Շտուցվեք (գերմ.՝ Stutzweck), ավանդական ծիսական խմորեղեն Մայնի Ֆրանկֆուրտում, որը թխվում է Սուրբ Սիլվեստրի օրվա առթիվ։ Դա խմորիչով երկարավուն քաղցր սպիտակ բուլկի է՝ ծայրերին երկու գլխիկներով, որոնք խորհրդանշում են հին և նոր տարին։ Ամբողջ երկայնքով կան լայնակի կտրվածքներ, որոնք խորհրդանշում են տասներկու ամիսները։ Ամանորի գիշերը կերած շտուցվեքը հաջողություն է խոստանում։ Ֆրանկֆուրտի հացավաճառները շտուցվեքները թխում են խստորեն Նոր տարվա համար և դեկտեմբերի 31-ին նույնիսկ երկարացնում են շտուցվեքների վաճառքի ժամերը գրեթե մինչև կեսգիշեր[1]։

Նոյարսբոփ

Շտուցվեքների պատմությունը սկսվում է 19-րդ դարի սկզբից, երբ քաղաքի բնակիչները տարվա վերջին օրը հավաքվում էին հացաբուլկեղենի խանութներում՝ վաճառասեղանի հետևում ամանորյա զառախաղ խաղալու համար։ Հաղթողը որպես մրցանակ ստանում էր շտուցվեք։ Խանութը փակվելուց հետո ֆրանկֆուրտցիները գնում էին գարեջրի հաստատություններ, որտեղ Ամանորին ջերմօղի կամ խնձորի գինի էին խմում[2]։

Մայնցում թխում են նմանատիպ ծիսական հաց՝ նոյարսբոփ «ամանորյա տիկնիկ», որը բոքոնի պես կտրում են մասերի[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել