Պատմություն Ֆարման Մանկանն

Պատմություն Ֆարման Մանկանն, հայկական միջնադարյան պոեմ, սիրավեպ՝ արևելյան հեքիաթային սյուժեով։ Գրված է միջին հայերենով։ Բաղկացած է 26 գլխից, պարունակում է 1192 տող։ Հեղինակն անհայտ է, ստեղծվել է 13-15-րդ դարերում։ Հնագույն ձեռագրերը մեզ են հասել 15-րդ և 16-րդ դարերից։ Այն հայ միջնադարյան գրականության առաջին լիարժեք պոեմն է։

Պատմություն Ֆարման Մանկանն
Պատկեր:Farman Manouk 1.jpeg
Հեղինականհայտ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրմիջնադարյան պոեմ
Բնօրինակ լեզումիջին հայերեն
Հրատարակման տարեթիվ15-րդ դար

Ստեղծման ժամանակաշրջանը խմբագրել

Եղած տվյալները չեն բավարարում՝ հստակ որոշելու համար պոեմի ստեղծման ստույգ ժամանակը։ Հայկական և արտասահմանյան գրադարաններում եղած ձեռագրերից ամենահինը վերաբերում է 15-րդ դարին։ Պետք է հաշվի առնել, որ աշխարհիկ տաղարաններ ավելի հին շրջաններից մեզ չեն հասել, իսկ 15-16-րդ դարերից մեզ հասել է չորս ձեռագիր։ Այս բոլոր փաստերը համադրելով ուսումնասիրողները եկել են այն եզրահանգմանը, որ «Պատմութիւն Ֆարման Մանկանն» պոեմը պետք է ստեղծված լինի 13-րդ դարից ոչ շուտ և 15-րդ դարից ոչ ուշ։ Այդ եզրակացությունը հաստատում է նաև պոեմն ինքը՝ իր գաղափարական ու գեղարվեստական այն առանձնահատուկ կողմերով, որոնք այնքան բնորոշ են հենց 13-15-րդ դարերի հայ իրականությանն ու մշակույթին։

Պոեմի ծագման խնդիրը խմբագրել

«Պատմութիւն Ֆարման Մանկանն» պոեմը, որպես միջնադարյան հայ աշխարհիկ գրականության թանկագին նմուշ, արժանացել է մի շարք նշանավոր հայագետների ուշադրության կենտրոնում։ Թե՛ օտար, և թե՛ հայ մամուլում տարբեր ուսումնասիրողներ նրա մասին տպագրել են բազմաթիվ հոդվածներ, գրախոսություններ, որոնցում հատկապես բարձրացրել են պոեմի ծագման հարցը։ Որոշ ուսումնասիրողներ կարծիք են հայտնել, թե այն ունի պարսկական ծագում, իսկ շատերի կարծիքով այն ստեղծվել է մաքուր հայկական միջավայրում։ Այդ հարցի շուրջ ընթացել է գրական բանավեճ, որը, սակայն, այդպես էլ հարցին վերջնական պատասխան չի տվել։ Ֆրանսիացի հայագետներ Է. Պրուդոնը, Սեն Մարտենը և Ֆր. Մակլերը կարծում են, որ պոեմն ունի պարսկական ծագում, և իբր թե գոյություն է ունեցել պարսկերեն բնագիր, որից էլ թարգմանվել է հայերեն։ Սակայն այդ տեսակետը, չունենալով լուրջ հիմքեր, իրավացիորեն արժանացել են խիստ առարկությունների։ Օրինակ Արշակ Չոպանյանը նշում է, որ պոեմին պարսկական ծագում վերագրելու համար անհրաժեշտ է մատնանշել պարսկական բնագիրը։ Բանասեր Մ. Պոտուրյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ թեև «Պատմութիւն Ֆարման Մանկանն» պոեմում հանդիպում են բազմաթիվ պարսկերեն բառեր, բայց դա հիմք չէ պնդելու, թե այն պարսկական ծագում ունի, քանի որ հայ միջնադարյան շատ մատենագիրներ, մանավանդ ժողովրդական երգիչներ իրենց ստեղծագործություններում գործածում են ժողովրդախոսակցական լեզվում լայն կիրառություն ունեցած բազմաթիվ թուրքերեն, արաբերեն ու պարսկերեն բառեր՝ հաճախ էլ դրանց կողքին դնելով հայերեն համարժեք բառը։ Իսկ ահա, Մանուկ Աբեղյանը նշում է, որ պոեմն արևելյան ավանդական սյուժե ունենալով հանդերձ՝ արմատական մշակման է ենթարկվել հայ անհայտ հեղինակի կողմից և իր ժողովրդական պարզ լեզվով ու ոճով միջնադարյան հայ գրականության ուշագրավ հուշարձաններից մեկն է։ Եվ իսկապես, սյուժեի արևելյան լինելը բոլորովին չի նշանակում, որ սիրավեպ-պոեմը չէր կարող ստեղծվել հայ բանաստեղծի կողմից։ Չէ՞ որ հանրահայտ «Ընձենավորը» պոեմը ևս ունի արևելյան սյուժե, որի գործող հերոսներից ոչ մեկը վրացի չեն, սակայն 12-13-րդ դարերի վրաց նշանավոր բանաստեղծ Շոթա Ռուսթավելու ստեղծագործությունն է։

Պոեմի՝ պարսկական ծագման դեմ խոսող մեկ հանգամանք ևս կա. նրանում հանդես են գալիս երկու հակադիր և բախվող կողմեր՝ Ասորեստանը և Պարսկաստանը։ Ընդ որում, հաղթող կողմը և գլխավոր հերոսները ասորեստանցիներ են, իսկ պարտվող կողմը Պարսկաստանն է։ Բնական է, որ եթե պոեմի հեղինակը պարսիկ լիներ, կբարձրացներ ու կգովերգեր իր հայրենիքի փառքն ու հզորությունը, ոչ թե կնսեմացներ այն՝ փառաբանելով Ասորեստանը։ Այստեղ կարող է հարց ծագել, թե այդ դեպքում գուցե պոեմն ասորեստանյան ծագում ունի։ Բայց միջնադարում՝ 16-րդ դարում, երբվանից հանդես են գալիս պոեմի ձեռագրերը, վաղուց արդեն Ասորեստանը գոյություն չուներ, այն շուրջ երկու հազարամյակ առաջ էր հեռացել պատմության թատերաբեմից։ Պոեմի գրեթե բոլոր ասորեստանցի հերոսների անուններն ունեն պարսկական ծագում, բայց դա գալիս է հին ավանդույթներից, որոնք գոյություն ունեին միջնադարում և առհասարակ բնորոշ էին հեքիաթներին։ Բացառություն է միայն Զարմանազան թագավորի անունը, որը հավանաբար Սալմանասար անվան աղավաղված հիշողությունն է միայն։

Եվ ամենահիմնավոր առարկությունը՝ պոեմի պարսկական ծագման տեսակետի դեմ. ստեղծագործության պարսկերեն բնագրի ոչ մի հետք չի պահպանվել, մինչդեռ մեզ են հասել 16-19-րդ դարերում ստեղծված ու ընդօրինակված բազմաթիվ ձեռագրեր, որոնք, ըստ իրենց ունեցած տարբերությունների, բաժանվում են մի քանի խմբի։ Տրամաբանական չէ ենթադրել, թե հայկական միջավայրում այդքան տարածված ու ժողովրդականություն վայելող պոեմը թարգմանված լինի պարսկական բնագրից, որի մասին անգամ որևէ հիշատակություն չկա՝ բանավոր կամ գրավոր։

Հեղինակի հարցը խմբագրել

Պոեմի հեղինակի անձի շուրջ ևս երկար ժամանակ բանավեճ է ծավալվել։ Օրինակ, Ն. Անդրիկյանը «Բազմավեպ»-ում տպագրած իր «Ազգային վէպերէն» հոդվածաշարի մեջ պնդում է, որ «Պատմութիւն Ֆարման Մանկանն» պոեմի լեզուն չափազանց նման է Կոստանդին Երզնկացու տաղերի լեզվին ու ոճին և որ ոչ միայն այդ, այլև գաղափարական հարազատություն կա այդ ստեղծագործությունների միջև։ Նրա դիտարկմամբ՝ ստորին հայերենի ոչ մի քերականական ձև, արաբերենից ու պարսկերենից փոխառնված գրեթե ոչ մի բառ չի կարելի գտնել պոեմում, որ չունենա Կոստանդին Երզնկացին։ Եվ Ն. Անդրիկյանը միջնադարյան այս պոեմից մեջբերում է բազմաթիվ տողեր՝ դրանց դիմաց ցույց տալով Երզնկացու տաղերից համապատասխան տողեր, որոնք, իսկապես, շատ նմանություններ ունեն։ Ապա կարծիք է հայտնում, որ եթե Կոստանդին Երզնկացին չէ «Պատմութիւն Ֆարման Մանկանն» պոեմի հեղինակը, ապա նրա հանճարեղ թարգմանիչն է։

Մ. Պոտուրյանը նույնպես նմանություններ է նշմարել պոեմի ու Կոստանդին Երզնկացու տաղերի միջև և այդ մասին հայտնել Արշակ Չոպանյանին՝ 1906 թվականի իր մի նամակում։ Բայց հետագայում նա նման համեմատություններ անելով միջնադարյան այլ բանաստեղծների տաղերի հետ, հրաժարվում է պոեմը Կոստանդին Երզնկացուն վերագրելու իր նախկին ենթադրությունից։ Իսկ ուսումնասիրողներից ոմանք կարիք են հայտնել, թե «Պատմութիւն Ֆարման Մանկանն» պոեմը 16-րդ դարի տաղասաց Հովասափ Սեբաստացունն է, ինչը սակայն ժխտվում է՝ 15-րդ դարից մեզ հասած՝ պոեմի ձեռագրերով։ Այդպիսի վերագրումներ տարբեր հեղինակների էլի են եղել, սակայն նմանություններ ու ընդհանրություններ կարելի է գտնել պոեմի և 13-16-րդ դարերի այլ հայ բանաստեղծների ստեղծագործությունների միջև, ինչը ցույց է տալիս, որ պարզապես ժամանակի լեզուն է այդպիսի առանձնահատկություններով օժտված եղել։ Այդ նմանությունները պարզապես ցույց են տալիս այն փոխազդեցություններն ու ընդհանրությունները, որոնք կարող էին ունենալ միևնույն ժողովրդի նույն ժամանակահատվածի տարբեր գրողների ստեղծագործությունները։

Սյուժեն խմբագրել

Ասորեստանում իշխում է Զարմանազան թագավորը իր թագուհու հետ։ Նրանք արդեն բավականին հասակ են առել, բայց դեռ ժառանգ չունեն, և նրանց օրերն անցնում են տրտմության մեջ։ Մի անգամ արքան երազին տեսնում է մի խոշոր, հզոր ծառ, որի վրա, սակայն, ոչ մի պտուղ չկա։ Հանկարծ ծառի տերևները շարժվում են, ու վերին ճյուղին մի պտուղ է հայտնվում՝ պայծառ գույնով, ինչպես վարդը։ Զարմանազանն ընկնում է մտքերի մեջ, թե ինչ կարող է նշանակել իր երազը, երբ այդ օրերին լուր է տարածվում, թե մի իմաստուն աստղագետ է եկել, որը կարող է շատ հարցերի պատասխանը գտնել։ Թագավորը պալատ է հրավիրում նրան, որը ներկայանում է որպես Եգիպտոսից ժամանած եբրայեցի Մուսե։ Սա թագավորին ավետիս է տալիս, որ օր ծերության զավակ է ունենալու։ Նա լինելու է հզոր և փառավոր թագավոր, բայց նրա համար կանխանշված է որ երկար ժամանակ պետք է անցկացնի պանդխտության մեջ։

Դրանից հետո շուտով թագուհին հղիանում է և մի որդի ունենում, որին անվանում են Ֆարմանի Ասման (նշանակում է Երկնային հրաման կամ պարգև)։ Ցնծությունից Զարմանազան թագավորը Ասորեստանի բոլոր բնակիչներին յոթ տարով ազատում է հարկերից։ Ֆարմանի Ասմանը մեծանում է, դառնում գեղանի մի մանուկ, որը յոթ տարեկանից սովորում է իմաստնության դպրոցում՝ Մուսե գիտնականի մոտ։ Երբ լրանում է տղայի տասներկու տարին, նա որոշում է պատերազմական արվեստը սովորել և դառնում է լավ հեծյալ ու ռազմիկ, քաջ ասպետ ու զորավար։

Մի գիշեր էլ Ֆարմանն է երազ տեսնում, թե ինքը մենամարտում է Թաճի Դավր անունով մի կնոջ հետ և պարտվում նրանից։ Արթնանալով բացում է իմաստնության գիրքը, փնտրում է, թե ինչ էր նշանակում այդ երազը։ Պարզվում է, որ երազը նրան հուշում է գնալ Խորասան։ Ծնողները չնայած շատ են վշտանում, բայց մեծ հանդիսավորությամբ ճանապարհ են դնում Ֆարմանին։ Պատանին իր հետ վերցնում է իր ընկերներից իմաստուն ու խելոք Ֆահմի Նատարին, արագավազ ու ճարտար Փայիփառին, Ապիփատկարին և առյուծասիրտ Շիրինարին։

Հասնելով Խորասան, Ֆարմանն զգետսափոխվում է, ընդունում բժշկի կերպար՝ իր գիտությամբ ու ճարտարությամբ հիացնելով բոլորին։ Նրա համբավը հասնում է Խորասանի մեծ թագավորին, որը Ֆարմանին կանչում է պալատ։ Երբ հանդիպում են, զրուցում, թագավորը իմանում է, որ Ֆարմանը լավ հեծյալ է և ցանկություն է հայտնում, որ նա մրցի Խորասանի քաջերի հետ։ Հաջորդ օրը Ասորեստանի թագաժառանգը մրցում է պարսկական զորքի ամենաքաջ փահլևանի՝ Փոլատի Հնդիի հետ (անունը նշանակում է Պողպատե հնդիկ) և հաղթում նրան։ Հանդիսականները մեծ ցնծությամբ ողջունում են պատանուն՝ արտասովոր հաղթանակի առթիվ։ Իսկ Խորասանի արքայադուստր Շահիշապնուրը նամակով սեր է խոստովանում Ֆարմանին։ Ֆարմանը սիրով պատասխանում է նամակին, որից քաջալերված, Շահիշապնուրը մի գիշեր այցելության է գնում Ֆարմանին։

Բայց Փոլատի Հնդին այդ նույն գիշերը որոշած է լինում վրեժ լուծել պատանի Ֆարմանից, որ իրեն հաղթել էր ու խլել փառքը։ Նա զրահավորված հարձակվում է Ֆարմանի վրա, բայց սպանվում է։ Այս անգամ արդեն Փոլատի ընկերները, լուծելու համար իրենց ընկերոջ վրեժը, սկսում են որոնել նրան։ Ֆարմանը շտապով հեռացնում է իր ընկերներին քաղաքից, իսկ ինքն ու Փայիփառը մնում են այնտեղ։ Խորասանի թագավորը հավանել էր Ֆարմանին և չէր ուզում, որ նրան դժբախտություն պատահի, ուստի որոշում է նրան վտանգից զերծ պահելու համար բանտարկել։ Սակայն հակառակորդներին՝ Փոլատի ընկերներին այդ պատիժը չի գոհացնում, նրանք ձգտում են ամեն գնով սպանել Ֆարմանին։ Այստեղ Փայիփառը կազմակերպում է Ֆարմանի փախուստը բանտից և նրան ապաստան պատրաստում հեռու մի անտառում։ Նրա մոտ են հավաքվում նաև մյուս ընկերները։

Սակայն ուրախ չէ Ֆարմանի սիրտը, թեկուզ և ազատվել է բանտից ու վտանգից. իր հետ չէ սիրելի Շահիշապնուրը։ Ֆարմանի նվիրված ընկերը՝ Փայիփառը ծպտվում է աղքատի կերպարի տակ և վերադառնում Խորասան, փախցնում արքայադուստր Շահիշապնուրին ու բերում, հասցնում Ֆարմանի մոտ։ Թագավորը խիստ զայրանում է ու հետապնդում նրանց, սակայն այդպես էլ չի կարողանում բռնել նրանց։ Այսպես, Ֆարմանն իր սիրեցյալի ու քաջ ընկերների հետ ամրանում է մի գեղեցիկ ու հզոր ամրոցի մեջ և ապահով կյանք վարում։ Բայց շուտով նրան սկսում է տանջել հայրենիքի ու ծնողների կարոտը։ Նրանք վերադառնում են Ասորեստան, իսկ Խորասանի թագավորն առնելով այդ լուրը, որոշում է մեծ զորքով հարձակվել Ասորեստանի վրա։ Բայց Ֆարմանն իր քաջերով ու զորքով ելնում է նրա դեմ, մեծ ջարդ տալիս ու հեռու վանում հայրենիքի սահմաններից։ Խորասանի թագավորը վշտից մեռնում է, որից երեք տարի անց վախճանվում է նաև Զարմանազան թագավորը, որին գահի վրա փոխարինում է Ֆարմանը։ Վաթսուն տարեկանում վախճանվում է նաև Ֆարմանը, որին հաջորդում է նրա որդին՝ Շահիշիրանը։

Պոեմում գովերգվող բարոյական արժեքները խմբագրել

«Պատմութիւն Ֆարման Մանկանն» պոեմն իր ամբողջության մեջ հայրենասիրական ստեղծագործություն է։ Ճիշտ է, թեև հերոսների գործողությունների մեջ հատուկ կերպով չի ընդգծված դա, սակայն նրանց դաստիարակության, հերոսական կյանքի ու պայքարի նախապայմանը հայրենիքի սերն է, նրա պատվի ու փառքի, հաղթության, նրա զենքի և ուժի բարձրացումը։ Հեղինակը ժողովրդական ստեղծագործության հենքի վրա ստեղծել է հերոսական կերպարներ, քաջ և իմաստուն ռազմիկներ, որոնք հայրենիքի փորձության ժամերին անսասանորեն կանգնում են թշնամու դեմ և պարտության մատնում։ Խորասանի թագավորի դեմ Ֆարմանի և նրա ընկերների մղած պատերազմը միայն իրենց փախցրած աղջկան պաշտպանելու նպատակը չէր հետապնդում, այլ նաև իրենց երկրի՝ Ասորեստանի սահմաններն ամրապնդելու, անկախ ու հզոր հայրենիք ունենալու, իրենց ժողովրդի խաղաղ կյանքն ապահովելու ձգտումը։

Հայրենասիրության յուրահատուկ դրսևորում է պանդխտության մոտիվի այնքան գեղեցիկ վերարտադրությունը պոեմում. հաղթանակի փառքը, խաղաղ ու խրախճալից կյանքը, ոսկին ու հարստությունը, նույնիսկ սիրելի Շահիշապնուրի սիրելի ներկայությունը չեն վերականգնում պանդուխտ դարձած Ֆարմանի հոգեկան անդորրը։ Օտարության մեջ, հայրենի հող ու ջրից հեռու, կյանքն անիմաստ է թվում նրան, ուստի թախանձագին խնդրում է իր սիրելիին ու ընկերներին՝ հայրենիք վերադառնալ։ Պոեմի այդ հատվածը միջնադարյան հայ քնարերգության մեջ պանդխտությանը նվիրված առաջին գեղեցիկ բանաստեղծություններից մեկն է։

Իսկ պոեմի գլխավոր մոտիվը սերն է, Ֆարմանի և Շահիշապնուրի սերն է այն առանցքը, որի շուրջ հյուսվում են պոեմի հիմնական դեպքերն ու զարգացումները։ Այստեղ առաջին անգամ միջնադարյան գեղարվեստական գրականության մեջ սիրո թեման արծարծվում է նոր ու լայն կտավի վրա։ Անհայտ հեղինակի մեծագույն արժանիքն այս հարցում նաև այն է, որ նա այդ թեման բարձրացնում է այն հայացքով, որը գրականության մեջ նոր էր միայն սկսել իշխող դառնալ։ Սերն այստեղ ներկայացված է որպես բարոյական մ ի ուժ, որը մարդուն կարող է մղել դեպի հերոսական սխրագործություններ։

Պոեմում ուժեղ է դրսևորված նաև հավատարիմ ընկերության, եղբայրական համագործակցության գաղափարը։ Ֆարմանի և նրա ընկերների միջև ընթերցողը չի տեսնում թագավորազնի և նրա ստորադրյալների, կամ տիրոջ ու ծառաների հարաբերություններ, այլ տեսնում է հավասարապես միմյանց նվիրված կտրիճների փոխադարձ բարեկամությունն ու սերը։

Պոեմը՝ որպես աղբյուր միջնադրայան հայկական կենցաղի մասին խմբագրել

«Պատմութիւն Ֆարման Մանկանն» պոեմը բացառիկ արժեք է ներկայացնում իր մեջ արտացոլված միջնադարյան հայ իրականության, աշխարհիկ կյանքի մի կարևոր երևույթով. նրանում վարպետորեն նկարագրված են ժողովրդի մեջ պահպանված ռազմական, մարզական, խաղերը, մրցությունները, դրանց անցկացման ավանդույթները, զենքերի տեսակներն ու տարազը։ Մրցողները խաղում են թրով, խանջարով (դաշույն), մետ ու աղեղով, գուրզով, գնդակով և ասպարով:Հագնում են ընտիր մետաքսյա վառ գույներով արքայավայել զգեստներ։ Ուշագրավ է նաև մրցությունների ընթացքի նկարագրությունը. Խորասանում մրցությունը կազմակերպվում է քաղաքի հրապարակում, որտեղ խմբվում են ժողովուրդն ու զորքը։ Նախքան հանդեսի սկսվելը հրապարակ է գալիս թագավորը և իր մոտ հրավիրում մրցողներին։ Հավաքված ժողովուրդը ցնծությամբ դիմավորում է նրանց։ Ապա սկսվում է հանդեսը՝ երաժշտության ուժգին, դղրդացնող հնչյունների ներքո։ Թագավորը, որպես մրցության կազմակերպիչ, անկողմնակալ է մրցողների նկատմամբ։ Նա մտահոգված է խաղի ուրախ, բարեկամական վախճանով և հորդորում է հակառակորդներին զգույշ լինել, մահացու հարվածներ չհասցնել իրար։ Իսկ հերոսները նախ մղում են բանավոր վեճ։ Ինչպես երևում է, միջնադարում մրցման այս եղանակը շատ տարածված է եղել, հակառակորդները նախ խոսքերով գրգռել են միմյանց, ապա մարտի բռնվել։

Աղբյուրներ խմբագրել

«Պատմութիւն Ֆարման Մանկանն», կազմող՝ Շուշանիկ Նազարյան, Երևան, 1957 թ.: