ժամանակ, նա հեշտությամբ թույլ է տալիս ձերբակալել իրեն, իսկ մի քանի շաբաթից մեռնում է գերության մեջ՝ անբուժելի հիվանդությունից։

Օցեոլայի ձերբակալության պահին, բոժոժավոր օձի խայթոցից, որին միշտ իր մոտ ունենում էր Հաջ-Եվան, զոհվում է Դեղին Ջեկը, որն էլ մատնել էր հնդկացուն՝ իշխանություններին։

Վիրգինիան ամուսնանում է կապիտան Գալլահերի հետ, վեպի հերոսն ամուսնանում է Մայումիի հետ, իսկ Սև Ջեկը, իր կնոջ՝ Վիոլայի հետ մեկնում է Ռենդոլֆների ագարակներից մեկը, որպես վերակացու։

Հերոսները խմբագրել

Ջորջ Ռենդոլֆ - վեպի գլխավոր հերոսը, հենց նրա անունից է պատմվում վեպը, Օցեոլայի ընկերը, ամուսնանում է նրա քրոջ՝ Մայումիի հետ

Վիրգինիա - Ջորջ Ռենդոլֆի քույրը, օգնում է Օցեոլային ետ ստանալ նրա մորից խլված կալվածքը, ռասայական անհավասարության պատճառով «չի կարող» սիրել նրան, ամուսնանում է կապիտան Գալլահերի հետ

Մայումի - Օցեոլայի քույրը, ամուսնանում է Ջորջ Ռենդոլֆի հետ

Արենս Ռինգոլդ - երիտասարդ ագարակատեր, սիրահետում է Վիրգինիային, թշնամանում Ջորջ Ռենդոլֆի հետ։ Սպանվում է Օցեոլայի կողմից՝ նրա անձնական վրեժխնդրության չորրորդ և վերջին զոհը

Դեղին Ջեկ - Ռենդոլֆների մուլատ ստրուկը, վեպի սկզբում մահափորձ է կատարում Վիրգինիայի դեմ, ենթարկվում մահապատժի, բայց փախուստի ժամանակ թվում է՝ զոհվում է, հետո հայտնվում է Ջորջ Ռենդոլֆի դեմ մահափորձ կատարելով, Արենս Ռինգոլդի դրդմամբ Օցեոլայի անունից հարձակվում է Ռենդոլֆների տան վրա, իսկ վերջում մատնում է Օցեոլային կառավարական զորքին։ Սպանվում է Հաջ-Եվայի բոժոժավոր օձի խայթոցից

Սև Ջեկ - Ռենդոլֆների սևամորթ ստրուկն ու Ջորջ Ռենդոլֆի զինակիցը, ամուսնանում է Վիոլայի հետ

Հիքմեն - ծերունի որսորդ, Ջորջ Ռենդոլֆի բարեկամը

Կապիտան Գալլահեր - Ջորջ Ռենդոլֆի ընկերը, ամուսնանում է Վիրգինիայի հետ

Հաջ-Եվա - խելագար հնդկացի կին, օգնում է Ջորջ Ռենդոլֆին՝ փրկելու Մայումիին Սքոթի հետապնդումներից, նրա կցկցտուր խոսքերից կարելի է եզրակացնել, որ ժամանակին խաբվել է Սքոթի հոր կողմից

լեյտենանտ Սքոթ - ամերիկյան հրամանատարի համհարզը, Մայումիին անպարկեշտ առաջարկություն անելու համար դառնում է Օցեոլայի թշնամին ու սպանվում նրա կողմից՝ նրա անձնական վրիժառության երրորդ զոհը

Վիոլա - Վիրգինիայի քվարտերոնուհի ստրկուհին, ամուսնանում է Սև Ջեկի հետ

Ջիմ Ուեզերֆորդ - որսորդ, ծերունի Հիքմենի ընկերը

Նեդ Սպենս - Արենս Ռինգոլդի համախոհը, Ջորջ Ռենդոլֆի դեմ կարարած մահափորձից հետո՝ ենթարկվում է դաշտային մահապատժի, որը իրականացնում է Ջիմ Ուեզերֆորդը

Բիլլ Ուիլլյամս - Արենս Ռինգոլդի համախոհը, Ջորջ Ռենդոլֆի դեմ կարարած մահափորձից հետո՝ ենթարկվում է դաշտային մահապատժի, որը իրականացնում է ծերունի Հիքմենը

Հայր Ռինգոլդ - հարուստ ագարակատեր, Արենս Ռինգոլդի հայրը, իր դիրքից օգտվելով՝ խաբեությամբ խլում է Օցեոլայի մորը պատկանող կալվածքը, վեպի միջնամասում մահանում է

Պատմական դեմքեր

Օցեոլա (Պաուել) - սեմինոլների առաջնորդ, պատմավեպի առանցքային անձը, որի, կառավարական զորքերի նվաճողական քաղաքականության դեմ, խիզախ պայքարի մասին էլ պատմում է հեղինակը՝ Ջորջ Ռենդոլֆի անունից։ Վեպում հանդես է գալիս ոչ միայն որպես պատմական անձ. նա Ջորջ Ռենդոլֆի ընկերն է, Վիրգինիայի փրկարարը, որի հանդեպ, ըստ երևույթին, անտարբեր չէ։ Մեռնում է գերության մեջ՝ անբուժելի հիվանդությունից

Ուայլի Թոմպսոն - հնդկացիների հարցերով զբաղվող կառավարական գործակալ, սպանվում է Օցեոլայի կողմից՝ նրա անձնական վրիժառության երկրորդ զոհը

գեներալ Կլինչ - ամերիկյան հրամանատար, որի ենթակայության տակ ծառայում է Ջորջ Ռենդոլֆը

մայոր Դեյդ - ամերիկյան բանակի մայոր, վեպում հիշատակված է նրա ջոկատի ջախջախումը հնդկացիների հետ ճակատամարտում

Հնդկացի առաջնորդներ

Օնոպա - Միկոսոկի ցեղի գլխավոր առաջնորդ (միկո-միկո (առաջնորդների առաջնորդ)), վերաբնակեցման հակառակորդ, վեպում բնութագրվում է, որպես արժանապատիվ, բայց միևնույն ժամանակ Օցեոլայի և այլ կրտսեր առաջնորդների ազդեցության տակ գտնվող առաջնորդ, վերաբնակեցման պայմանագիրը չստորագրելուց հետո՝ կառավարական գործակալի կողմից զրկվում է գլխավոր առաջնորդի կոչումից

Հոյթլ-մեթի (Արշավաձի) - վերաբնակեցման հակառակորդ առաջնորդ, վեպում առկա է նրա բոցաշունչ հայրենասիրական ճառը՝ ընդդեմ վերաբնակեցման

Արպիուկի, Կոա-հաջո, Հոլատա-միկո, Ակոլա, Յախա-հաջո (Խենթ Գայլ), Էխա Մաթա (Ջրի Օձ), Պոշալա (Թզուկ), Ամպ, Ալիգատոր - վերաբնակեցման հակառակորդ առաջնորդներ

Աբրամ - սևամորթ առաջնորդ, Միկոսոկի ցեղի հետ ապրող սևամորթների առաջնորդը, Օնոպայի խորհրդականն ու վերաբնակեցման մոլի հակառակորդներից մեկը

Չարլզ Օմատլա - վերաբնակեցման կողմնակից առաջնորդ, Օնոպայի՝ կառավարական գործակալի կողմից գլխավոր առաջնորդությունից զրկվելուց հետո, նույն գործակալի կողմից օծվում է, որպես «սեմինոլների թագավոր», սակայն, շատ չանցած սպանվում է Օցեոլայի կողմից՝ նրա անձնական վրիժառության առաջին զոհը

Լուստա Հաջո (Սև Կավ), Օխալա (Մեծ Ռազմիկ), Իտոլասե եղբայրներ - վերաբնակեցման կողմնակից առաջնորդներ

Ֆիլմ խմբագրել

Մայն Ռիդի վեպի հիման վրա՝ 1971 թ, ԽՍՀՄ-ում նկարահանվել է «Օցեոլա» ֆիլմը։

Արտաքին հղումներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Е.Б.Туева, Оцеола, вождь семинолов
  • В. И. Новиков, 1996. — 848 с. Все шедевры мировой литературы в кратком изложении. Сюжеты и характеры. Зарубежная литература XIX века