Պոդզոլային հողեր
Պոդզոլային հողեր, թթու հողերի տիպ։ Զարգանում են պոդզոլագոյացման պրոցեսի ընթացքում։ Հիմնականում ձևավորվում են բարեխառն գոտու անտառային շրջաններում, տայգայի ասեղնատերև, սաղարթավոր և խառն անտառներում։ ԽՍՀՄ-ում՝ եվրոպական մասի անտառատափաստանային գոտուց հյուսիս ընկած տարածությունում և Սիբիրի, Յակուտիայի, Հեռավոր Արևելքի շրջաններում։ Պոդզոլագոյացման պրոցեսը ցայտուն է արտահայտված անտառային խիտ բուսածածկի տակ, որտեղ ամեն տարի առաջացած անտառային փռվածքը սնկերի ազդեցությամբ թթու միջավայրում և աերոբ պայմաններում արագ քայքայվում է ու անջատվում է կրենաթթու (օրգանական թթու)։ Սրա մի մասը, միանալով քայքայվող նյութերի հետ, առաջացնում է աղեր, որոնք, լուծվելով ջրում,տարվում են հողի ստորին, իսկ մնացած մասը՝ ներհոսանքի շնորհիվ բարձրանում է վերին շերտերը։ Կրենաթթուն կալցիումի կարբոնատը վերածում է դյուրալույծ կալցիումի կրենատի, որը թափանցում է հողի խորքերը։ Կրենաթթուն քայքայում է կաոլինիտը, անջատում ազատ Si02, որը, մնալով տեղում, վերին շերտերին տալիս է փոշիանման մոխրի՝ պոդզոլի բնույթ։ Ազոտը, օրգանական նյութերը, ինչպես նաև ֆոսֆորական թթուն լվացվում են, տարվում ստորին շերտերը։ Առաջանում է Պոդզոլային հողեր հին հատուկ մոխրագույն, ստրուկտուրայից զուրկ (փոշիացած), օրգանական նյութերով աղքատ, հիմնականում սիլիկատներից ու քվարցի հատիկներից կազմված հորիզոնը։ Որոշ խորության վրա կրենաթթուն, վերածվելով աղերի, չեզոքանում է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 346)։ |