Ռաֆիկ Վահագնի Կրպեյան (մայիսի 13, 1996(1996-05-13), Թաթուլ, Արագածոտնի մարզ, Հայաստան), Արցախի Պաշտպանության Բանակի զինծառայող, Պաշտպանության բանակի սերժանտ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, քառօրյա պատերազմի մասնակից։

Ռաֆիկ Կրպեյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 13, 1996(1996-05-13) (27 տարեկան)
ԾննդավայրԹաթուլ, Արագածոտնի մարզ, Հայաստան

Կենսագրություն խմբագրել

Ռաֆիկ Կրպեյանը ծնվել է 1996 թվականի մայիսի 13-ին Արագածոտն մարզի Թաթուլ գյուղում Վահագն և Լիանա Կրպեյանների ընտանիքում[1]։ Ռաֆիկը հաճախել է Թաթուլի միջնակարգ դպրոց, ապա 2009-2013 թվականներին ուսումը շարունակել է Թալինի ավագ դպրոցի հումանիտար հոսքում։ Դպրոցական տարիներին Ռաֆիկը հաճախել է ըմբշամարտի, մասնակցել մրցումների Հայաստանի տարածքում և շահել մրցանակային տեղեր։

Ռաֆիկ Կրպեյանը 2013 թվականին ընդունվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, որտեղ ստանում էր փրկարարի մասնագիտություն։ Առաջին կուրսն ավարտելուց հետո նա մեկնել է զինվորական ծառայության։

Զինվորական ծառայություն խմբագրել

Ռաֆիկ Կրպեյանը պարտադիր զինվորական ծառայության է մեկնել 2014 թվականի հունիսի 23-ին։ Սկզբում ծառայության է անցել Արմավիրի ուսումնական զորամասում, իսկ որոշ ժամանակ հետո կրտսեր սերժանտի զինվորական կոչումով տեղափոխվել է Մարտակերտի շրջանի Սրխավենդի զորամաս՝ որպես տանկի հրամանատար։

2015 թվականի մայիսին Ռաֆիկը ստացել է սերժանտի զինվորական աստիճան։

Սերժանտ Կրպեյանը զինվորական ծառայությունն իրականացրել է որպես հայրենիքի օրինակելի զինվոր՝ զորամասի հրամանատարության կողմից արժանանալով շնորհակալագրերի։

Քառօրյա պատերազմ խմբագրել

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակումներ են կատարում։

Ապրիլի 2-ին զորամասում պատրաստվել են շարային ստուգատեսի, երբ հրամանատարի կողմից ստացել են մարտական հրաման՝ «տագնապով բարձրանալ մարտական դիրքեր»։ Պետոյի անվան 77-րդ մոտոհրաձգային գումարտակով սկզբից մեկնել են Դրմբոն նստեցման շրջան, ապա մարտական առաջադրանքով մեկնել Թալիշ ու մասնակցել գյուղում ընթացող ռազմական գործողություններին[2]։

Ապրիլի 3-ին իրենց գումարտակով ետ են գնում ու, թշնամու գրաված դիրքերը ետ վերցնելով, առաջ են շարժվում մինչև վերջին դիրքը՝ 162-րդը։ Դիրքից դիրք անցնելիս նկատում են հակառակորդի տանկը։ Կապի բացակայության պատճառով "770" տանկի հրամանատար սերժանտ Ռաֆիկ Կրպեյանը կարողանում է ճիշտ կողմնորոշվել, իր անձնակազմի հետ տանկը գործի գցելով, առաջ է գնում և ճիշտ նշանառությամբ խոցում այն[3]։

Ապրիլի 4-ին ադրբեջանական կողմը ականանետներով ու հրանոթներով շարունակել է արկակոծել հայկական զինված ուժերի առաջնային դիրքերը։ Ռաֆիկ Կրպեյանը այստեղ ևս կարողանում է խոցել հակառակորդի երկու զրահատեխնիկա՝ նպաստելով հակառակորդի լայնածավալ գրոհի կասեցմանը[4]։

Հաստատված հրադադարից հետո Ռաֆիկը շարունակում է իր ծառայությունը մարտական դիրքերում մինչև հունիսի վերջ, որից հետո էլ զորացրվում է։

Պարգևներ խմբագրել

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի 2016 թ. սեպտեմբերի 7-ի հրամանագրով սերժանտ Ռաֆիկ Վահագնի Կրպեյանը ցուցաբերած բացառիկ խիզախության, անձնուրաց քաջության և անմնացորդ նվիրումի համար պարգևատրվում է Հայաստանի «Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով[5]։

Կյանքը Քառօրյայից հետո խմբագրել

Բանակից զորացրվելուց հետո Ռաֆիկ Կրպեյանը շարունակում է ուսումն անվճար համակարգում, ստանում փրկարարի մասնագիտություն և հմտանում համակարգչային ծրագրավորման դասընթացի մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մահացել է Ռաֆիկ Կրպեյանի հայրը՝ Վահագ Կրպեյանը».
  2. ««Տանկիստը երեք րոպեի կյանք ունի». տանկիստ Ռաֆիկ Կրպեյան».
  3. «ՀՀ զինված ուժերում նշում են Տանկիստի օրը. ապրիլյան պատերազմի հերոս Ռաֆիկ Կրպեյանի նվիրումի պատմությունը».
  4. «Մեր սահմաններն ամուր են՝ իմ ընկերներն են պաշտպանում. Տանկիստ Ռաֆիկ Կրպեյան».
  5. «Ռ. Վ. ԿՐՊԵՅԱՆԻՆ «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ».