Վանի թագավորության համայնքները

(Վերահղված է Ուրարտուի համայնքներըից)

Վանի թագավորության համանքները, Ուրարտուի էկոնոմիկայում կարևորագույն տեղ են գրավել ազատ համայնքները։ Արքունական (պետական) և տաճարային տնտեսությունների հետ միասին, նրանք հանդիսացել են Ուրարտուի տնտեսության կարևոր օղակը։ Համաձայն հողերի չափերի ու քանակի, նրանց մշակման եղանակների, ազատ համայնքների ու նրանց շահագործման աստիճանի վերաբերյալ, դժբախտաբար էական ոչինչ հայտնի չէ։ Ենթադրվում է, որ այն, ընդհանուր առմամբ, շատ նմանություններ պետք է ունեցած լինի հարևան Ասորեստանի գյուղական համայնքի հետ։ Պետության ստեղծած ոռոգման ցանցից օգտվել են ոչ միայն արքունական ու տաճարային տնտեսությունները, այլև համայնքները։ Վերջիններս, ակներևաբար, մասնակցել են այդ ցացնի ստեղծմանը՝ իբրև պետական պարտույթ։ Շատ հավանական է, որ ուրարտական պետությունը ոչ միայն բռնագանձում էր պարենահարկի ձևով համայնքների եկամտի զգալի մասը, այլև տեր ու տնօրինություն էր անում նրանց վրա՝ սահմանափակելով կամ ընդլայնելով այս կամ այն տնտեսության հողատարածքները։ Դատելով Էրեբունիի, Թեյշեբաինիի և Արգիշտիխինիլիի տնտեսության մասշտաբներից, այստեղ, հավանաբար գոյություն են ունեցել բավականաչափ խոշոր համայնքներ։ Դա իհարկե, չի բացառում նրանց սահմաններից դուրս գտնված համայնքներից ևս պարենահարկի ձևով ստացված եկամուտները։ Թեյշեբաինիի տարատեսակ էթնիկ կազմը, ինչպես նաև նրանում առկա ուրարտական բնակչության զանազան խավերը վկայում են այդ քաղաքի սոցիալական բարդ կառուցվածքի մասին։ Քաղաքային թաղամասերի պեղած խոշոր շենքերը անկասկած պատկանել են բնակչության այն խավերի ներկայացուցիչներին, որոնք կոչված են եղել ի կատար ածելու ուրարտական իշխանությունը նվաճված տեղական համայնքների վրա։ Որոշ տվյալներից կարելի է եզրակացնել նաև, որ ուրարտական քաղաքներում գոյություն է ունեցել քաղաքային համայնք, օժտված որոշակի ինքնուրույնությամբ՝ ներքաղաքային խնդիրների լուծման ասպարեզում և որոշ իրավունքներով։

Աղբյուրներ խմբագրել

  • Հայ ժողովրդի պատմություն, էջ 343։ Հեղինակներ՝ Ժ. Պ. Աղայան, Բ. Ն. Առաքելյան, Գ. Ա. Գալոյան, Ս. Տ. Երեմյան, Լ. Ս. Խաչիկյան, Ա. Մ. Հակոբյան, Ա. Գ. Հովհաննիսյան, Մ. Գ. Ներսիսյան