Ռեդուկտոր , (լատ․ reductor ետ բերող, վերադարձնող) կամ պտույտափոխանցիչ,

  1. մեքենայի հաղորդակի մեջ մտնող մեխանիզմ, ծառայում է ոլորող մոմենտները մեծացնելու նպատակով տարվող լիսեռի անկյունային արագությունների փոքրացման համար։ ռեդուկտորի մեջ օգտագործում են ատամնավոր փոխանցումներ, շղթայավոր փոխանցումներ, որդնակային փոխանցումներ, ինչպես նաև դրանք կիրառում են տարբեր զուգակցումներով՝ որդնակային և ատամնավոր, շղթայավոր և ատամնավոր են։ Գոյություն ունեն համակցված հաղորդակներ, որոնցում ռեդուկտորը հարմարադասում են վարիատորի հետ։ Ռեդուկտոր օգտագործում են տրանսպորտային, բեռնամբարձ, մշակող և այլ մեքենաներում։
  2. Հեղուկի կամ գազի ռեդուկտման սարք։ Ծառայում է ինչպես բարձր ճնշման տարողություններից վերցվող հեղուկի կամ գազի ճնշումը մինչե հեղուկի կամ գազի ծախսման պայմաններին համապատասխանող ճնշման մակարդակի իջեցնելու, այնպես էլ աշխատանքային ճնշումը հաստատուն մակարդակի վրա պահելու համար՝ անկախ հեղուկի կամ գազի տարողություններում ճնշման տատանումներից։ Ռեդուկտորի հիմնական մասը ռեդուկցիոն կափույրն է։ Լայնորեն տարածված են եռակցման ռեդուկտորները, որոնք կարգավորում են թթվածնի, ջրածնի և ացետիլենի մատուցումը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։