Պարաբիոզ (պարա և հունարեն ptog՝ կյանք), հյուսվածքի կայուն, չտատանվող, ալիքաձև չտարածվող, տեղային դրդման հատուկ վիճակ, առաջանում է որոշակի ուժի և տևականության գրգռիչների ազդեցությամբ և բնորոշվում նրա հիմնական հատկությունների՝ դրդելիության ու հաղորդության դարձելի փոփոխություններով։ Ուսումնասիրել և տեսությունը մշակել է Ն․ Վվեդենսկին (1901Գորտի նստանյարդի որևէ հատվածը էլեկտրական հոսանքով կամ ֆիզիկական ու քիմիական տարբեր գործոններով գրգռելիս խախտվում է ուժերի հարաբերության օրենքը, որի համաձայն նյարդին հասցվող թույլ և ոչ հաճախակի գրգիռներին մկանը պատասխանում է թույլ կծկմամբ և հակառակը։ Պարաբիոզը կյանքի և մահվան միջև սահմանային վիճակ է, որի ժամանակ տեղի են ունենում աստիճանաբար զարգացող և փուլային բնույթ ունեցող փոփոխություններ։ 1-ին փուլում թույլ և ուժեղ, ինչպես նաև մեծ և փոքր հաճախականության գրգիռները մկանում առաջացնում են գրեթե նույն կծկումները (հավասարման կամ ռիթմի փոխակերպման փուլ), 2-րդ (հակասական կամ արտասովոր) փոխվում թույլ կամ փոքր հաճախականության գրգիռներն առաջացնում են ավելի ուժեղ կծկում, քան ուժեղ կամ մեծ հաճախականության գրգիռները։ 3-րդ (արգելակման կամ լրիվ Պարաբիոզի) փուլում մկանը առհասարակ ոչ մի գրգռի չի պատասխանում։ Գրգռիչի ազդեցությունը շարունակելիս նյարդը մահանում է։ Պարաբիոզը դարձելի պրոցես է, ուստի գրգռիչի ազդեցության վերացումից հետո նյարդը փուլերի հակառակ հերթականությամբ վերադառնում է նախնական վիճակին։ Պարաբիոզի զարգացումը բնորոշվում է հյուսվածքի ֆունկցիոնալ շարժունակության՝ անընդհատ անկմամբ։ Պարաբիոզի տեսությունը բացահայտել է երկու իրարամերժ նյարդային պրոցեսների՝ դրդման և արգելակման միասնությունը, նրանց միջև եղած դիալեկտիկական կապը։ Պարաբիոզի փուլերը նկատվում են նաև գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևի գործունեության մեջ, երբ դրդման պրոցեսն աստիճանաբար անցնում է արգելակման (օրինակ, արթուն վիճակից քնի անցնելիս)։

Արյունատար և ավշային համակարգերի միջոցով 2 (կամ մի քանի) օրգանիզմների արհեստական միակցման մեթոդ է։ Կիրառվում է նյարդահումորալ կարգավորման, իմունոլոգիական դիմացկունության և ուսումնասիրությունների համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։