Սանդերսի առաքելություն, գերմանական զինվորական առաքելություն (միսիա) գեներալ Լիման Օտտո ֆոն Սանդերսի գլխավորությամբ, որ Թուրքիա էր ուղարկվել 1914-1918 թթ-ի Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին։ Շարունակել է Կ. Գոլցի գերմանական առաքելության սկսած թուրքական բանակի վերակառուցման աշխատանքները։ Թուրքիա գալով (1913 թ-ի դեկտեմբերին)՝ Սանդերսը նշանակվել է զինվորական գերագույն խորհրդի անդամ և ռազմական դպրոցների տեսուչ, Սանդերսի առաքելության անդամները ստանձնել են հրամանատարական ու շտաբային կարևոր պաշտոններ։ Նրանց թիվը գնալով ավելացել է. 1914 թ-ի օգոստոսին առաքելության կազմում կար 70, պատերազմի վերջում՝ մոտ 800 սպա։ Սանդերսի առաքելության խնդիրն էր ոչ միայն թուրք, բանակի մարտական ու մարտավարական պատրաստականության բարձրացումը, նրա վերառազմականացումը, այլև թուրքական բանակն ու Թուրքիայի տարածքն ապագա պատերազմում Ռուսաստանի դեմ օգտագործելու, Օսմանյան կայսրությունում Գերմանիայի տնտեսական և քաղաքական ազդեցությունն ուժեղացնելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը։ Թուրքիա ուղարկելուց առաջ կայզեր Վիլհելմ ll-ը Սանդերսին խորհուրդ է տվել իր գործունեությունը սկսել Թուրքիայի արևելյան նահանգներից։

1914 թ-ի օգոստոսին ստորագրվեց գերմանա-թուրքական դաշնակցային գաղտնի պայմանագիրը, որով Թուրքիան պարտավորվեց որպես Գերմանիայի դաշնակից պատերազմի մեջ մտնել Ռուսաստանի դեմ։ Սանդերսի առաքելությունը մնում էր Թուրքիայում, և նրան «իրական իշխանություն» էր տրվում թուրք, բանակի ընդհանուր գործողություններում։

Թուրքիայում գտնվող գերմանացի սպաները, այդ թվում նաև Սանդերսի առաքելության անդամները, պատասխանատվություն են կրում թուրք, իշխանությունների կազմակերպած հայերի տեղահանության և ցեղասպանության համար։ Նրանց հայտնի էին թուրք, իշխանությունների մտադրությունները հայ բնակչության տեղահանության մասին։ Եվ նույնիսկ այն բանից հետո, երբ աշխարհն իմացավ այդ գործողության ահավոր հետևանքների մասին, գերմանական ներկայացուցիչներն ամեն կերպ արդարացնում էին թուրք ջարդարարների քայլերը։ Գեներեալ Լիման ֆոն Սանդերսը հայտարարեց, որ երիտթուրքերը մեղք չունեն հայերի ցեղասպանության մեջ, և որ արևելյան նահանգներից հայերի ամբողջական տեղահանության հրամանը թելադրված էր «ռազմական և քաղաքական անհարժեշտությամբ»։ 1921 թ-ի հունիսին Բեռլինում հանդես գալով Ս. Թեհլերյանի դատավարության ժամանակ՝ նա փորձում էր ժխտել գերմանական հրամանատարության հանցավոր մասնակցությունը Թուրքիայի հայ բնակչության ջարդերին և այդ ամենի պատասխանատվությունն ամբողջովին բարդել թուրքերի վրա։ Սակայն փաստագրական տվյալներն անհերքելիորեն վկայում են, որ գերմանական զինվորական խորհրդականները, այդ թվում նաև Սանդերսի առաքելության անդամները, ոչ միայն մասնակցել են թուրքական բանակի ռազմական գործողությունների ծրագրերի մշակմանը, այլև թուրքական իշխանություններին հուշել են հայերին հայրենի հողից հանելու և անապատները քշելու միտքը։ Գերմանական քաղաքագետներն ու զինվորական խորհրդականները չէին թաքցնում, որ հայերը խոչընդոտ էին «իրենց ոազմական նպատակների ճանապարհին»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։