«Չաթերթոնի մահը» (անգլ.՝ The Death of Chatterton), բրիտանացի պրեռաֆայելիտ նկարիչ Հենրի Ուոլիսի նկարը՝ ստեղծված 1856 թվականին կտավի վրա յուղաներկով։ Այժմ պահվում է Լոնդոնի Թեյթ բրիտանական պատկերասրահում։ Երկու ավելի փոքր տարբերակները՝ էսքիզներ կամ պատճեններ, պահվում են Բիրմինգհեմի պատկերասրահում և Բրիտանական արվեստի Եյլի կենտրոնում[1]։

Չաթերթոնի մահը
տեսակնկարների շարք
նկարիչՀենրի Ուոլիս
տարիմոտ 1856
բարձրություն62 սանտիմետր
ուղղությունՊրեռաֆայելիտներ
նյություղաներկ և գեղանկարչության տախտակ
հատվածն էՉաթերթոն
Ծանոթագրություններ

Նկարագրություն խմբագրել

Նկարի ստեղծման սյուժե ծառայել է 17-ամյա անգլիացի ռոմանտիկ բանաստեղծ Թոմաս Չաթերթոնի մահը, որը 1770 թվականին թունավորվել է մկնդեղով։ Ուոլիսի օրոք նա վայելում էր ռոմանտիկ հերոսի համբավը երիտասարդ ու ըմբոստ արվեստագետների շրջանում։

«Չաթերթոնի մահը» կտավում նկարչի մեթոդն ու ոճը բացահայտում են նրա սերտ կապերը պրեռաֆայելիտական շարժման հետ, որոնք ակնհայտ են դառնում վառ գույներով և խորհրդանշական մանրամասների մանրակրկիտ մշակմամբ։ Ուոլիսն օգտագործել է համարձակ գունային հակադիր ներկապնակ, ինչպես նաև այդ ժամանակ իր սիրելի լուսաստվերի տպավորություն, որն իրականացվել է ձեղնահարկի լուսամուտից ընկնող բնական լույսի պատկերմամբ։ Ուոլիսն այս նկարն ստեղծել է Գրեյս Իննում իր ընկերոջ սենյակում, որի պատուհանից տեսարան էր հորիզոնում Սուրբ Պողոսի տաճարը։ Հավանական համընկնում է համարվում այն հանգամանքը, որ այդ տեղանքը հեռու չի գտնվել Բրուք սթրիթի այն ձեղնահարկից, որտեղ 86 տարի առաջ վախճանվել էր Չաթերթոնը[2]։ «Չաթերթոնի մահը» նկարի համար որպես բնորդ հանդես է եկել երիտասարդ Ջորջ Մերեդիթը՝ Վիկտորյական դարաշրջանի անգլիացի գրող և բանաստեղծ[3]։

Պատմություն խմբագրել

«Չաթերթոնի մահը» եղել է Ուոլիսի առաջին ցուցադրված նկարը՝ 1856 թվականին ներկայացվելով Թագավորական ակադեմիայի ամառային ցուցահանդեսի ժամանակ։ Շրջանակի վրա մեջբերված է եղել Քրիստոֆեր Մառլոյի «Դոկտոր Ֆաուստի ողբերգական պատմություն»-ից հետևյալ տողը. «Այս ճյուղը, որը կարող էր այդքան շքեղ աճել, դաժանորեն կտրվեց։ Այրվել է Ապոլոնի դափնու ընձյուղը»։ Նկարն արագ հաջողություն է ունեցել, Ջոն Ռասկինը այն անվանել է «անըստգյուտ և հիասքանչ»։ 1857 թվականին «Չաթերթոնի մահը» հանդիսատեսների մեծ բազմություն է հավաքել Մանչեսթերում «Արվեստի գանձերը» ցուցադրության ժամանակ։ Այն ներկայացվել է նաև 1859 թվականին Դուբլինում[2]։ Կտավը եղել է վիկտորյական ամենահայտնի նկարներից մեկը, որը վերարտադրվել էր տպագիր ձևով։

1856 թվականին Ուոլիսը վաճառել է նկարը գեղանկարիչ Ավգուստ Էգգին, իսկ վերջինս էլ վաճառել է դրանից փորագրված վերարտադրություններ անելու իրավունքը։ Նա դատական գործընթացի առարկա է դարձել այն բանից հետո, երբ դուբլինցի լուսանկարիչ Ջեյմս Ռոբինսոնը որոշել է վերստեղծել այն կենդանի նկարի տեսքով, որպեսզի հետագայում վաճառի դրա լուսանկարները[4]։ 1899 թվականին Չառլզ Ջենթ Կլեմենտը փոխանցել է այն Թեյթ բրիտանական պատկերասրահին։

Գոյություն ունեն «Չաթերթոնի մահը» նկարի ևս երկու փոքրացված տարբերակներ։ Մեկը կամ ուրվանկար է, կամ դրա կրկնօրինակ, պահվում է Բիրմինգհեմի պատկերասրահում։ Դրա չափերն են՝ 17,3 x 25,25 սմ։ Երկրորդը այդ ժամանակների համար անսովոր[5] փոքրիկ պատճեն է՝ նկարված տախտակի վրա յուղաներկով, այժմ պահվում է Բրիտանական արվեստի Եյլի կենտրոնում։ Դրա չափերն են՝ 22,7 x 30,2 սմ[6]։ 1875 թվականին այն Քրիստիս աճուրդում վաճառվել է բարոն Ալբերտ Գրանտին, իսկ 1877 թվականին այն ձեռք է բերել Ուիլյամ Կենդրիկը, որն էլ1918 թվականին նվիրել է այն Բրիտանական արվեստի Եյլի կենտրոնին։

Ծանոթագրություններ խմբագրել

  Արտաքին տեսաֆայլեր
  Wallis's Chatterton, Smarthistory[7]
  1. Tate Gallery, page on the painting Արխիվացված 2022-08-08 Wayback Machine, more Արխիվացված 2016-11-19 Wayback Machine
  2. 2,0 2,1 Rebels And Martyrs: The Image of the Artist in the Nineteenth Century, Alexander Sturgis, p. 52
  3. Krzysztof Cieszkowski, «The Legend Makers: Chatterton, Wallis and Meredith», History Today, Vol. 32, Issue 11, November 1982.
  4. The Photographic Experience, 1839—1914: Images and Attitudes, Heinz K. Henisch, Bridget Ann Henisch, pp. 306-7
  5. «Birmingham Museum and Art Gallery page». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  6. «Yale page». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  7. «Wallis's Chatterton». Smarthistory at Khan Academy. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.