«Ոսկի քաղաքը», հնդկական հեքիաթ՝ փոխադրված Հովհաննես Թումանյանի կողմից։

Ոսկի քաղաքը
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Ժանրհեքիաթ
Բնօրինակ լեզուհնդկերեն
Լեզուհայերեն
Կերպար(ներ)Դիվանա, Քանաքարա, Ուքանա, Գոհար
ՎիքիդարանՈսկի քաղաքը

Ընդհանուր ակնարկ խմբագրել

Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ակտիվ հետաքրքրությունը հեքիաթի նկատմամբ կապված էր այն բարձր պատկերացման հետ, որը նա ուներ ժողովրդական բանահյուսության այդ տեսակի նկատմամբ։ 1920 թվականի մի զրույցի ժամանակ նա ասել է. «Հեքիաթները անդունդներ են՝ խորը, անծայր, անվերջ հարուստ ու շքեղ աշխարհ։ Հեքիաթը ամենաբարձր ստեղծագործությունն է, և նույնիսկ հանճարները հեքիաթ չեն կարողանում ստեղծել, բայց հեքիաթների են ձգտում», իսկ երկու տարի անց՝ Պ. Մակինցյանին գրած նամակում Թումանյանն իր միտքը շարունակում էր այսպես` «Հեքիաթի մասին ոչ միայն մեր «երջանիկ» աշխարհքում, ավելին` լավ երկրներում էլ դեռ պարզ հասկացողություն չունեն։ Կարծում են` դա հեշտ ու հանաք բան է։ Դա գրականության մեջ ամենաբարձր արտահայտությունն է, ուր ամբողջը հավիտենական սիմվոլներ են»։ Բնական է, որ իր ողջ ստեղծագործությամբ ժողովրդական բանահյուսության հետ սերտորեն կապված Թումանյանը պետք է ձգտեր հասնելու այդ «հավիտենական սիմվոլների» նվիրական իմաստին` տալու նրանց իր մեկնությունը։ Սկսած 1907 թվականից նրա ստեղծագործական աշխատանքում հեքիաթը առաջին տեղերից մեկն է գրավում։ Մեկ տասնամյակի ընթացքում Թումանյանը տվեց հայկական և արևելյան հեքիաթների ավելի քան քսան ինքնուրույն մշակումներ և նույնչափ էլ թարգմանություններ ու փոխադրություններ ուրիշ ժողովուրդների հեքիաթներից։ Թումանյանի թարգմանած հեքիաթների ազգային քարտեզը բազմերանգ է` գերմանական (10), ռուսական (3), իտալական (2), իռլանդական (1), հնդկական(2), գերմանական (2), ճապոնական (2), արաբական (1)։ Թարգմանությունների ստեղծագործական բնույթը հատկապես ցայտուն է երևում «Ոսկի քաղաքը» հնդկական հեքիաթի օրինակով, որը շատ կողմերով կարող է ինքնուրույն երկ համարվել։ Շատ հարազատ թումանյանական բան կա այդ հեքիաթում։ «Փարվանայի» հերոսուհու նման գեղեցկուհի Քանաքարան ևս մերժում է հարստությամբ կամ քաջությամբ իրեն գրավել ցանկացող երիտասարդներին և դնում է իր պայմանը. ինքը կընտրի նրան, ով իր կյանքում գոնե մի անգամ եղած կլինի Ոսկի քաղաքում։ Ոսկի քաղաքը ժողովրդի սոցիալական ուտոպիան է՝ ազատության և հավասարության, արդար աշխատանքի և խաղաղության երազանքը[1]։

Սյուժե  խմբագրել

Հնդկաստանի Բենարես քաղաքի Ուքանա թագավորի կինը մահանում է։ Դժբախտ թագավորը չի կարողանում ոչնչով մխիթարվել և իրեն որսորդության է տալիս։ Որսերից մեկի ժամանակ անտառում մի գեղեցիկ փոքրիկ աղջիկ է գտնում, ուրախանում է, աղջկան վերցնում իր հետ, անունը դնում Քանաքարա։ Մեծանում է Քանաքարան, դառնում տխուր թագավորի միակ մխիթարանքը։ Երբ հասնում է աղջկա ամուսնության ժամանակը, թագավորը հրավիրում է իր երկրի երիտասարդ արքայազուններին, որպեսզի Քանաքարան նրանց միջից ընտրություն անի։ Աղջիկը դուրս չի գալիս իր սենյակից և վերջապես հորն ասում է իր երազի մասին. երազում Քանաքարայի մոր հոգին հորդորել էր, որ աղջիկը ընտրություն անելիս չտարվի ո՛չ գեղեցկությամբ, ո՛չ քաջությամբ, ո՛չ հարստությամբ, այլ ընտրի այնպիսի մեկին, ով կյանքում գոնե մեկ անգամ եղել է Ոսկի քաղաքում։ Թագավորը փեսացուներին հայտնում է այդ մասին, նրանք էլ ասում են, որ երբևէ չեն լսել այդ քաղաքի մասին ու հեռանում են։ Շուտով պալատ է գալիս մի զվարճասեր երիտասարդ` Դիվանա անունով, ում համար հերթական զվարճություն կլիներ միանգամից ձեռք բերել գեղեցիկ կին ու ահռելի հարստություն, և հայտնում, որ ինքը եղել է Ոսկի քաղաքում։ Նրան տանում են Քանաքարայի մոտ, աղջիկը խնդրում է պատմել Ոսկի քաղաքի մասին, և Դիվանան սկսում է իր սուտ պատմությունը` ասելով, թե Ոսկի քաղաքում ամեն բան ոսկուց է, մարդիկ էլ երբեք չեն չարչարվում, այլ միայն զվարճանում են։ Քանաքարան անմիջապես հասկանում է, որ երիտասարդը ստում է և հրամայում է նրան դուրս անել պալատից։ Այն օրվանից, երբ Դիվանան տեսավ Քանաքարային, սիրահարվեց և հիմնովին փոխվեց։ Նա թողեց տուն ու տեղ, հորն ու մորը և ճանապարհ ընկավ` գտնելու Ոսկի քաղաքը։ Եվ ահա Դիվանան հասնում է անտառ, որտեղ ծառի վրա տեսնում է մի արծիվ, պատրաստում է նետն ու աղեղը, որ սպանի արծվին, երբ հանկարծ աստծու հրամանով թռչունը լեզու է առնում և ասում, որ վիրավոր է, եթե երիտասարդն օգնի իրեն, կկատարի նրա ցանկությունը։ Դիվանան զարմանում է և որոշում օգնել արծվին։ Երբ արծիվը լավանում է, հարցնում է Դիվանայի ցանկության մասին։ Դիվանան պատմում է իր պատմությունը և խնդրում արծվին իրեն հասցնել Ոսկի քաղաք։ Արծիվը բաց է անում իր հսկայական թևերը, երիտասարդին ասում, որ ամուր բռնվի իր մեջքից և սլանում է բարձրաբերձ ամպերի միջով։ Այսպես Դիվանան հայտնվում է Ոսկի քաղաքում։ Նրան անմիջապես տանում են Գոհար թագուհու մոտ, և տղան պատմում է ողջ կատարվածը։ Գոհար թագուհին ողջունում է տղայի որոշումը. «-Միշտ լավ է, երբ մարդիկ թողնում են իրենց վատ սովորություններն ու կրքերը, լցվում են բարձր կարոտով ու ձգտում են, գնում են հասնելու մի բարձր նպատակի։ Թե կհասնեն` լավ, թե չեն հասնի` դարձյալ միշտ լավ է ու լավ, որովհետև կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ձգտումն ու ճանապարհ։

-Իսկ երջանկությունը...

-Աշխատել լավ ճանապարհի վրա ու գոհ լինել իր ունեցածով»[2]։

Այնուհետև Գոհար թագուհին Դիվանայի հետ շրջում է ողջ ապարանքով։ Սրահներից մեկում Դիվանան տեսնում է մի աղջկա նկար, որը շատ նման էր Քանաքարային և բացականչում. «Վա՜հ, ինչքան նման է»։ Գոհար թագուհին Դիվանային առաջարկում է մնալ իր երկրում, սակայն երիտասարդը տենչում էր վերադառնալ սիրած աղջկա մոտ։ Թագուհին պատվիրում է նավ պատրաստել Դիվանայի համար և նրան ճանապարհ է դնում։ Ճանապարհին ծովը սաստիկ ալեկոծվում է և նավը գցում մի կղզի։ Մի չնաշխարհիկ կղզի է դա լինում, սակայն ամենից չքնաղ լինում է կղզու տիրուհին, ով առաջարկում է Դիվանային ամուսնանալ իր հետ։ Դիվանան մերժում է և ասում, որ պիտի գնա։ Հանկարծ այդ տիրուհին կերպարանափոխվում է, և Դիվանայի առաջ կանգնում է Գոհար թագուհին և ասում, որ Քանաքարան իր կորած աղջիկն է, ում մանուկ հասակում Սև դևը փախցրել է, այդ օրվանից Գոհար թագուհին լուր չուներ աղջկանից։ Այժմ, երբ համոզվեց, որ Դիվանան արժանի է իր աղջկան, հանգիստ խղճով կարող է նրան ճանապարհ դնել իր աղջկա մոտ։ Դիվանան վերջապես հասնում է իր հայրենի երկիր, անմիջապես գնում Ուքանա թագավորի ապարանք և Քանաքարային պատմում ողջ եղելությունը։ Նրանք ստանում են թագավորի օրհնությունը, յոթն օր, յոթ գիշեր հարսանիք անում։ Շուտով թագավորը մահանում է, և գահն անցնում է Դիվանային։ Դիվանան երկիրը կառավարում է Ոսկի քաղաքի սկզբունքներով. երկրում ոսկու փոխարեն մարդկանց երջանկացնում էր ազնիվ աշխատանքն ու հավասարությունը։

Կերպարներ խմբագրել

  • Ուքանա թագավոր
  • Քանաքարա
  • Դիվանա
  • Գոհար թագուհի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայ նոր գրականության պատմություն. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. 1979. էջեր 327–328.
  2. Թումանյան, Հովհաննես. Հեքիաթներ. Երևան: Լույս հրատարակչություն. էջ 136.