Չմենի հայկական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Չմենի
Տեսակ Չմենի հայկական
Լատիներեն անվանում
Cotoneaster armena Pojark.


Չմենի հայկական (լատին․՝  Cotoneaster armena Pojark.), վարդազգի ընտանիքի, չմենի ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Տերևաթափ թուփ է՝ 2—3 մ բարձրությամբ։ ճյուղերը ծածկված են խիտ, սպիտակ աղվամազով, որոնք հետագայում մերկանում են, ստանալով կարմրագորշավուն գունավորում։ Տերևները վերևի կողմից վառ կանաչավուն են, իսկ ներքևից մազմզուկապատ բաց գույնի, էլիպսաձև, բթածայր կամ փոսիկավոր գագաթով, 1,3—3,2 սմ երկարությամբ և 0,8 — 2 սմ լայնությամբ։ Վահանիկները կազմված են 5 —10 սպիտակավարդագույն ծաղիկներից։ Պտուղները մանր են, կարմրավուն (նկ. 84)։

Տարածվածություն խմբագրել

Տիպիկ հայկական բույս է (էնդեմիկ), Հայաստանից դուրս, այլ վայրերում չի հանդիպում։ Աճում է Արարատյան դաշտի նախալեռնային գոտում (Վեղարդ, Ալիմարդան) և Վայքում, նոսրանտառներում, քարքարոտ, ժայռոտ վայրերում, ծովի մակերևույթից մինչև 1600 մ բարձրությունների վրա։ Չորադիմացկուն է, հողի Նկատմամբ պահանջկոտ չէ, հեռանկարային է հատկապես չոր, քարքարոտ հողամասերի անտառապատման ու կանաչապատման համար։ Լուսասեր է։ Բազմանում է սերմերով, վաղ աշնանը ցանելու դեպքում սերմերը հեշտությամբ և միահամուռ ծլում են։ Բնափայտը ամուր է, առաձգական։

Կիրառություն խմբագրել

Միամյա ճյուղերից պատրաստում են կողովներ, հաստ ճյուղերից՝ մտրակի պոչեր, ձեռնափայտեր և այլն։ Երիտասարդ ճյուղերից ցախավելներ են պատրաստում, որի պատճառով հաճախ այս բույսը «կալէվլի» է կոչվում։ խորհուրդ է տրվում փորձարկել կանաչապատման բնագավառում։

Էկոլոգիական խումբը՝ VIII: Մշակության հավանական շրջանները՝ 3ա, 8,12,18, 22 — 25, 27-28, 32[1]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (326)։