Ռաֆլզ Հոուի բացահայտումը

Ռաֆլզ Հոուի բացահայտումը (անգլ.՝ The Doings of Raffles Haw), շոտլանդացի գրող Արթուր Կոնան Դոյլի պատմվածքներից, որը գրվել է «Պատասխաններ» ամսագրի պատվերով Վիեննայում ուսանելու տարիներին՝ 1891 թվականի հունվարի 5-ից 23-ը։

Ռաֆլզ Հոուի բացահայտումը
անգլ.՝ The Doings of Raffles Haw
ՀեղինակԱրթուր Կոնան Դոյլ
Տեսակգրավոր աշխատություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1891
ՆախորդՍպիտակ ջոկատ
Հրատարակման տարեթիվ1892

Այս պատմվածքի համար նա ամսագրից ստանում է 150 ֆունտ։ Կոնան Դոյլի կենսագիր Ռ. Միլերը նշում է.

Վարձատրությունն ավելի քան շռայլ էր՝ հաշվի առնելով այն, որ դա հեղինակի երևի թե ամենավատ գործն է, անհասկանալի մի պատմություն ալքիմիկի մասին, որ հայտնաբերել էր, թե ինչպես կարելի է ծանր մետաղը վերածել ոսկու, և օգնում էր աղքատներին, ինչը հանգեցրեց զանգվածների կազմալուծմանն ու հանընդհանուր դժգոհությանը։

: Հենց իր՝ հեղինակի կարծիքով ինքը գրել է ոչ այդքան արժեքավոր մի բան։ Կարևոր արդյունքն այն էր, որ գրողը կարողացավ փակել պարտքերը։ Բայց հատկանշական է այն, որ ամսագիրն ընդունեց աշխատանքը. դա ցույց է տալիս, որ հրատարակիչները պատրաստ էին վճարելու Կոնան Դոյլին արդեն իսկ անվան համար միայն։ Պատմվածքի ամերիկյան հրատարակության համար Կոնան Դոյլը ստացավ ևս 40 ֆունտ[1]։

Չնայած գրականագետների այդպիսի ցածր գնահատականին՝ Ռաֆլզ Հոուի ճակատագրի մասին պատմվածքը այսօր էլ մտնում է «դեռահասային տարիքի դասական ընթերցանության» մեջ[2]։

Գլխավոր հերոսները խմբագրել

  • Ռաֆլզ Հոու — քիմիկ, անսահման հարստության տեր մարդ
  • Ջոնս — Ռալֆզ Հոուի ծառայապետ
  • Ռոբերտ Մաքինթայր — երիտասարդ նկարիչ, Ռաֆլզ Հոուի ընկերը, Լաուրայի եղբայրը
  • Լաուրա Մաքինթայր — Ռոբերտի քույրը, Ռաֆլզ Հոուի նշանածը
  • Մաքինթայր ավագ — սնանկացած գործարանատեր, ով վերջում հայտնվում է հոգեբուժարանում
  • Հեկտոր Սփերլինգ — ծովային սպա, Լաուրայի փեսացուն, որը դեռ չի կարող ամուսնանալ, քանի դեռ հոգեհայրը չի օրհնել
  • Ջոն Սփերլինգ — Հեկտորի հոգեհայրը, Ռաֆլզի օգնականը աղքատներին օգնելու հարցում

Սցենար խմբագրել

Խորհրդավոր միլիոնատեր Ռաֆլզ Հոուն տեղափոխվում է ապրելու Թեմֆիլդ՝ Բիրմինգհեմից 14 մղոն հեռավորության վրա։ Դեռ մինչ նրա գալը սկսվում են նրա մասին բամբասանքներ՝ պայմանավորված նրա հրաշալի տան շինարարության բանվորների քանակով, աշխատանքների զարմանալի արագությամբ և ծախսերի շռայլությամբ։ Գալով այդտեղ՝ Հոուն ծանոթանում է Մաքինթայրների ընտանիքին։ Մաքինթայր Ավագը զինագործական հաջող գործարանատեր էր, բայց սնանկացել էր, և ոգելից խմիչքը չարաշահելու հետևանքում գիտակցությունը մթագնել էր։

Կրտսեր Մաքինթայրների և պարոն Սփերլինգի միջոցով Ռաֆլզ Հոուն փորձում է օգնել Թեմֆիլդի բնակիչներին։ Նա ֆինանսական օգնությամբ փրկում է շատ ընտանիքներ և ձեռնարկություններ։ Նա անհավատալի հարուստ է։ Պարզվում է, նա գտել է վիսմուտը ոսկի դարձնելու եղանակը։ Ռաֆլզը լի է գաղափարներով. Կովկասում և Ֆինլանդիայում նավաշինարարական գործարաններ կառուցելու համարձակ ծրագրեր է մշակում և մտադիր է զգալի գումար տրամադրել Մեծ Բրիտանիայի ազգային պարտքը փակելու համար։ Բայց շուտով Հոուն հիասթափվում է, քանի որ նրա բարեգործությունը վերջին հաշվով ոչ ոքի օգուտ չի տալիս։ Մարդկանց մեծամասնությունը դառնում է պորտաբույծ՝ իմանալով, որ միշտ կարելի է ակնալել իրենց տիրոջ ողորմածությունը։ Ցավալի փոփոխություն է տեղի ունենում նաև Մաքինթայրների հետ. Ռոբերտը թողնում է նկարչությունը՝ ավելի շատ ժամանակ անցկացնելով իր նոր ծանոթի հետ, հորն էլ հանգիստ չի տալիս իր բիզնեսը վերականգնելու համար Հոուից գումար ստանալու կպչուն միտքը։

Ռաֆլզ Հոուն հրապուրված է Լաուրա Մաքինթայրով, որը թաքցնում է նրանից ծովային սպա Հեկտոր Սպերլինգի հետ իր նշանված լինելը։ Մի անգամ ընկճվածության պահին նա դիմում է Լաուրային՝ մի մարդու, որին համարում էր ազնիվ, փողով չհետաքրքրված մարդ։ Նրանց խոսակցության պահին անսպասելի մտնում է Հեկտորը. նավի խափանման պատճառով նրա ուղևորությունը ժամանակից շուտ էր ավարտվել։ Հոուն իմանում է, որ Լաուրան ու եղբայրը խաբել են իրեն, և Լաուրան նշանված է։ Ռաֆլզը դառնում է նշանվածների մասնակցությամբ տհաճ տեսարանի ականատեսը և սարսափելի վշտանում։ Հոգեպես ընկճվելով՝ միլիոնատերը փակվում է իր լաբորատորիայում՝ վնասելով սարքավորումները և հսկայական կարողությունը։ Ավելի ուշ նրան գտնում են մահացած. նրա հայտնագործությունը անհնար է վերականգնել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Пирсон Х. Конан Дойл. Его жизнь и творчество. — М.: Книга, 1989. — С. 280-290.
  2. Татьяна Рудишина. «Идеи и вдохновение для будущего года». Обзор литературных и памятных дат на 2003/2004 учебный год в помощь планированию работы детских и школьных библиотек. Журнал «Библиотека в школе». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 13-ին.

Գրականություն խմբագրել

Հղում խմբագրել