Որովայնամզի բորբոքում, պերիտոնիտ, զարգանում է որովայնի որևէ օրգանի հիվանդության, վնասվածքի և վիրաբուժական միջամտության բարդության, երբեմն՝ ախտաբանական առաջնային օջախից վարակի տարածման հետևանքով։ Պատճառներն են՝ որդանման ելունի սուր բորբոքումը, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցի ծակվելը, աղիքների անանցանելիությունը, վնասվածքների ու վիրավորումների ժամանակ որովայնամզի ամբողջականության խախտումը ևն։ Հարուցիչներն են կոկերը և աղիքային ցուպիկը։ Ըստ պրոցեսի տարածվածության որովայնազմի բորբոքումը լինում է սահմանափակ և տարածուն, ըստ ընթացքի՝ սուր և քրոնիկական, ըստ արտաքիրտի բնույթի՝ շճային, թարախային, ֆիբրինային, նեխական։ Սուր տարածուն որովայնիզմի բորբոքումը բնորոշվում է արագ զարգացող ծանր ընթացքով, հաճախ պատճառ դառնում մահացության։ Սուր սահմանափակ որովայնազմի բորբոքման դեպքում առաջանում են որովայնամզի կպումներ։ Բորբոքային օջախի շրջանում լինում են ցավեր, տեղային փքվածություն և որովայնի մկանների լարում։