Ջերմաբուժություն
Ջերմաբուժություն, թերմոթերապիա, ջերմային պրոցեդուրների կիրառումը բուժիչ նպատակներով։
Տեսակներ
խմբագրելՏարբերում են՝
- տեղային ջերմաբուժության (ջեռակներ, տաքացնող կոմպրեսներ),
- ընդհանուր (ցեխային, ավազային, ջերմալուսային լոգանքներ)։
Տնային պայմաններում կիրառում են ջրային և էլեկտրական ջեռակներ, տաքացնող կոմպրեսներ, տաքացրած ավազ են, բուժհիմնարկներում ջերմաբուժությունը իրականացնում են Սինինի շիկացման լամպով, ինֆրակարմիր ճառագայթներով ցեխերով, պարաֆինով, օզոկերիտով և էլեկտրական հոսանքով։
Ազդեցության մեխանիզմ
խմբագրելՋերմաբուժության ազդեցության մեխանիզմը բավականին բարդ է, այն առաջանում է տեղային (օջախային) և ընդհանուր ռեակցիաներից։ Առաջինները դրսևորվում են արյան ու ավիշի շրջանառության և նյարդասնուցողական պրոցեսների լավացմամբ, որով էլ պայմանավորված են ջերմաբուժության հակաբորբոքային, ցավազրկող և ներծծող արդյունքները։
Ընդհանուր ռեակցիաները պայմանավորված են օրգանիզմի ինքնակարգավորումն ապահովող նյարդային, սիրտ-անոթային, ներզատիչ, իմունոկոմպետենտ և այլ համակարգերի վրա ռեֆլեքսային-հումորալ ազդեցությամբ։ Օպտիմալ ռեակցիան առաջանում է այն դեպքերում, երբ օրգանիզմի վրա չկա ջերմային ծանրաբեռնվածություն և հյուսվածքների գերտաքացման պրոցեսի հետևանքները չեն գերազանցում ջերմությունից առաջացած փոփոխություններին (բջջային, ենթաբջջային և մոլեկույային մակարդակներում)։
Կիրառում
խմբագրելՋերմաբուժությունը կիրառում են հենաշարժական ապարատի, ծայրամասային նյարդային համակարգի, ականջի, կոկորդի և քթի, միզասեռական օրգանների որոշ հիվանդությունների, վնասվածքների, որովայնի խոռոչի և փոքր կոնքի կպումային պրոցեսների ժամանակ։ Հակացուցված է ուռուցքների, տուբերկուլոզի ակտիվ ձևերի, արյան, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, արյան շրջանառության ապակոմպենսացման, սուր բորբոքային պրոցեսների և այլ դեպքերում։
Արտաքին հղումներ
խմբագրել- Termoterapia superficial(չաշխատող հղում)
- Cameron, Michelle H. Agents fisicos en rehabilitacion, de la investigacion a la pratica. Es, Elsevier - Saunders, 2009 Disponível no Google Livros Jan. 2011
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |