Ջերմաքարշ
Ջերմաքարշ, լոկոմոտիվի տեսակ, որում առաջնային շարժիչը ներքին այրման շարժիչն է։ Հիմնական տարրերն են․ շարժիչը, ուժային փոխանցումը, անձնակազմի հատվածամասը, օժանդակ սարքավորումը։ Շարժիչներից էներգիան էլեկտրական, հիդրոմեխանիկական և մեխանիկական փոխանցմամբ հաղորդվում է անձնակազմի հատվածամասի անվազույգերին։ Ջերմաքարշերում տեղակայվում են երկտակտ և քառատակտ շարժիչներ։ Լինում են մարդատար և ապրանքատար։ Ջերմաքարշի նախատիպերն են ավտոդրեզինան և մոտորաքարշը (600 ձ. ու-ից պակաս հզորությամբ)։ ՍՍՀՄ-ում առաջին ջերմաքարշը ստեղծվել է 1924-ին։ Տարածված են գլխավորապես էլեկտրական փոխանցմամբ ջերմաքարշերը (էլեկտրական ջերմաքարշեր)։ Հզորությունը 300-ից (մանևրային) մինչև 4000 կվտ է, ՕԳԳ-ն՝ մոտ 30%, արագությունը՝ 120—160 կմ/ժ և ավելի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |