Սամվել Երիցյան

հայ վինագործ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Երիցյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սամվել Հակոբի Երիցյան (մայիսի 21, 1950(1950-05-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ վինագործ։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2014 թ.)։

Սամվել Երիցյան
Ծնվել էմայիսի 21, 1950(1950-05-21) (73 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (1969) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1974)
ԱշխատավայրՀայաստանի ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբ և Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոց
Ծնողներհայր՝ Հակոբ Երիցյան
Պարգևներ և
մրցանակներ

Վինագործ Հակոբ Երիցյանի որդին է։

Կենսագրություն խմբագրել

Սամվել Երիցյանը ծնվել է 1950 թվականին, Երևանում, վինագործ Հակոբ Երիցյանի ընտանիքում։ Սովորել է Երևանի Միքայել Նալբանդյանի անվան դպրոցում, զուգահեռ 1958-1965 թվականներին երաժշտական կրթություն է ստացել Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում` Է. Դայանի դասարանում։ 1965-1969 թվականներին սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1969-1974 թվականներին` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժնում՝ Հ. Բոգդանյանի դասարանում։ 1973-1994 թվականներին աշխատել է Հայաստանի Ռադիոյի և հեռուստատեսության պետական սիմֆոնիկ նվագախմբում՝ որպես ջութակահար, 1990-1994 թվականներին՝ որպես կոնցերտմայստեր։ 1974-1975 թվականներին ջութակի դասեր է տվել Կիրովականի Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանում։

Գործունեություն խմբագրել

Վինաշինության մեջ հմտացել է՝ աշակերտելով և կողքից հետևելով հոր աշխատանքին։ 1974 թվականին պատրաստել է առաջին ջութակը։ 1979 թվականին մասնակցել է Կրեմոնայի Ա. Ստրադիվարիուսի երկրորդ միջազգային մրցույթին՝ լինելով առաջին մասնակիցը Հայաստանից։ Արժանացել է դիպլոմի և հուշամեդալի։ Վերապատրաստվել է Վ. Պիլարժի արվեստանոցում (Գրադեց, Կրալով)։ 1982 թվականին փորձի փոխանակման շրջանակներում մասնակցել է կատարելագործման դասընթացների Լեհաստանում, Պոզնանի անվան միջազգային մրցույթում արժանացել է դիպլոմի։

1988 թվականին կայացել է նրա առաջին հեղինակային երեկոն, իսկ ջութակը և ալտն արժանացել են դիպլոմի Կրեմոնայի մրցույթին։ 1991 թվականին մասնակցել է Օբերլինի (ԱՄՆ) Վ. Նիկողոսյանի «Լարային երաժշտական նվագարանների ռեստավրացիա» վարպետության դասընթացին։ 1990-1991 թվականներին աշխատել է Փարիզում` Միշել Գլադիոյի արվեստանոցում։ 1993 թվականին փորձառություն է անցել Փարիզում` Էթիեն Վատլոյի, Անդրե Լեվիի երաժշտական գործիքների վարպետների արվեստանոցում։ 1995 թվականին մասնակցել է Փարիզի «Salon Musicora»-ին։ 1991-2002 թվականներին եռամսյա փորձառություններ է անցել Փարիզում՝ Մ. Գլադիոյի արվեստանոցում։

2005 թվականին կայացել է նրա երկրորդ հեղինակային երեկոն և լույս է տեսել Մ.Սիմոնյանի հեղինակած «Երիցյան Վինագործներ» գիրքը։ ՀՀ մշակույթի նախարարության կողմից արժանացել է երաժշտական գործիքների փորձագետի մասնագիտական որակավորման։ 2012 թվականին Արամ Խաչատրյանի անվան միջազգային 8-րդ մրցույթին կցվել է որպես երաժշտական գործիքների վարպետ։ 1994 թվականից ՀՀ Մշակութային արժեքների պահպանման գործակալությունում աշխատում է որպես լարային երաժշտական գործիքների փորձագետ[1]։

Մրցանակներ խմբագրել

  • ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2014 թ.)[2]
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2013 թ.
  • Համամիութենական մրցույթի դափնեկիր, 1982 թ., թավջութակ՝ երրորդ մրցանակ (առաջին և երկրորդ մրցանակներ չեն շնորհվել)
  • Համամիութենական հինգերորդ մրցույթի (առաջին հայ վարպետի մրցանակ) դափնեկիր, 1982 թ.
  • Իտալիա, Ստրադիվարիուսի մրցույթի դիպլոմ, 1982 թ.
  • Պոզնանի (Լեհաստան) Վենյավսկու անվան միջազգային մրցույթի դափնեկիր (առաջին հայ վարպետի մրցանակ), 1981 թ.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սամվել Երիցյանի կենսագրությունը avproduction կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ