Պոչուկային գեղձ, թռչունների մեծ մասի խոշոր, սովորաբար երկբիլ մաշկային գեղձ։ Տեղադրված է պոչի հիմքում՝ մեջքային կողմից։

Ուժեղ զարգացած է ջրային թռչունների, հատկապես թիոտանիների, խողովակաքթայինների և ջրարծիվի մոտ։ Գեղձի ճարպային արտադրուկը թռչունը կտուցով տարածում է փետուրների վրա, և դրանք պահպանում են իրենց դասավորությունն ու չեն թրջվում։ Որոշ թռչունների, օրինակ՝ մուսկուսային բադերի, թխսող փայտփորների և ձագերի պոչուկային գեղձի արտադրուկն ունի խիստ տհաճ հոտ, որը նրանց պաշտպանում է գիշատիչների հարձակումից։

Թռչունների առանձին տեսակների, օրինակ՝ հավերի, բադերի փետուրներին քսված արտադրուկը պարունակում է պրովիտամին D՝ էրգոստերին, որը թռչունը կլանում է փետուրները կտուցով շտկելիս։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 379