Շոթա Ռուսթավելի (վրաց.՝ შოთა რუსთაველი) (1172-1216), «Ոսկեդարի» վրացի քաղաքական գործիչ և բանաստեղծ։ Հայտնի «Ընձենավորը» (վրաց.՝ ვეფხისტყაოსანი, վէփխիստղաոսիանի) էպոսի հեղինակն է։

Շոթա Ռուսթավելու անունը վկայված է 17-րդ դարի գրավոր աղբյուրներում։ Էպոսի տողերում հեղինակը նշել է իր անունը: Հեղինակի ազգանունը ցույց է տալիս ծննդավայրը (Մեսխեթի Ռուսթավ գյուղ): Կրթությունը ստացել է Գելաթի և Իկալտոյի ակադեմիաներում, ապա «հունաց երկրում» (Բյուզանդիա):

Զարգացած միջնադարում միացյալ Վրացական թագավորությունը զորեղանում է: Նրա գերիշխանության տակ են անցնում հարևան ու հեռավոր բազմաթիվ երկրներ: Պայմաններ են ստեղծվում վրացական մշակույթի բարգավաճման համար: Թբիլիսիի արքունիքը ջանք ու միջոցներ չի խնայում արվեստների ու գրականության զարգացման համար: Թամար թագուհին (1184-1213) Շոթա Ռուսթավելուն հանձնում է արքունի գանձապահի պաշտոնը:

Ուշ միջնադարի վրացի հեղինակները տեղեկություններ են տալիս Ռուսթավելու կենսագրության մասին: Կյանքի վերջին տարիները բանաստեղծն անցկացրել է Երուսաղեմի նախկին վրացական Սուրբ Խաչ վանքում, որտեղ էլ գտնվել է նրա որմնանկարը: Այն հեղինակել է վրացի ուխտավոր Տիմոթեոս Գաբաշվիլին 1757/58 թվականներին: Երուսաղեմում գտնված տեղեկությունների համաձայն Շոթա Ռուսթավելին նշվում է որպես բարերար, ինչը հաստատում է Թամար թագուհու պալատում իր ունեցած բարձր դիրքի մասին:

Այսօր Շոթա Ռուսթավելու անունով Թբիլիսիում գործում է Պետական ակադեմիական թատրոն (1887 թվականից), կա պետական մրցանակ (1965 թվականից), նրա անունն է կրում Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Գրականության ինստիտուտը: (շարունակել․․․)