Նիկոլայ Պարամոնովի առանձնատուն (ռուս.՝ Особняк Парамонова), շենք Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, որը ճարտարապետ Լեոնիդ Էբերգի նախագծով 1914 թվականին կառուցվել է գրահրատարակիչ Նիկոլայ Պարամոնովի համար։ Ներկայում առանձնատանը գործում է Հարավային դաշնային համալսարանի Յ. Ա. Ժդանովի անվան գիտական գրադարանը[1]։ Շենքը կառուցվել է նեոդասականության ոճով և ունի դաշնային նշանակության ճարտարապետության հուշարձանի կարգավիճակ[2]։

Պարամոնովի առանձնատուն
Տեսակշենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով և Պուշկինի փողոց (Դոնի Ռոստով)
Ճարտարապետական ոճնեոդասականություն
Հիմնադրված է1914
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Ռոստովցի անվանի գրահրատարակիչ և բարերար Նիկոլայ Պարամոնովի առանձնատունը կառուցվել է 1914 թվականին։ Շենքի նախագծի հեղինակն էր ճարտարապետ Լեոնիդ Ֆեոդորովիչ Էբերգը։ Այս առանձնատանը Պարամոնովն ապրել է կնոջ՝ Աննա Իգնատևնայի և երեխաների հետ[3]։

1918 թվականի սկզբին շենքը բռնագրավվել է[4], որից հետո այնտեղ տեղակայվել է Ռոստով-Նախիջևանի հեղափոխական կոմիտեն։ 1918 թվականի մայիսին, Ռոստովից բոլշևիկների արտաքսումից հետո, առանձնատանը տեղակայվել է Կամավորական բանակի շտաբը։ Նույն 1918 թվականին շենքում հրդեհ է բռնկվել։ Առանձնատունը վերականգնվել է միայն 1923 թվականին[5]։

Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո առանձնատանը նախ տեղակայվել է շինարարների ակումբը, ապա՝ արյան փոխներարկման ինստիտուտը։ 1930-ական թվականներին այնտեղ տեղակայված էր գավառագիտության մարզային թանգարանը[5]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին շենքն այրվել է, սակայն պատերը և սյունաշարքերը լրջորեն չեն վնասվել։ 1947 թվականին որոշվել է վերակառուցել շենքը։ Շենքի վերականգնման աշխատանքները ղեկավարել է Լ. Ֆ. Էբերգը[5]։ 1952 թվականին վերակառուցման աշխատանքներն ավարտվել են, և շենքը փոխանցվել է Ռոստովի պետական համալսարանի գրադարանին[4]։

XXI դարի սկզբին Պարամոնովի առանձնատունը կրկին հիմնանորոգման կարիք ունեցավ։ Նկուղում սկսել էր կուտակվել խոնավություն, ինչը վնասում էր ինչպես շենքը, այնպես էլ հազվագյուտ գրքերը[4]։ 2005 թվականին վերանորոգվել է ճակատը։ Ամբողջ շենքի վերակառուցումը նախատեսվում էր սկսել 2013 թվականի աշնանը[6]։

Ճարտարապետություն

խմբագրել

Պարամոնովի առանձնատունը կառուցվել է նեոդասականության ոճով։ Սկզբնապես այն հողակտորը, որտեղ կանգնած է առանձնատունը, Պուշկինի փողոցից առանձնացված էր կոփածո ցանցկեն ցանկապատով։ Գլխավոր հյուսիսային ճակատը համաչափ է։ Կենտրոնում հոնիական օրդերի 6-սյունանի նախամուտք է։ Կողային ճակատները զարդարված են որմնասյուների շարքերով[3]։ Դեպի գլխավոր մուտք տանում է չորսմետրանոց երկկողմանի կրկնակի սանդուղքը[7]։ Ցոկոլային հարկը, որը զարդարված է կոպտատաշ քարով, ավարտվում է լայն քիվով։ Հարավային ճակատի արտաքին տեսքը ձևավորում են գեղատեսիլ սյուները, որոնք կանգնած են երկու շարքով (նրանց խոյակները կորսվել են 1940-ական թվականներին)։ Առանձնատան շքադահլիճը հաղորդակցվում է կենտրոնական ատրիումային սրահի հետ, որը լուսավորվում է ապակե լապտերով[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Анастасия Быченкова (2012 թ․ հոկտեմբերի 4). «В центре Ростова реконструируют научную библиотеку ЮФУ». donnews.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 11-ին.
  2. «Объект культурного наследия № 6110006000 // Реестр объектов культурного наследия Викигида». Վերցված է 2018 Նոյեմբեր 16-ին.
  3. 3,0 3,1 3,2 Волошинова Л. Ф. Пушкинская улица. — Ростов-на-Дону: «Донской издательский дом», 2000. — С. 29—32. — (Серия "Судьбы улиц, площадей, зодчих"). — ISBN 5-87688-250-X
  4. 4,0 4,1 4,2 Мария Бондаренко (2005 թ․ մարտի 21). «Раритеты гниют в подвалах». Независимая газета. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 12-ին.
  5. 5,0 5,1 5,2 Есаулов Г. В., Черницына В. А. Архитектурная летопись Ростова-на-Дону. — 2-е. — Ростов-на-Дону, 2002. — С. 159. — ISBN 5-8456-0489-3
  6. Анастасия Быченкова (2012 թ․ հոկտեմբերի 4). «В центре Ростова реконструируют научную библиотеку ЮФУ». donnews.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 12-ին.
  7. Кукушин B. C. 6.2 Русский классицизм // История архитектуры Нижнего Дона и Приазовья. — Ростов-на-Дону: ГинГО, 1995. — 275 с. — ISBN 5-88616-027-2

Արտաքին հղումներ

խմբագրել