Ջինիշյան հիշատակի հիմնադրամ

Ջինիշյան հիշատակի հիմնադրամը (Ջինիշյան հիշատակի ծրագիր[1]), բարեգործական կազմակերպություն է։

Ջինիշյան հիշատակի հիմնադրամ
Տեսակհիմնադրամ
Երկիր ԱՄՆ
Հիմնադրվածմայիսի 7, 1966
ՀիմնադիրՎարդան Ջինիշյան
Կայքjinishian.org(անգլ.)

Պատմություն խմբագրել

«Ջինիշյան հիշատակի ծրագիր» (ՋՀԾ) կազմակերպությունը հիմնվել է 1966 թվականի մայիսի 7-ին, ԱՄՆ-ում՝ Վարդան Ջինիշյանի կողմից, ի հիշատակ իր ծնողների՝ վերապատվելի տեր և տիկին Հարություն և Կատրին Ջինիշյանների։ 1966 թվականից սկսած ՋՀԾ-ի ծառայություններն ուղղված են Լիբանանի, Սիրիայի, Իրանի, Իրաքի, Երուսաղեմի, Թուրքիայի և հակամարտությունների ու անկայունության շրջաններում գտնվող այլ երկրների կարիքավոր հայերին։ ՋՀԾ-ն օգնում է բնակարանի, սննդի, հագուստի և բժշկական խնամքի կարիք ունեցողներին։

1993 թվականի սեպտեմբերին ՋՀԾ-ն գործունեություն է ծավալել նաև Հայաստանում «Ջինիշյան հիշատակի հիմնադրամ» (ՋՀՀ) անվանումով։ Հայաստանում ՋՀՀ-ն ունի խորհրդատվական մարմին, որի անդամներն են Հայ առաքելական, Հայ ավետարանական, Հայ կաթողիկե եկեղեցիների ներկայացուցիչները։

Առաքելություն խմբագրել

ՋՀՀ առաքելությունն է օգնության, զարգացման և հոգևոր վերելքի ծրագրերի միջոցով սատարել ծանր պայմաններում գտնվող մեր հայրենակիցներին՝ դուրս գալու չքավորությունից և հաղթահարելու հուսահատությունը։

Նպատակներ խմբագրել

ՋՀՀ-ի գլխավոր նպատակն է օժանդակել Հայաստանում սոցիալական և տնտեսական խնդիրներին ուղղված տևական լուծումներ առաջարկող միջոցառումներին։ Հիմնադրամը ոգեշնչում է մարդկանց օգտագործել իրենց իսկ ներուժը՝ բարելավելու կենսապայմանները և խթանելու համայնքի զարգացումը։

Հիմնադրամը Հայաստանում գործունեություն է ծավալում հիմնականում 6 ուղղություններով՝

  • համայնքների զարգացում
  • առողջապահություն
  • գործարարության զարգացում
  • օգնություն
  • հոգևոր վերելք
  • բնակարանաշինություն

Աշխատանքն իրականացնում է երեք մոտեցումներով՝

  • ա. կազմակերպություններին և համայնքներին տրվող դրամաշնորհներ
  • բ. համագործակցություն այլ կազմակերպությունների հետ
  • գ. ՋՀՀ-ի կողմից իրականացվող ինքնուրույն ծրագրեր

1993-2002 թթ. ՋՀՀ-ն Հայաստանում իրականացրել է 430 ծրագիր, այդ թվում համայնքների զարգացման 205, առողջապահության՝ 57, օգնության 65, հոգևոր վերելքի 37, գործարարության զարգացման 66 և բնակարանաշինության 10 ծրագիր։ Այդ ծրագրերից հիշատակելի են հանրային առողջապահության ուսուցումը («Մինչև մեկ տարեկան երեխայի խնամքը» գիրքը հրատարակվել է ՋՀՀ-ի առողջապահության ծրագրերի շրջանակում), համայնքների զարգացման ծրագիրը («Փախստականների հարցերով նորվեգական խորհրդի» համագործակցությամբ ՋՀՀ-ն ֆինանսավորել է Բյուրեղավան քաղաքի փախստականների համար խորհրդի կողմից կառուցված 47 բնակելի տների խմերու ջրի համակարգերի աշխատանքները), նորածին ունեցող ընտանիքներին օժանդակելու ծրագիրը (2001 թվականից սկսած ՋՀՀ-ն Երևանի 5 ծննդատների միջոցով նորածնի փաթեթներ է բաշխում 3-րդ, 4-րդ երեխան ունեցող րնտանիքներին)։ «Հոգևոր վերելքի» ծրագրով ՋՀՀ-ն Սուրբ Ծննդյան նվերներ է բաժանում մանկատներին և հատուկ գիշերօթիկ դպրոցներին։ 2002 թվականին 1500 երեխա ստացել է Սուրբ Ծննդյան նվերներ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ջինիշյան հիշատակի ծրագիր
  2. Հայ սփյուռք հանրագիտարան, Երևան, 2003.

Արտաքին հղումներ խմբագրել