Պատմական երկրաբանություն

Պատմական երկրաբանություն, երկրաբանության բնագավառ, ուսումնասիրում է երկրակեղևի և ամբողջությամբ Երկրագնդի պատմությունն ու զարգացման օրինաչափությունները։ Գլխավոր խնդիրներն են՝ Երկրի մակերևույթի և նրա օրգանական աշխարհի վերականգնումը և մեկնաբանումը, ինչպես նաև երկրակեղևի ներքին կառուցվածքի վերափոխումների և դրանց հետ կապված ներծին պրոցեսների պարզաբանումը։ Պատմական երկրաբանությունը հենվում է երկրաբանական առանձին գիտությունների (հնէաբանություն, պետրոգրաֆիա և այլն) եզրակացությունների վրա, սակայն նրա հիմքը կազմում է շերտագրությունը, որը սահմանում է ապարների առաջացման հաջորդականությունը և մշակում երկրաբանական անցյալի ժամանակագրական համակարգը։ Շերտագրության գլխավոր բաժիններից է կենսաշերտագրությունը, որը որպես ապարների հարաբերական հասակի ցուցանիշ օգտագործում է մահացած կենդանիների ու բույսերի մնացորդները և սերտորեն կապված է հնէաբանության հետ։ հարաբերական երկրաժամանակագրությանը զուգահեռ զարգանում է բացարձակ ժամանակագրությունը, որը հնարավորություն է ընձեռում ուղղակի որոշելու ապարների բացարձակ հասակը։ Երկրաբանության ժամանակագրական համակարգի ստեղծումը անհրաժեշտ նախապայման է անցյալ ժամանակներում Երկրի մակերևույթին և ընդերքում տեղի ունեցած բազմաթիվ արտածին ու ներծին պրոցեսների ժամանակագրության վերստեղծման համար։ Այդ պրոցեսների և այն ֆիզիկա-աշխարհագրական միջավայրի վերականգնումը, որտեղ դրանք ընթացել են, ներառյալ ցամաքի ու ծովի բաշխումը, ջրային վազանների խորությունն ու հիդրոլոգիական ռեժիմի առանձնահատկությունները, ռելիեֆը և կլիման, օրգանիզմների և նրանց համակեցությունների տարածումը հանդիսանում են հնէաաշխարհագրության խնդիրները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 163