Սիրիա (արաբ․՝ سوريا‎‎ կամ سورية‎՝ Սուրիա), պաշտոնապես՝ Սիրիայի Արաբական Հանրապետություն (արաբ․՝ الجمهورية العربية السورية‎‎ ալ-Ջումհուրյյիա ալ-Արաբիյյա աս-Սուրիա), պետություն Առաջավոր Ասիայում՝ Արաբական Արևելքում։ Արևմուտքում սահմանակից է Լիբանանին ու Միջերկրական ծովին, հարավում՝ Իսրայելին ու Հորդանանին, արևելքում՝ Իրաքին և հյուսիսում՝ Թուրքիային։ Կիպրոս կղզին գտնվում է Սիրիական ափից 125 կիլոմետր հեռավորության վրա։ Սիրիայի տարածքը շուրջ 185 000 քառ. կմ է և Հայաստանին գերազանցում է ավելի քան 6 անգամ։