Ջերմաչափություն, կիրառական ֆիզիկայի բաժին, որը զբաղվում է ջերմաստիճանի չափման մեթոդների ու միջոցների մշակման հարցերով։ Ջերմաչափությունը նաև չափագիտության բաժին է, որի խնդիրներից են ջերմաստիճանային չափումների միասնականության ու ճշգրտության ապահովումը, ջերմաստիճանային ցուցնակների և էտալոնների ստեղծումը, ջերմաստիճանի չափման սարքերի աստիճանավորման ու ստուգման մեթոդների մշակումը։ Ջերմաստիճանը հնարավոր չէ անմիջականորեն չափել։ Նրա փոփոխությունն արտահայտվում է մարմինների ֆիզիկական այն հատկությունների (ծավալ, ճնշում, էլեկտրական դիմադրություն, էլեկտրաշարժ ուժ, ճառագայթման ինտենսիվություն և այլն) փոփոխությամբ, որոնք ջերմաստիճանի հետ կապված են որոշակի օրինաչափություններով։ Ուստի ջերմաստիճանի չափման մեթոդներն ըստ էության հանգում են թվարկված ջերմաչափական հատկությունների չափման մեթոդներին։ Կոնկրետ մեթոդի կամ սարքի մշակման ժամանակ անհրաժեշտ է ընտրել ջերմաչափական այնպիսի նյութ, որի համապատասխան հատկությունը լավ վերարտադրվում է և նկատելիորեն փոփոխվում ջերմաստիճանի հետ։ Ջերմաստիճանի չափման համար (ցանկացած մեթոդի դեպքում) անհրաժեշտ է ընտրել նաև ջերմաստիճանային ցուցնակ։

38,7 °C ջերմություն ցույց տվող բժշկական ջերմաչափ

Ջերմաչափության մեթոդներ

խմբագրել

Ջերմաստիճանի չափման մեթոդները բազմազան են․ դրանք կախված են օգտագործվող սարքերի՝ ջերմաչափերի և պիրոմետրերի գործողության սկզբունքից, չափվող ջերմաստիճանների տիրույթից, չափումների պայմաններից ու պահանջվող ճշգրտությունից։ Այդ մեթոդները կարելի է բաժանել երկու հիմնական խմբի, կոնտակտային մեթոդներ (դա հենց բուն ջերմաչափությունն է) և անկոնտակտ մեթոդներ (ճառագայթման ջերմաչափություն կամ պիրոմետրիա)։

Կոնտակտային մեթոդներ

խմբագրել

Չափման կոնտակտային մեթոդների համար ընդհանուրն ու էականը այն է, որ միջավայրի ջերմաստիճանը չափող յուրաքանչյուր սարք պետք է ջերմային հավասարակշռության մեջ գտնվի միջավայրի հետ, այսինքն՝ ունենա վերջինիս ջերմաստիճանը։ Ջերմաստիճանի չափման սարքերի հիմնական հանգույցներն են՝ զգայուն տարրը, որը դրսևորում է ջերմաչափական հատկությունը և վերջինիս թվային արժեքները որոշող չափիչ սարքը։ Չափիչ սարքերը՝ մանոմետրերը, պոտենցիոմետրերը, չափիչ կամրջակները, միլիվոլտմետրերը են, կոչվում են երկրորդային սարքեր։ Ջերմաստիճանի չափման ճշգրտությունը կախված է երկրորդային սարքերի ճշգրտությունից։ Տեխնիկական կիրառության ջերմաչափերը սովորաբար առանձին-առանձին չեն աստիճանավորվում, այլ դրանց կցվում են համապատասխան երկրորդային սարքեր, որոնց ցուցնակներն աստիճանավորվում են հենց°C-ով։

Անկոնտակտ մեթոդներ

խմբագրել

Ցածր և գերցածր ջերմաստիճանային տիրույթներում, չաւիման սովորական մեթոդներից բացի, կիրառում են նաև յուրահատուկ մեթոդներ, դրանցից են մագնիսական ջերմաչափությունը, ϒ-ճառագայթման անիզոտրոպության և Մյոսբաուերի էֆեկտի ջերմաստիճանային կախման վրա հիմնված մեթոդները և այլն։ Գերցածր ջերմաստիճանների տիրույթում ջերմաչափության հիմնական դժվարությունը միջավայրի և ջերմաչափի միջև ջերմային կոնտակտի ստեղծումն է։ Ջերմաստիճանային չափումների միասնականությունն ու ճշգրտությունն ապահովում է ջերմաստիճանի միավորի՝ կևինի պետական էտալոնը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։