Պոգոֆորներ (Pogonophora, < հուն.՝ πώγων — մորուք և φορός — կրել), մորուքակիրներ, ծովային անողնաշարավոր կենդանիների տիպ։ Ապրում են երկու ծայրը բաց խիտինե պաշտպանիչ խողովակներում։ Մի քանի սմ-ից մինչև 1 մ երկարությամբ մարմինը թելանման է՝ բաղկացած 4 բաժիններից։ Առաջինի վրա տեղավորված են գլուխը և շոշափուկները (1-ից 2000 հատ)։ Երկրորդն օժտված է զույգ կուտիկուլային ողնուցներից կազմված «սանձով», որով պոգոֆորները հենվում են խողովակի ծայրին։ Երրորդ բաժինը երկար է, կրում է խողովակի հետ ամրակցվող պտկիկներ, թիթեղիկներ և սեռական գեղձեր։ Չորրորդի օգնությամբ, որը կարող է դուրս ելնել խողովակից, պոգոֆորները փորում են հողը և ետին ծայրով խրվում նրա մեջ։ Աղիք, բերան և հետանցք չունեն։ Սնվում են մարմնի մակերևույթով, հատկապես շոշափուկներով՝ ներծծելով ջրում լուծված օրգ․ նյութերը։ Մարմնական խոռոչը երկրորդային է։ Արյունատար համակարգն ունի սիրտ։ Նյարդային համակարգը բաղկացած է որովայնային ուղեղից և կենտ ցողունից։ Բաժանասեռ են։

Riftia pachyptila
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոգոնոֆորներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոգոնոֆորներ» հոդվածին։