Ուիլյամ Էլֆինստոն (1431[1][2][3], Գլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն - հոկտեմբերի 25, 1514, Էդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի պետական գործիչ, Աբերդինի եպիսկոպոս ու Աբերդինի համալսարանի հիմնադիր[4]։

Ոիլյամ Էլֆինստոն, Աբերդինի եպիսկոպոս
Եպիսկոպոս Էլֆինստոնի գերեզմանը Հին Աբերդինում, արքայական քոլեջի մատուռից դուրս, ճարտարապետ՝ Հենրի Ուիլսոն

ԿենսագրությունԽմբագրել

Էլֆինստոնը ծնվել է Գլազգոյում։ Հայրը, նույնպես Ուիլյամ Էլֆինստոն, հետագայում դարձել է Գլազգոյի համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի առաջին դեկանը։ Ենթադրվում է, որ մայրը հավանաբար Մարգարեթ Դուգլասն է եղել՝ Դրամլանռիգի առաջին կալվածատեր Ուիլյամ Դուգլասի դուստրը[5]։ Ուիլյամ Էլֆինստոն կրտսերն ուսում է առել Գլազգոյի ավագ դպրոցում, հետո նաև Գլազգոյի համալսարանում՝ 1452 թվականին ստանալով արվեստի մագիստրոսի կոչում։ Կարճ ժամանակով եկեղեցում որպես իրավաբան աշխատելուց հետո քահանա է ձեռնադրվել ու 1465 թվականին դարձել Գլազգոյի Թրոնգեյթ փողոցում գտնվող սբ․Միքայել եկեղեցու քահանան։ Չորս տարի անց մեկնել է Փարիզի համալսարանում ուսումը շարունակելու, այնտեղից տեղափոխվել Օռլեան ու տեղի համալսարանի դասախոս դարձել[4]։

1474 թվականից առաջ վերադարձել է Շոտլանդիա, նշանակվել Գլազգոյի համալսարանի ռեկտոր ու Գլազգոյի մայր աթոռի պաշտոնյա։ Հաջորդել են հետագա առաջքաշումներ, բայց շուտով նրան ավելի կարևոր պարտականություններ են հանձնարարվել․ 1481 թվականին Էլֆինստոնը դարձել է Ռոսսի եպիսկոպոս։ Նա Շոտլանդիայի պառլամենտի անդամ էր, ու թագավոր Ջեյմս III-ը նրան դիվանագիտական առաքելություններով ուղարկել է Ֆրանսիայի թագավոր Լուի XI-րդի ու Անգլիայի թագավոր Էդուարդ IV-ի մոտ։ 1483 թվականին նշանակվել է Աբերդինի եպիսկոպոս, չնայած իր օծումը հետաձգվել է չորս տարով, առաքելությամբ Անգլիա է ուղարկվել 1485 թվականին թագավոր Ռիչարդ III-ի մահից և՛ առաջ, և՛ հետո[4]։

Չնայանծ նա կանոնավոր կերպով հաճախում էր պառլամենտի նիստերին, իրականացնում էր նաև եպիսկոպոսական պարտականությունները։ 1488 թվականի սկզբին նշանակվել է Շոտլանդիայի լորդ-կանցլեր, բայց հաջորդ տարվա հունիսին թագավորի մահից հետո հրաժարվել է պաշտոնից ու վերադարձել Աբերդին։ Նոր թագավոր Ջեյմս IV-ը զգացել է որպես դիվանագետ նրա ծառայությունների անհրաժեշտությունը, ու միապետի անունից Էլֆինստոնն այցելել է Անգլիայի ու Ֆրանսիայի թագավորներին, ինչպես նաև Գերմանիայի թագավոր Մաքսիմիլիան I-ին[4]։

1492 թվականին նշանակվել է Շոտլանդիայի կնիքի պահապան, հարթել շոտլանդացիների ու դանիացիների միջև վեճը և իր կյանքի վերջին տարիները նվիրել Աբերդինի համալսարանի հիմնադրմանը։ 1494 թվականին ձեռք է բերվել պապական հրովարտակը, իսկ 1498 թվականին՝ արքայական հրովարտակով Աբերդինը ճանաչվել է համալսարանի հիմնադրման վայր։ Թագավորը փոքրիկ նվիրաբերություն է արել։ Համալսարանը ստեղծվել է Փարիզի համալսարանի օրինակով ու նախատեսված էր հիմնականում որպես իրավագիտական հաստատություն, սակայն կարճ ժամանակում հատկապես Էլֆինստոնի ու իր ընկերոջ՝ առաջին ռեկտոր Հեկտոր Բոիսի հեղինակության շնորհիվ դարձել է ամենահայտնի ու սիրված ուսումնական կենտրոնը։ Արքայական քոլեջի կառուցումն ավարտվել է 1506 թվականին։ Էլֆինստոնը կառուցել է նաև սբ․ Մաչառ տաճարի կենտրոնական աշտարակը և ֆինանսավորել Դի գետի վրայով անցնող առաջին քարե կամրջի շինարարությունը։ Շարունակելով մասնակցել հասարակական գործերին՝ դեմ էր անգլիացիների նկատմամբ թշնամության քաղաքականությանը, որը 1513 թվականի սեպտեմբերին հանգեցրել է Ֆլոդենի ճակատամարտին։ Մահացել է Էդինբուրգում[4]։

Էլֆինստոնը նաև մասամբ պատասխանատու է Շոտլանդիա տպագրության ներմուծման, ինչպես նաև «Աբերդինյան գրառումներ» գրքի ստեղծման համար։ Հնարավոր է, որ գրքի որոշ հատվածներ ինքն է գրել ու Շոտլանդիայի պատմության վերաբերյալ նյութեր հավաքել[4]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Национальная библиотека Австралии — 1960.
  2. Encyclopædia Britannica
  3. Faceted Application of Subject Terminology
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Chisholm, 1911
  5. Macfarlane, Leslie J. (1995), William Elphinstone and the Kingdom of Scotland 1431 - 1514: The Struggle for Order, Aberdeen University Press, pp. 16 & 17

ԱղբյուրներԽմբագրել

  • Thomas, John. "The Elphinstone monument at King's College Aberdeen. Its construction in the sixteenth century and reconstruction (1909–31) by Henry Wilson", Aberdeen University Review, Vol. LIV, 4, No. 188 Autumn 1992, pp. 315–333.
  •   This article incorporates text from a publication now in the public domainChisholm Hugh, ed. (1911)։ «Elphinstone, William»։ Encyclopædia Britannica 9 (11th ed.)։ Cambridge University Press։ էջ 299 

Հետագա ընթերցանությունԽմբագրել

  • Hector Boece, Murthiacensium et Aberdonensium episcoporum vitae, edited and translated by J. Moir (Aberdeen, 1894)
  • Fasli Aberdonenses, edited by C. Innes (Aberdeen, 1854)
  • Alexander Gardyne, Theatre of Scottish Worthies and Lyf of W. Elphinston, edited by David Laing (Aberdeen, 1878).
Կաղապար:S-rel
Նախորդող՝
Ջոն Վոդման
Ռոսսի եպիսկոպոս
1481–83
Հաջորդող՝
Թոմաս Հեյ
Նախորդող՝
Ռոբերտ Բլեքադեր (չօծված)
Թոմաս Սպենս
Աբերդինի եպիսկոպոս
1483–1514
Հաջորդող՝
Ալեքսանդր Գորդոն & Ռոբերտ Ֆորման (չօծված)
Գեյվին Դանբար
Քաղաքական պաշտոններ
Նախորդող՝
Արջիլի 1-ին կոմս
Շոտլանդիայի լորդ-կանցլեր
1488 թ․ (փետ․–հունիս)
Հաջորդող՝
Արջիլի 1-ին կոմս
Նախորդող՝
Ջոն, սբ․Էնդրյուսի քահանա
Շոտլանդիայի մասնավոր կնիքի պահապան
1500 թ․–07 թ․
Հաջորդող՝
Ալեքսանդր Գորդոն