Պայքար (թերթ, Բոստոն)

թերթ Բոստոնում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պայքար (այլ կիրառումներ)

«Պայքար», ազգային, քաղաքական և գրական օրաթերթ։ ռամկավար ազատական կուսակցության Ամերիկայի շրջանակի պաշտոնաթերթ։ Առաջին անգամ լույս է տեսել 1922 թվականին, Բոստոնում։ Գլխավոր խմբագիրներ՝ Ա․ Նազար, Երվանդ Մեսիայան, Հ․ Երվանդ, Ա․ Փոլատյան, Ա․ Անդրեասյան, Ն․ Պերպերյան։ Հաջորդել է «Ազգ» և «Պահակ» պարբերականների միավորումից առաջացած «Ազգ-Պահակ» օրաթերթին։ Լուսաբանել է ամերիկահայ, ինչպես նաև սփյուռքի այլ գաղթավայրերի ազգային, կրթական, մշակութային կյանքը, արձագանքել հուզող խնդիրներին։

Կողմ է արտահայտվել Հայաստանի խորհրդային բռնազավթմանը, նյութեր տպագրել խորհրդահայ տնտեսության և մշակույթի վերաբերյալ, քաջալերել շինարարական աշխատանքներին օժանդակող կազմակերպությունների (ՀՕԿ, «Հայ կարմիր խաչ», ամերիկահայ հայրենակցական միություններ և այլն), ՀԲԸ Սիության գործունեությունը։ Արձագանքել է 1920-1930 թթ., 1946 թ.-ի զանգվածային հայրենադարձությանը։ Անդրադարձել է միջազգային քաղաքական իրադարձություններին, քեմալական շարժմանը Թուրքիայում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին թերթը լուսաբանել է հակահիտլերյան խմբակցության ռազմական ձեռնարկները, խորհրդային բանակի գործունեությունը, հայ ռազմիկների և սպաների մասնակցությունը պատերազմին, «Ամերիկահայ ազգային խորհրդի» գործունեությունը։

Ետպատերազմյան շրջանում «Պայքարը» փորձել է նպաստել Հայրենիք-սփյուռք կապերի զարգացմանը, պարբերաբար նյութեր տպագրել Խորհրդային Հայաստանի տնտեսության, գիտության ու մշակութային անցուդարձի վերաբերյալ, արտատպումներ կատարել խորհրդահայ մամուլից։

Թերթի գրական բաժնում տեղ են գտել արևմտահայ, սփյուռքի, խորհրդահայ, նաև օտար հեղինակների տարբեր ժանրերի գործեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 112 CC BY-SA icon 80x15.png