Վերին կոպի պտոզ, բլեֆարոպտոզ (հուն․՝ πτῶσις, անկում, իջեցում), մեկ կամ երկու վերին կոպերի մասնակի կամ լրիվ իջեցումն է։ Ստորին կոպի իջեցումը կամ թուլությունը կոչվում է էկտրոպիոն կամ ստորին կոպի արտաշրջում։ Երեխաների մոտ պտոզը կարող է պատճառ հանդիսանալ ամբլիոպիայի (տեսողության վատացում, որը պայմանավորված չէ որևէ կառուցվածքային փոփոխություններով, այլ միայն ֆունկցիոնալ խանգարումների հետևանք է և չի ուղղվում ակնոցների կամ ոսպնյակների օգնությամբ) զարգացման համար։

Պտոզ
Աջ աչքի վերին կոպի ոչ լրիվ իջեցում (պտոզ)
Տեսակկլինիկական նշան, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտություննյարդաբանություն և ակնաբանություն
 Ptosis (eyelid) Վիքիպահեստում

Պատճառներ

խմբագրել

Պտոզն ախտանիշ է և կարող առաջանալ տարբեր պատճառներից, տարբեր հիվանդությունների ժամանակ․

  1. Բնածին պտոզ․ բնածին պտոզն առաջանում է վերին կոպը բարձրացնելու համար պատասխանատու մկանների թուլության կամ ոչ նորմալ զարգացման հետևանքով։ Այն սովորաբար ժառանգական է և միակողմանի։ Վերին կոպի հեմանգիոման նույնպես կարող է բնածին պտոզի պատճառ հանդիսանալ։ Ստորին ծնոտի շարժման և թարթելու (ծամելու-թարթելու) համախտանիշի (Մարկուս-Գանի համախտանիշ, անգլ.՝ Marcus Gunn) դեպքում ևս դիտվում է բնածին պտոզ։
  2. Վնասվածքային պտոզ․ կոպը բարձրացնող մկանի կամ նրա ջլի վնասումը, որն առաջացնում է կոպի իջեցում։
  3. Լուծանքային (պարալիտիկ) պտոզ․ Կոպը բարձրացնող մկանը նյարդավորող նյարդի վնասվածքի դեպքում (ակնաշարժ նյարդ) նույնպես առաջանում է պտոզ։ Քանի որ այս նյարդը նյարդավորում է նաև ակնագունդը շարժող մկանները, այս դեպքում դիտվում է նաև պարալիտիկ շլություն։
  4. Սիմպաթիկ պտոզ․ Պարանոցային սիմպաթիկ հանգույցի վնասման դեպքում ևս դիտվում է պտոզ, որը լինում է չափավոր արտահայտված, քանի որ մկանի նյարդավորումն ամբողջությամբ չի բացակայում։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պտոզ (վերին կոպ)» հոդվածին։