Ոսկորների քաղաք, Կասսանդրա Քլերի ֆենտեզի ժանրի ստեղծագործություն, «Մահվան գործիք» գրքաշարի առաջին գիրքը։ Լույս է տեսել 2007 թվականին։ Գրքում ներկայացվում են 15-ամյա Քլերի Ֆրեյի արկածները, որը հանդիպել էր մարդկային աչքից թաքնված Մթնշաղի որսորդների աշխարհին։

Ոսկորների քաղաք
անգլ.՝ City of Bones
ՀեղինակԿասսանդրա Քլեր
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրyoung adult fiction?, ֆենթեզի և թրիլեր
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էՆյու Յորք
Շարքմահվան զենք
ՀաջորդCity of Ashes?
Կազմի հեղինակՔլիֆ Նիլսեն
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչSimon & Schuster
Հրատարակման տարեթիվմարտի 27, 2007
ԳՄՍՀ1-4169-1428-5
OCLC244251168 և 434735211

Սյուժե խմբագրել

15-ամյա Քլերին և նրա ընկեր Սայմոնը գնում են «Դժոխային որջ» ակումբ։ Այստեղ Քլերին ականատես եղավ, թե ինչպես մուգ վարսերով աղջիկը և կապույտ վարսերով տղան առանձնացան մի սենյակում, իսկ նրանց հետևեցին երկու հոգի, որոնցից մեկը զինված էր դանակով։ Քլերին Սայմոնին խնդրեց կանչել պահակախմբին, իսկ ինքը հետևեց երիտասարդներին։ Այնտեղ Քլերին լսեց երեք երիտասարդների՝ դևերի մասին տարօրինակ զրույցը, որից հետո նրանք սպանեցին կապույտ մազերով տղային, և նրա մարմինն անհետացավ սենյակից։ Նախքան աղջիկը կհասկանար՝ ինչ է կատարվել, Սայմոնը պահակախմբի հետ մտավ սենյակ։ Տղային սպանած երիտասարդներին միայն աղջիկն էր տեսնում։

Հաջորդ օրը Ջոսլինը՝ Քլերիի մայրը, հայտնեց նրան, որ իրենք լքում են Նյու Յորքը և ամառն անցկացնելու են քաղաքից դուրս, որտեղ իրենց ընտանիքի ընկերը տուն ունի։ Քլերին դուրս եկավ Սայմոնի հետ զբոսնելու։ Ռեստորանում ճաշելու ժամանակ աղջիկը խոստովանեց ընկերոջը, որ գրեթե ոչինչ չգիտի իր մոր և ընտանիքի մասին։ Սայմոնը հարցրեց՝ արդյոք Քլերին ինչ-որ բան գիտի մոր սպիների մասին, բայց Քլերին հայտարարեց, որ իր մայրը ոչ մի սպի չունի։ Ավելի ուշ աղջիկը հանդիպեց «Դժոխային որջ»-ից բաց մազերով երիտասարդին։ Ջեյսը հայտնեց, որ ինքը Մթնշաղի որսորդ է, իսկ ակումբի այն կապույտ մազերով տղան դև էր։ Նա նաև ասաց, որ սովորական մարդիկ չեն տեսնում Մթնշաղի որսորդներին։

Քլերին եկավ տուն և տեսավ, որ անտեղ ամեն ինչ թափթփված է։ Սկզբում նա մտածեց, որ իրենց թալանել են, բայց հետո հասկացավ, որ ոչինչ գողացված չէ։ Անցնելով մոր սենյակի մոտով՝ լսեց խուլ ձայներ։ Մտնելով սենյակ՝ նա տեսավ մի հրեշավոր արարած, որը ցանկանում էր սպանել իրեն։ Քլերին վազեց դեպի խոհանոց, որտեղ սպանեց դևին և կորցրեց գիտակցությունը։ Քլերին արթնացավ Համալսարանի հիվանդանոցում, որտեղ ծանոթացավ ուրիշ Մթնշաղի որսորդների՝ Ալեքի, Իզաբելի և նրանց ուսուցիչ Խոջի հետ։ Համալսարանում Ջեյսն ասաց, որ Քլերին մարդ չէ, քանի որ բուժիչ ռունագիրը չէր սպանել նրան։

Քլերին և Ջեյսը գնացին Քլերիի տուն, որտեղ ոչինչ չգտան և որոշեցին զրուցել հարևանուհու՝ տիկին Դորոթիի հետ։ Անցնելով պորտալի միջով՝ նրանք հայտնվեցին Լյուկի տան մոտ և գտան թփերի հետևում թաքնված Սայմոնին։ Նա պատմեց, որ տեսել է, թե ինչպես է Լյուկը զենքերը դասավորում պայուսակի մեջ։ Երիտասարդները որոշեցին մտնել խանութ, որտեղ ականատես եղան Լյուկի և երկու Մթնշաղի որսորդների զրույցին։ Որսորդները հայտնեցին Վալենտինի վերադարձի մասին և հարցրին Լյուկին՝ արդյոք նա գիտի Մահվան Գավաթի գտնվելու վայրի մասին, ինչին Լյուկւ բացասաբար պատասխանեց։

Վերադառնալով Համալսարան՝ երիտասարդները կատարվածի մասին պատմեցին Խոջին։ Վերջինս պատմեց Վալենտինի ստեղծած Մթնշաղի որսորդների գաղտնի խմբակի մասին։ Իր նպատակին հասնելու համար նա գողացել էր Մահվան Գավաթը, բայց վախենալով իր ծրագրերից՝ նրա կինը՝ Ջոսլինը, փախել էր՝ իր հետ տանելով Գավաթը։ Վալենտինին համարում էին մահացած տասնհինգ տարի։ Իսկ հիմա Գավաթի գտնվելու վայրի մասին միայն գիտի Քլերին, բայց նրա գիտակցության վրա մոգական պաշտպանություն կար դրված։ Պաշտպանությունը հանելու համար Ջեյսն ու Քլերին ուղևորվեցին Լռակյաց Եղբայրների՝ Մթնշաղի որսորդների մոտ։ Նրանք չկարողացան հանել Քլերիի գիտակցության պատնեշը, քանի որ դա կարող էր անել միայն նա, ով դրել էր՝ մոգ Մագնուս Բեյնը։

Երիտասարդներն ուղևորվեցին նրա մոտ։ Մագնուս Բեյնը Քլերիին ասաց, որ երկու տարին մեկ կախարդանք էր դնում նրա վրա, ինչը մեկուսացնում էր նրան ստորերկրյա աշխարհից։ Այդ կախարդանքն այնքան ուժեղ է, որ ինքը չի կարող վերացնել, և պետք է սպասել, մինչև այն ինքնուրույն վերանա։ Երեկույթի ժամանակ Սայմոնը ըմպեց մի հեղուկ և վերածվեց առնետի, որին Քլերին դրեց պայուսակի մեջ։ Դուրս գալիս երիտասարդները բախվեցին վամպիրների հետ, որոնք պայուսակից գողացան Սայմոնին։ Տեսնելով, որ Սայմոնը չկա, Քլերին և Ջեյսը գնացին Դյումոր հյուրանոց՝ վամպիրների որջ։ Այնտեղ նրանք վերադարձրին Սայմոնին և փրկվեցին հյուրանոցի վրա հարձակված դարձվորների ոհմակի շնորհիվ։ Նորից վերածվելով մարդու՝ Սայմոնը չէր հիշում կատարվածը։

Երբ Քլերիի գիտակցության պաշտպանությունը անցավ, նա հիշեց, որ Մահվան Գավաթը գտնվում է տիկին Դորոթիի Տարո քարտերից մեկում, որոնք նկարել և նվիրել էր իր մայրը։ Երիտասարդները ուղևորվեցին Դորոթիի մոտ։ Երբ Քլերին քարտից հանեց Մահվան Գավաթը, տիկին Դորոթին բացեց պորտալը և ինքնակամ կանչեց իր մեջ մտած դևին։ Կռիվ սկսվեց, և Ալեքը ծանր վնասվածք ստացավ։ Սայմոնը ճիշտ ժամանակին հայտնվեց և սպանեց դևին։

Համալսարան վերադառնալով՝ Քլերին և Ջեյսը Գավաթը հանձնեցին Խոջին, որը դավաճանեց նրանց և կանչեց Վալենտինին։ Վալենտինը վերցրեց Մահվան Գավաթը և Ջեյսին։ Նա հանեց Խոջի վրա դրված անեծքը, և Խոջը լքեց Համալսարանը։ Քլերին վազեց Խոջի հետևից։ Կռվի ընթացքում Խոջը գրեթե սպանում էր Քլերիին, սակայն նրան փրկեց Լյուկը։

Նա պատմեց Քլերիին, որ ժամանակին ինքն էլ է եղել Մթնշաղի որսորդ և Խմբակի անդամ։ Հարձակումներից մեկի ժամանակ դարձվորներից մեկը կծեց նրան, և Վալենտինը առաջարկեց ինքնասպանություն գործել, որպեսզի նա չարք չդառնա, բայց Լյուկը որոշեց սպանել իրեն կծած դարձվորին։ Վալենտինը փախչում է։ Վերադառնալով իր տան մոտ՝ Ջոսլինը տեսավ միայն հրդեհատեղի և չորս մարդու՝ իր ծնողների, Վալենտինի և իր մեկամյա որդու մնացորդները։ Կատարվածից հետո Ջոսլինը, երկրորդ երեխայով հղի, տեղափոխվում է Նյու-Յորք, որտեղ 5 տարի անց գտնում է Լյուկին։

Քլերին և Լյուկը ուղևորվում են Վալենտինի հետևից։ Նրանք պարզեցին Վալենտինի գտնվելու վայրը և հարձակվեցին նրա հետևորդների վրա։ Սենյակներից մեկում Քլերին գտավ կոմայի մեջ ընկած մորը, ապա տեսավ նաև Վալենտինին և Ջեյսին։ Վալենտինը նրան ասաց, որ նրանք իր և Ջոսլինի երեխաներն են, և առաջարկեց միանալ իրեն, ինչին նրանք չհամաձայնվեցին։ Վալենտինի և Ջեյսի երկարատև պայքարից հետո Վալենտինը Մահվան Գավաթի հետ անցավ պորտալի միջով, որը տանում էր դեպի Իրդիս՝ Մթնշաղի որսորդների ծննդավայր, և ջարդեց այն։

Ջոսլինին տարան հիվանդանոց։ Նա այդպես էլ կոմայից դուրս չեկավ, իսկ Լյուկն ու Քլերին անընդհատ այցելում էին նրան[1][2]։

Գործող անձինք խմբագրել

  • Քլարիսսա Ադել «Քլերի» Ֆրեյ/Մորգենշտերն/Ֆեյրչայլդ - 15-ամյա պրոտագոնիստ։ Նրան դաստիարակել է մայրը՝ Ջոսլին Ֆրեյը, որը Մթնշաղի Որսորդ էր, և դարձվոր Լյուկը՝ նրանց ընտանիքի ընկերը, որը Քլերիի համար եղել է հոր նման։ Մոգական աշխարհի բոլոր հետքերը թաքցրել են Քլերիից, որպեսզի պաշտպանեն նրան և ապահովեն նորմալ կյանքով։
  • Ջոնաթան «Ջեյս» Վեյլանդ/Լայտվուդ/Մորգենշտերն/Էրոնդեյլ - Մթնշաղի Որսորդ, վաղ հասակում՝ հոր սպանությունից հետո, որբացել է։ Նա ապրել է Լայտվուդների ընտանիքում, իսկ Մթնշաղի Որսորդ դառնալուց հետո՝ Խոջ Ստարկվեզերի հետ՝ Նյու-Յորքի համալսարանում։ Ջեյսը ասում էր, որ հայրը մինչև մահը իրեն սովորեցնում էի դևեր որսալ։ Նա սիրահարվում է Քլերիին և սարսափով իմանում, որ իրենք քույր և եղբայր են։
  • Սայմոն Լյուիս - Քլերիի միակ և լավագույն ընկերն է։ Նա գաղտնի սիրահարված էր Քլերիին, ինչը բոլորը գիտեին, բացի Քլերիից։ Նա խանդում էր Քլերիին և Ջեյսին։
  • Ալեքսանդր Գիդեոն «Ալեք» Լայտվուդ - Նյու-Յորքի համալսարանը գլխավորող Մարիզ և Ռոբերտ Լայտվուդների ավագ որդին, որը գաղտնի սիրահարված էր Ջեյսին և Խանդում էր Քլերիի հանդեպ։ Հենց սկզբից Քլերիի հանդեպ ագրեսիվ է տրամադրված, բայց գրքի վերջում նրանք ընկերներ են դառնում։
  • Իզաբել Սոֆիա «Իզզի» Լայտվուդ - Ալեքի կրտսեր քույրը։ Հենց սկզբից չսիրեց Քլերիին, բայց հետագայում դարձավ նրա ընկերուհին։
  • Լյուցիան «Լյուկ» Գերրովեյ/Գրեյմարկ - նախկին Մթնշաղի Որսորդ և Խմբակի անդամ, Ջոսլինի լավագույն ընկերը։ Երկու անգամ եղել է դարձվորների ղեկավար (Նյու-Յորքում և Փարիզում)։ Ջոսլինի հետ մտերմության և իրենց կյանքում մասնակցության պատճառով Քլերին նրա մեջ հայր էր տեսնում։
  • Վալենտին Մորգենշտերն - հզոր Մթնշաղի Որսորդ, առաջին երեք գրքերի գլխավոր հակամարտիկը, Խմբակի հիմնադիր։ Նա 15 տարի համարվում էր մահացած։ Քլերիին և Ջեյսին ասաց, որ նրանք իր երեխաներն են։
  • Ջոսլին Ֆրեյ/Մորգենշտերն/Ֆրեյրչայլդ - նախկին Մթնշաղի Որսորդ, աղջկան իր նախկին ամուսնուց՝ Վալենտինից պաշտպանելու համար ստորերկյա աշխարհից և որսորդներից թաքնվում էր Նյու Յորքում։ Մահվան Գավաթը գողացել և պահել էր իր նկարած Տարո քարտի մեջ։ Երբ երկուամյա Քլերիին տեսավ Ֆեյրիի հետ խաղալիս, խնդրանքով դիմեց Մագնուս Բեյնուին, որպեսզի Քլերիի վրա կախարդանք դնի, որը նրան հետ կպահի ստորերկրյա աշխարհից։ Վալենտինը նրան առևանգել էր՝ Գավաթը գտնելու նպատակով։ Նրան գտել է Քլերին և տեղափոխել հիվանդանոց։
  • Խոջ Ստարկվեզեր - Ջեյսի, Ալեքի և Իզաբելի ուսուցիչը։ Խմբակի նախկին անդամ, որը հանցագործություն կատարելու պատճառով անիծվել էր Կոնկլավի կողմից։ Հավատարիմ է եղել Վալենտինին և օգնել Գավաթը գտնելու գործում, ինչի համար Վալենտինը հանել է անեծքը։
  • Մագնուս Բեյն - Բրուքլինի գերագույն մոգը, ում մոտ երկու տարին մեկ Ջոսլինը բերում էր իր աղջկան։

էկրանավորում խմբագրել

2012 թվականին Կասսանդրա Քլերի «Ոսկորների քաղաք» գիրքը որոշեցին էկրանավորել[3]։ Ֆիլմի ռեժիսորը Հարոլդ Ցվարտն է։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2013 թվականի օգոստոսի 22-ին։ Իսկ 2014 թվականի աշնանը հայտարարվեց գրքի մոտիվներով սերիալի թողարկման մասին[4]։

Մթնշաղի որսորդներ խմբագրել

2016 թվականի հունվարի 12-ին կայացավ «Մթնշաղի որսորդներ» սերիալի պրեմիերան։ Սերիալը նաև հանդիսանում է 2013 թվականին նկարահանված «Մահվան գործիքները։ Ոսկորների քաղաք» ֆիլմի ռեմեյկը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Locus - "The Mortal Instruments, Book One: City of Bones", Faren Miller, June 2007
  2. «Book Review: City of Bones by Cassandra Clare Read more: Book Review: City of Bones by Cassandra Clare». KidzWorld. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 15-ին.
  3. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  4. ««Орудия смерти» отправляются на телевидение». kinopoisk.ru. 13/10/2014.

Արտաքին հղումներ խմբագրել