Խաչիկ Պողոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Խաչիկ Պողոսյան (1875/1876, Կերմիր, Կեսարիայի գավառ, Անկարայի նահանգ- 1955, Հալեպ), հայ հոգեբույժ, Ազգային կենտրոնական վարչության Քաղաքական ժողովի անդամ, հասարակական և կուսակցական գործիչ։
Ծնվել է | 1875/1876 |
---|---|
Ծննդավայր | Կերմիր, Կեսարիայի գավառ, Անկարայի նահանգ |
Մահացել է | 1955 |
Մահվան վայր | Հալեպ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական համալսարան, Լոզանի համալսարան |
Մասնագիտություն | հոգեբույժ |
Աշխատավայր | Լոզանի Սըրիի հոգեբուժական կլինիկական հիվանդանոց, Կ. Պոլսի սբ. Փրկիչ ազգային հիվանդանոց, Ազգային Վերժին Կյուլպենկյան մայրանոց |
Պաշտոն | հոգեբուժական բաժանմունքի վարիչ, բժշկապետ, Բերիո թեմի Քաղաքական ժողովի ատենապետ, «Եփրատ» պաշտոնաթերթի տնօրեն |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1875/1876 թվականին Անկարայի նահանգի Կեսարիայի գավառի Կերմիր գյուղում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1895-1896 թվականներին սովորել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական համալսարանում, բայց ուսումը կիսատ է թողել։ 1896-1901 թվականներին սովորել է Շվեյցարիայի Լոզան քաղաքի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ 1899-1900 թվականներին, լինելով բարձրագույն կարգի ուսանող, մրցույթով անցնելով, որպես ինտերն ընդունվել է Լոզանի Սըրիի հոգեբուժական կլինիկական հիվանդանոցը և, 6 ամիս մասնագիտանալով հոգեկան հիվանդությունների գծով՝ պրոֆեսոր Մահմեի երաշխավորությամբ հոգեբույժի վկայական է ստացել։ 1900-1902 թվականներին նույն հիվանդանոցում օգնական-հոգեբույժ է աշխատել։ 1902 թվականին, հրաժարվելով պաշտոնից, մի քանի ամիս գիտական ճամփորդություն է կատարել Գերմանիայում և Ֆրանսիայում։ Եղել է Շվեյցարիայի և Փարիզի հոգեբուժական ընկերությունների անդամ։
1902 թվականին Խ. Պողոսյանը վերադարձել է Կ. Պոլիս, որտեղ իր ազգայնական հայացքների պատճառով ենթարկվել է հալածանքի, ձերբակալվել և աքսորվել իր ծննդավայր Կեսարիա։ Այնուհետև հաջողել է կրկին վերադառնալ Կ. Պոլիս։ 1902-1906 թվականներին Կ. Պոլսի սբ. Փրկիչ ազգային հիվանդանոցում օգնական-հոգեբույժ է աշխատել։ 1906-15 թվականներին նույն հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքի հոգեբույժ, ապա՝ բաժանմունքի վարիչ է աշխատել։ Այդ բաժանմունքում տարեկան բուժվել է հոգեկան հիվանդություններով տառապող շուրջ 200 տղամարդ և 100 կին։ Որոշ ժամանակ վարել է նաև հիվանդանոցի բժշկապետի պաշտոնը։
1908 թվականին, երբ հիմնվել է հետագայում Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) առանցքային ուժերից մեկը դարձած Հայ սահմանադրական ռամկավար կուսակցությունը (ՀՍՌԿ), անդամակցել է դրան։ 1910 թվականին Գաղատիայից ընտրվել է Կ. Պոլսի Ազգային կենտրոնական վարչության Քաղաքական ժողովի անդամ (այսինքն՝ ազգային երեսփոխան), վերընտրվել՝ 1913 թվականին։ 1910 թվականին Կ. Պոլսի Գաղատիա թաղամասի Կեդրոնական վարժարանի խնամակալության անդամ է նշանակվել։
1915 թվականի ապրիլի 11 (24) ին, ի թիվս բազմաթիվ հայ մտավորականների, ձերբակալվել և բանտարկվել է Կ. Պոլսի կենտրոնական բանտում։ Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից մեկի վրա։ 1915 թվականի ապրիլի 12-ին, ի թիվս բազմաթիվ հայ մտավորականների, որպես ձերբակալվածներ, գնացքով տեղափոխվել են Այաշ ավանի ծայրամասի բլրի վրա գտնվող Սարըկըշլա հին զորանոց-բանտը։ Մի քանի ամիս անց ազատվել է բանտից և տանջանքներով անցնելով Այաշ-Անկարա-Հալեպ ճանապարհը, վերադարձել է Կ. Պոլիս։ Կ. Պոլսում եղել է Կոմիտասի հոգեկան առողջությամբ զբաղվող առաջին հոգեբույժը։ 1915 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայել։ 1918 թվականի զինադադարից հետո զորացրվել է բանակից և Կ. Պոլիս վերադարձել։ Հավանաբար 1923 թվականին տեղափոխվել է Սիրիա, բնակություն հաստատել Հալեպ քաղաքում և հոգեբույժ աշխատել։ 1925 թվականին մի խումբ ազգայնականների հետ հիմնել է Հալեպի Հայ Կարմիր խաչը։ 1935-55 թվականներին եղել է Հալեպում 1935 թ. հիմնադրված Ազգային Վերժին Կյուլպենկյան մայրանոցի (ծննդատան) խնամակալության ատենապետն ու պատվավոր նախագահը։ Եղել է շատ ճանաչված ազգային գործիչ, եռանդուն ու նվիրված կուսակցական, հարգված անձնավորություն, Հյուսիսային Սիրիայի ՌԱԿ ակումբների ղեկավարը, ՌԱԿ պաշտոնաթերթ «Եփրատ»-ի (Հալեպ) արտոնատերն ու տնօրենը, Բերիո (Հալեպի) թեմի Քաղաքական ժողովի ատենապետը։ Թերթերում և տարեցույցներում տպագրված բժշկական հոդվածների հեղինակ է։
Մահացել է 1955 թվականի ապրիլին Հալեպում` 80 տարեկանում։
Գրականություն
խմբագրել- Ընդարձակ օրացոյց Ս. Փրկչեան հիւանդանոցի հայոց, Կ. Պոլիս, 1905։
- Պալաքեան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Վիեննա, 1922։
- Ալպօյաճեան Արշակ, Պատմութիւն հայ Կեսարիոյ, Բ. հատոր, Գահիրէ, 1937։
- Ազգային հիւանդանոցի մէջ պաշտօնավարած բժիշկները. Ընդարձակ տարեգիրք Ազգային հիւանդանոցի, Իսթանպուլ, 1939։
- Պալաքյան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Երևան, 1991։
- Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
- Ավագյան Կարինե, Եղեռնահուշ մասունք կամ խոստովանողք և վկայք խաչի, Երևան, 2002։
- Փոլադյան Անդրանիկ Լ., Հերկ եւ բերք, Բեյրութ, «Սիփան» հրատարակչություն, (հրատարակման վայր է նշվել ԱՄՆ, Նյու Ջերսի նահանգ), 2002, 464 էջ։
- Մինասյան Հարություն, 100 հայ հոգեբույժներ, Կենսագրական բառարան, գիրք Բ, Երևան, 2004։
- Ավագեան Կարինէ, «Չանղըրըի 1915 թ. ապրիլի 11, Յիշատակ»… Թանգարանային ցուցանմոյշը, «Հանդէս Ամսօրեայ», 2008, հ. 1-12։
- «Եղեռն էն վեր ապրող հալեպահայ գաղութին երախտաւորը – Տոքթ. Խաչիկ Պօղոսեան (1875-1955)», կազմող՝ Թորոս Թորանեան, խմբագիր՝ Վաչէ Ղազարեան, Նիւ Եորք, 2009։
Աղբյուր
խմբագրելՀարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։