Շվատում, բերքատու վազի խնամքի՝ կանաչ հատման ձև, ագրոտեխնիկական միջոցառում։ Շվատման ժամանակ հեռացվում են վազի բնի, թևերի, ենթաթևերի վրա աճած ոչ բերքատու շիվերը, որոնք չեն հեռացվել թերբեռնվածությունը վերացնելու, կանաչ անդալիսի և այլ նպատակներով։ Շվատմամբ կարգավորվում է բերքատու և ոչ բերքատու շիվերի համամասնությունը՝ ապահովելով շիվերի, ծաղկաբույլերի, պտուղների բնականոն աճը, հասունացումը և հաջորդ տարում բարձր բերքի ստացումը։ Շվատված վազերի սաղարթը նոսրանում Է, և բարելավվում են օդափոխության, լուսավորության, ջերմության պայմանները, բարձրանում է այգու սրսկումների և փոշոտումների արդյունավետությունը, ինչպես նաև հեշտանում է հաջորդ տարվա գարնանային էտի ու ձևավորման աշխատանքները, բարձրանում բերքի քանակն ու որակը։ Շվատումը կիրառվում Է խաղողագործական բոլոր շրջաններում։ Առաջին շվատումը պետք է սկսել, երբ հնարավոր է տարբերել բերքատու և ոչ բերքատու շիվերը և ավարտել մինչև վազերի ծաղկումը։ Կատարվում է այգեգործական մկրատով։ Երկրորդ շվատումը կատարվում է լրիվ ծաղկումից անմիջապես հետո։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 555