Ութ մանրանկարիչների ավետարան

Ութ մանրանկարիչների ավետարան, Կիլիկիայի արքունական ամենաճոխ և ընտիր ձեռագրերից։ Գտնվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում (ձեռ․ N« 7651)։ Պատկերազարդվել է 13-րդ դարի վերջին քառորդում անհայտ նկարիչների, և 1320 թվականին՝ Սարգիս Պիծակի կողմից։ Գրիչն է նշանավոր Ավետիսը, որը մինչ այդ ընդօրինակել էր նան Թորոս Ռոսլինի պատկերազարդած մի Ավետարան և «Մաշտոցը», «Կեռան Թագուհու ավետարանը» և այլն։ Ըստ ձեռագրի 1320 թվականի հիշատակարանի, որ թողել է Սեբաստիայի Ստեփանոս եպիսկոպոսը, գրիչը գրելու ընթացքում բնագրում թողել է տեղեր գլխատառերի, ոսկե երկաթագրերի, տեքստային մանրանկարների համար։ Ձեռագրի մանրանկարների զգալի մասի ոճը և ընտիր գրչությունը թույլ են տալիս այն համարել արքունական դպրոցի 80-ական թվականների գործ։ Ըստ հիշատակարանի 1320 թվականի՝ Ստեփանոս եպիսկոպոսը այն ստացել է Սիսի արքունական գրապահոցից և տվել Սարգիս Պիծակին՝ պատկերազարդումը ավարտելու։ Ձեռագիրն ունի 230 սյուժետային մանրանկար և չորս շքեղ տիտղոսաթերթ։ Այն պատկերազարդել են վեցից ութ մանրանկարիչներ։ Մանրանկարները (մի մասը վերագրվել է Թորոս Ռոսլինին) բազմաբնույթ են ինչպես ոճով, այնպես էլ թեմատիկայով։ Ձեռագրում հանդիպում են հայ և բյուզանդական արվեստում մշակված տեքստային մանրանկարների գրեթե բոլոր հայտնի տիպերը։ Ձեռագրի 17 ֆրիզաձև մանրանկարներ ընդօրինակված են Ֆլորենցիայի Լաուրենցիանա գրադարանի նշանավոր VI․ 23 բյուզանդական քառավետարանից (11-րդ դար)։ Մնացած դեպքերում գործադրվել է ոճական մեծ հնարամտություն ու բազմազանություն։ 1320 թվականին Սարգիս Պիծակի ծաղկած 13 մանրանկարներում ավելի շեշտված են սյուժեների արարողական և այլաբանական կողմերը (Քրիստոսի առակների մեծ մասի պատկերազարդումը Սարգիս Պիծակինն է)։ 13-րդ դարի մանրանկարներում շեշտված են առավելապես պատմողական և դրամատիկական կողմերը։ Ձեռագիրը արժեքավոր է նաև նրանով, որ, ասես, Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի տարբեր մոտեցումների հանրագիտարան լինի։

Ութ մանրանկարիչների ավետարան
ՀեղինակԱվետիս
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուհայերեն
Ստեղծման տարեթիվ13-14-րդ դարեր
ՆկարազարդողՍարգիս Պիծակ, Թորոս Ռոսլին
ԵրկիրԿիլիկիայի Սիս քաղաք
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։