Սեբաստիայի հայկական տպագրություն

Սեբաստիայի հայկական տպագրություն, Սեբաստիայում (այժմ՝ Սվազ, Թուրքիա) հայերեն գրքերի հրատարակման պատմություն։

Պատմություն խմբագրել

Սեբաստիայում առաջին տպարանը հիմնադրել է Անդրանիկ Վարդանյանը, որտեղ տպագրել է «Աղօթագիրք յորում պարունակին հոգեշարժ աղօթք...» (1875) գիրքը։ 1908 թվականին տպարան է հիմնադրել Ա. Վարդանյանի որդին՝ Հայկ Վարդանյանը (որևէ հրատարակություն հայտնի չէ)։ 1910-1912 թվականներին գործել է Կարապետ Պարսամյանի «Հողդար» տպարանը. տպագրել է Դ. Վարուժանի «Տրտունջք։ Եղիա Տէմիրճիպաշեանին» (1911), Հ. Բալուցյանի «Համառօտ տաղաչափութիւն» (1911), Ա. Տրդատյանի «Դողդոջ քնար» (1912) և այլ գրքեր։

1912 թվականին տպարանը տնօրինել է ՀՅԴ կուսակցության տեղեկատվական մարմինը։ 1913 թվականին Կ. Պարսամյանը հիմնադրել է «Կաբիրա» տպարանը, հրատարակել Հ. Սրապյանի «Ի՞նչ է էսփէրանթօն» (1913-1914), Տ. Բոլատյանի «Եօթնաղի քնար», Մ. Իսպիրյանի «Գրելու արուեստը», Ե. Վառեկյանի «Բառգրքոյկ հանքանուանց...» և «Բառգրքոյկ ստուգաբանական մայր բառերու...» (չորսն էլ՝ 1914), Ս. Պալեոզյանի «Հայ լեզուն անսխալ գրելու միջոցը» (1914՞) և այլ գրքեր։

Սեբաստիայում լույս են տեսել նաև «Ձայն Սեբաստացւոց» (1869), «Սեւ հողեր» (1870) խմորատիպ թերթերը, պետական «Սիվաս» (1876-1878, հայ. և օսմ.), գավառական, պատմական, գրական «Անդրանիկ» (1909–11), հասարակական-քաղաքական «Հող-Դար» (1910–14) շաբաթաթերթերը, Արամյան ազգային վարժարանի «Նշտրակ» (1910–13) խմորատիպ ամսաթերթը, «Կէտ» (1905–07) խմորատիպ երգիծաթերթը և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։