Ոսկե դար, նախնադարյան հասարակության երջանիկ ու անհոգ կացության վերաբերյալ առասպելական պատկերացում անտիկ աշխարհում։ Առավել հստակ արտահայտված է Հեսիոդոսի «Աշխատանք և օրեր» պոեմում և Օվիդիոսի «Կերպարանափոխություններում։ Ըստ Հեսիոդոսի՝ մարդկանց առաջին սերունդը Կռոնոսի ժամանակ վայելել է կատարյալ երջանկություն, չիմանալով ո՝չ վիշտ, ո՝չ չար արարք, ո՝չ ծերություն, կյանքն անցկացրել խնջույքներում և մեռել իբր քնելով։ Հողն առատ բերք է ընձեռել, մարդիկ ունեցել են բազմաքանակ հոտեր և աշխատել ըստ ցանկության։ Ոսկե դարին հետևել են հաջորդաբար առավել ծանր ու աղետալի արծաթե և պղնձե դարերը, իսկ հերոսների փառավոր և միջանկյալ դարից հետո՝ երկաթե դարը, որտեղ մարդիկ չարչարվում են գիշեր-ցերեկ, կյանքը կարճատև է, երեխաները ծնվում են ծեր, թագավորում են գժտություններն ու պատերազմները։ Օվիդիոսը հերոսների դարը չի նշում՝ առաջնորդվելով լավ կյանքից աստիճանաբար վատին անցնելու տրամաբանությամբ։ Ոսկե դարի վերաբերյալ վատ պատկերացումներն ստեղծվել են դասակարգային հասարակության առաջացմանն ու խորացմանը զուգահեռ։ Այդպիսիք գոյություն են ունեցել նաև հնագույն այլ ժողովուրդների մոտ (բաբելոնացիներ, հայեր, հնդիկներ, պարսիկներ են)։ Վերածննդի և լուսավորական գրականության ներկայացուցիչներից ոմանք (Պ․ Մարտիր, Մ․ Մոնտեն, ժ․ ժ․ Ռուսո, Դ․ Դիդրո, Գ․ Հերդեր և ուրիշներ), նույնիսկ XIX դարում որոշ գիտնականներ (Լ․ Մորգան, Ն․ Ի․ Զիբեր և ուրիշներ) ոսկե դարի առասպելի ազդեցությամբ փորձել են իդեալականացնել մարդկության «բնական» (իբր բնության բանական օրենքներով ապրելու) վիճակը։ Ի հակակշիռ այդ իդեալականացման, Վ․ ի․ Լենինը գրել է, որ մեզանից առաջ չի եղել ոչ մի ոսկե դար, և «նախնադարյան մարդը» ճնշվել է բնության դեմ գոյության պայքարի դժվարություններով;

«Ոսկե դար» (Պիետրո դա Կորտոնա)