Շումիլինոյի գետտո (1941 թվականի հուլիսի վերջ – օգոստոսի սկիզբ — 19 նոյեմբերի, 1941), հրեական գետտո, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական Գերմանիայի կողմից օկուպացված Բելառուսիայի տարածքում հրեաների հետապնդման ու ոչնչացման շրջանակներում Վիտեբսկի մարզի Շումիլինո գյուղի և մոտակա բնակավայրերի հրեաների բռնի վերաբնակեցման վայր։

Սպանված հրեաների՝ Շումիլինոյի գետտոյի կալանավորների հուշարձան

Շումիլինոյի օկուպացիա և գետտոյի ստեղծում խմբագրել

1939 թվականից հետո Շումիլինոյում հայտնվել են փախստականներ Լեհաստանից, որոնք պատմել են, թե ինչպես են գերմանացիները հալածում հրեաներին։ Բայց նրանց ասածներին քչերն են ուշադրություն դարձրել։ Այդ փախստականները պատերազմի առաջին օրերին անմիջապես հեռացել են Շումիլինոյից, որովհետև գիտակցում էին, թե ինչ վտանգ է սպառնում[1]։

Չնայած նրան, որ Շումիլինոն գտնվում է երկաթգծի մոտ և տարհանումը թեև դժվար, բայց հնարավոր էր, այդպես վարվել են միայն մի քանի տասնյակ ընտանիքներ. խորհրդային քարոզչությունը մարդկանց չի տեղեկացրել ճշմարտությունը գերմանացիների մասին, ոմանք կարծել են, թե նրանց շուտով կջախջախեն, մյուսներն ափսոսացել են թողնել իրենց ունեցվածքը, ծերերի ու բազմազավակ ընտանիքների համար ընդհանրապես դժվար էր հեռանալու որոշում կայացնելը, իսկ բազմաթիվ տարեցներ հիշում էին Առաջին համաշխարհային պատերազմն ու ասում, թե գերմանական օկուպացիան բոլորովին էլ սարսափելի չէ։ 1941 թվականի հունիսի 26-ին Շումիլինոյից ոչ հեռու՝ Հին Գյուղում, գերմանացիները ռմբակոծել են փախստականների էշելոնը, եղել են զոհեր, և նրանցից շատերը, որոնք դեռևս կարող էին փրկվել, դրանից հետո սկսել են վախենալ տարհանվելու համար գնացք բարձրանալուց։ Դրանից բացի, գերմանացիները մշտապես ռմբակոծել են երկաթգիծն ու Շումիլինո երկաթուղային կայարանը, և այնտեղ բազմաթիվ զոհեր են եղել[1][2]։

Շումիլինոն գերմանական զորքերի կողմից գրավվել է 1941 թվականի հուլիսի 8-ին, և օկուպացիան շարունակվել է գրեթե երեք տարի՝ մինչև 1944 թվականի հունիսի 23-ը[3][4]։

Գերմանացիները շատ լուրջ են վերաբերվել հրեական դիմադրության հնարավորությանը, այդ պատճառով էլ գետտոյում ու նախքան դրա ստեղծումն առաջին հերթին սպանել են 15-20 տարեկան հրեա տղամարդկանց՝ չնայած տնտեսական տեսանկյունից դրա աննպատակահարմարությանը, քանի որ նրանք եղել են ամենաաշխատունակ կալանավորները[5]։ Այդ պատճառով օկուպացիայի հաջորդած առաջին օրերին գերմանացիները հավաքել են տեղացի հրեա տղամարդկանց մի մասին, նրանց շարասյունով տարել 10 կմ հեռավորության վրա գտնվող Սիրոտինո և այնտեղ գնդակահարել։ Զոհերի թվում է եղել Զալման (Սոլոմոն) Ռայկինը՝ Արկադի Ռայկինի եղբայրը[1][6]։ Ապա նույն 1941 թվականի ամռանը 12 հրեա պատանիների տարել են Շումիլինոյիդ 20 կմ հեռավորության վրա գտնվող Ստարինովիչի (Միշնևիցկի գյուղխորհուրդ), ստիպել փոս փորել և սպանել։ Նրանց թվում են եղել Էստրավ Զալմանը, Նեյման Սնեերն ու Շենկինը[1][2]։

Գերմանացիները բնակավայրում կազմակերպել են ոստիկանություն։ Վերջինս ծաղրանքների է ենթարկել հրեաներին, ծեծել ու թալանել նրանց, իսկ դիմադրել փորձողներին՝ գնդակահարել։ Հանա Էդալշտեյնը հետ է խնդրել իր կաթսան իր հարևան ոստիկանից, և վերջինս նրան այդ կաթսայով ծեծել է մինչև մահանալը[1][2]։

 
Շումիլինոն Հոլոքոստի ժամանակ ոչնչացված հրեական համայնքների ցանկում, Յադ Վաշեմի թանգարանի «Ոչնչացված համայնքների հովիտ»

1941 թվականի հուլիսի վերջին և օգոստոսկ սկզբին գերմանացիները հրեաների ոչնչացման հիտլերյան ծրագրի շրջանակներում Շումիլինոյում ստեղծել են գետտո, ուր տեղափոխել են նաև շրջանի մոտակա գյուղերի հրեաներին[1][7]։

Գետտոն գտնվել է Շումիլինոյի կենտրոնում՝ հին գերեզմանատան շրջանում[7]։

Պայմանները գետտոյում խմբագրել

Որպես գետտո գերմանացիներն առանձնացրել են Փոստային փողոցի (ներկայում՝ Պիոներական փողոց) տասը տներ, որտեղից տեղափոխել են ոչ հրեա բնակիչներին։ Այդ տարածքը շրջապատվել է փշալարով ու պահպանվել։ Փշալարերի վրա կախվել են շշեր ու տարաներ, որոնք զնգացել են, երբ ինչ-որ մեկը դիպել է փշալարերին։ Դիտանոցի վրա նստել է գնդացրով ոստիկանը, որը կրակել է նրանց վրա, որոնք մոտեցել են արգելված գծին[1][2][7]։

Մահվան սպառնալիքով բոլոր հրեաներին հրամայել են իրենց հագուստի վրա կարել դեղին լատեր[1]։

Ոչ մի մթերք կալանավորներին չի տրվել։ Մարդիկ սնվել են նրանով, ինչը կարողացել են փոխանակել իրենց իրերի՝ հագուստի, ժամացույցների, մատանիների հետ։ Որոշ «բոբիկներ» (ժողովրդի շրջանում այդպես են արհամարհաբար կոչվել ոստիկանները[8][9]) ոսկի են վերցրել նրա համար, որ կալանավորներին թույլ տան իրենց իրերը փոխանակել ուտելիքի հետ։ Մարդիկ հիվանդացել և ուռել են սովից[1][2]։

Հրեա տղամարդկանց օգտագործել են հարկադիր աշխատանքներում՝ հիմնականում նրանց ստիպելով բեռնաթափել գնացքները երկաթուղային կայարանում[1]։

Գետտոյի ոչնչացում խմբագրել

Նոյեմբերի կեսերին բոլոր կալանավորներն արդեն գիտեին, որ մոտակա ժամանակներում գերմանացիները կոչնչացնեն գետտոն։ Ոստիկանները բացահայտ ասել են, որ շուտով բոլոր հրեաներին կսպանեն։ Երկու ծերունիներ անելանելիությունից և երեխաներին ու թոռներին ոչնչով օգնել չկարողանալու պատճառով ինքնասպան են եղել կախվելու միջոցով[1][2]։

1941 թվականի նոյեմբերի 19-ին գետտոյի բոլոր կալանավորներին հանել են տներից ու տարել վուշի պահեստ, որ գտնվել է ներկայիս Շումիլինյան ու Փոստային փողոցների խաչմերուկում։ Այնտեղ էլ տարել են հրեաների Պոլոցկի ու Բեշենկեվիչսկի շրջանների մոտակա բնակավայրերից[7]։

Տ. Ֆ. Կոշտանովայի հուշերից[7]։

«Գերմանացիները չէին արգելում տեղի բնակչությանը դիտել մահապատիժները, ընդհակառակը, խրախուսում էին։ Ավելի լավ, իբր, կյուրացնեն նոր իշխանությունների կարգն ու կարգապահությունը։ Հիշում եմ, քամին երիտասարդ կնոջ գլխից պոկեց գլխաշորը, և բաց գույնի ծղոտագույն մազերը ցրվեցին ուսերին։ Ուղեկցորդ պահակը բռնեց նրա ձեռքից ու դուրս քաշեց շարասյունից՝ ասելով. «Սա քո տեղը չէ։ Ռուսներին գնդակահարելու հրաման չի եղել»։ Բայց կինը, գոռալով՝ «Մայրիկ», նորից նետվեց շարասյան մեջ ու գրկեց նիհար պառավի ուսերը։ Գերմանացին կրկին դուրս քաշեց նրան ու խփեց դեմքին. «Փախի՛ր այստեղից, խելագար, ես պատասխան չեմ տալու ռուսի համար»։ Բայց նա սկսեց ինչ-որ բան բարձր գոռալ եբրայերեն, և գերմանացին հանգստանալով ձեռքը թափ տվեց, թե թող գնա դժոխք յուրայինների հետ։ Մարդկանց կանգնեցրին մեծ փոսի եզրին, և հանկարծ բոլորին միանգամից հարվածեցին գնդացիրներ»։

Նույն օրվա ավարտին՝ 1941 թվականի նոյեմբերի 19-ին, հրեաներին՝ շուրջ 400 (1376[7]) մարդու, տարել են Շումիլինոյի արևմտյան ծայրը։ Մինչ սպանության վայրը պետք է գնային մոտ կես կիլոմետր։ Շարասյունը շարժվել է բարձր լացով ու գոռոցներով։ Ոստիկանները ծիծաղելով ասել են. «Ախր դուք գնացքի մոտ եք գնում։ Գնալու եք Պաղեստին։ Այնտեղ էիք ուզում, գերմանացիներն էլ ձեզ ուղարկում են»։ Ճանապարհի երկու կողմերում կանգնել և նայել են տեղի բնակիչները։ Շարասյան հետևից գնացել են գերմանցիները շների հետ։ Հաիմ Կրասիլշչիկովին ոստիկանը մորուքից բռնած քարշ է տվել դեպի մահվան վայրը[1][2][7][10]։

Տորֆաղյուսի գործարանից ոչ հեռու հրեաներին ստիպել են մեծ փոս փորել, ապա բոլորին գնդակահարել են։ Երբ մահվան դատապարտվածներին տարել են փոսի մոտ, երիտասարդ հրեաները երգել են «Ինտերնացիոնալը», իսկ գերմանացիներն ու ոստիկաններն սկսել են ծեծել նրանց ու շներին բաց թողել նրանց վրա։ Այն վայրը, որտեղ գնդակահարվել են Շումիլինոյի հրաները, կոչվում է Դեբեև Մոխ (Շումիլինոյից 1,5-2 կմ հեռավորության վրա)[1][7][10]։

Այդ «ակցիայից» (հիտլերականներն իրենց կողմից կազմակերպված զանգվածային սպանությունները կոչել են էվֆեմիզմ) ոստիկանությունը որոնումներ է կատարել և սպանել ևս մի քանի հրեաների, որոնք թաքնվել էին[1]։

Դիմադրություն խմբագրել

Շումիլինոյի գետտոյում օկուպանտների դեմ ակտիվորեն պայքարել է Նատաշա Գերմանը[1][10]։

Գետտոյում երիտասարդությունը փորձել է կազմակերպել դիմադրություն, բայց այդ հուսահատ փորձերը քիչ արդյունավետ են եղել[1][2]։

Փրկության դեպքեր և «աշխարհի արդարակյացներ» խմբագրել

Շումիլինոյի գետտոյից փախել է Ասյա (Բասյա) Նաումի Պետրովսկայան, որը ծնվել է 1923 թվականին։ Նա կարողացել է փրկվել և հետագայում կռվել է 1-ին Բելառուսական պարտիզանական բրիգադի պարտիզանական ջոկատում[1][2]։

Մահվան դատապարտված և գնդակահարման փոսի մոտ կանգնած հրեաներից փրկվել է Ռայա Տատարսկայան։ Թեթև վիրավորվելով՝ նա անգիտակից ընկել է փոսը, ապա ուշքի է եկել իր վրա ընկնող հողից և ձևացրել, թե մեռած է։ Մի քանի ժամ անց նա դուրս է սողացել գերեզմանափոսից ու փրկվել։ Հետագայում նա կռվել է պարտիզանական ջոկատում[10]։

Դեռահաս Յակով Ռուվիմի ոգիլնիցկին, որը բացակայել է գետտոյից նրա ոչնչացման օրը, հետագայում փրկվել է Պյատնիցկոե գյուղում (Կովլյակովսկի գյուղխորհուրդ) և հետագայում կռվել պարտիզանական ջոկատում։ Յակովին փրկողները՝ Սերգեյ Կուտենկոն, Եվգենյա Կուտենկոն ու Ալեքսանդրա Գոլիկովան (Կուտենկո) իսրայելական Յադ Վաշեմ ինստիտուտի կողմից արժանացել են «աշխարհի արդարակյացի» պատվավոր կոչման «ի նշան խորին երախտագիտության Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրեա ժողովրդին ցուցաբերած օգնության համար»[1][2][11]։

Դահիճներ և սպանության կազմակերպիչներ խմբագրել

Գնդակահարությունն իրականացրած ոստիկանների թվում եղել է ոմն Բոգատիրյով։ Խորհրդային բանակի սպա Արկադի (Աբբա) Մասարսկին, որն առաջիններից մեկն է ներխուժել Շումիլինո, մի քանի որ որոնել է այդ Բոգատիրյովին, որն անձամբ գնդակահարել էր Արկադիի ընտանիքին, սակայն վերջինս նրան գտնել չի կարողացել։ Բոգատիրյովն ու նրա հանցակիցները ձերբակալվել են մոտավորապես 1951-1953 թվականներին և դատապարտվել տարբեր պատժաժամկետների[10]։

 
Սպանված հրեաների՝ Շումիլինոյի գետտոյի կալանավորների հին հուշարձանը

Հիշատակ խմբագրել

Պատերազմից անմիջապես հետո Շումիլինոյի գետտոյի կալանավորների գնդակահարման վայրում նրանց հարզատները, որ տուն էին վերադարձել պատերազմից ու տարհանման վայրից, կագնեցրել են փայտե կարճասյունակ[1][10]։

Իսրայել Ռուվիմովիչ Ստարոսելսկին վիտեբսկցի իր ընկերոջ հետ 1946 թվականի ամռանը վերականգնել է հին հրեական գերեզմանատան բոլոր պահպանված շիրմաքարերը։ Նրանք երկուսով դրել են առաջին քարերը Շումիլինոյի գետտոյի կալանավորների գնդակահարման վայրում[1][10]։

Ավելի ուշ՝ 1950-ական թվականների կեսերին, Դավիդ Իսահակի Գոլինկինն այդ վայրում տեղադրել է հուշարձան ու ցանկապատ և երկու անգամ վերանորոգել դրանք վանդալիզմի գործողություններից հետո։ Նա եղել է հուշարձանի տեղադրման նախաձեռնողը, իսկ փողը հավաքել են տարբեր մարդկանցից, որոնցից յուրաքանչյուրը տվել է, ինչքան կարողացել է։ Իշխանություններին դուր չի եկել այն, որ հուշարձանի վրայի գրությունն եբրայերեն է, բայց Դավիդ Գոլինկինը, որ պատերազմի հաշմանդամ էր, չի զիջել, և այդ հուշարձանը դարձել է Բելառուսում տեղադրված այն քչերից մեկը, որի գրությունը հետպատերազմնյան տարիներին արվել է եբրայերեն[1][7]։

Դավիդ Գոլինկինի մահվանից հետո նրա գործը շարունակել է որդին՝ Իսահակը, որը տեղադրել է հրեաների ցեղասպանության զոհերի նոր՝ մարմարե հուշարձան հնի կողքին։ Տեղացի ձեռներեց Նաումենկոն տվել է սպիտակ մարմարը, իսկ Մարիա Ալեքսեևնա Կովալևան նվիրաբերել է գումարը, որով արվել է գրությունն ու տեղադրվել հուշարձանը[1][7]։

Հուշարձանի վրա եբրայերեն գրված է.
«Մեր հայրերին, քույրերին, եղբայրներին։
Շումիլինո քաղաքի բնակիչներին, որ զոհվեցին հանուն հավատի։
Թող նրանց հոգիները հյուսվեն հովերժական կյանքի հանգույցին»[1]։

Հին հուշարձանի տեղում 2015 թվականի դեկտեմբերին տեղադրվել է նորը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 А. Шульман. Шумилинские встречи
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 А. Шульман. Свидетель кровавой трагедии
  3. «Периоды оккупации населенных пунктов Беларуси». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  4. «Память. Шумилинский район»., 1985, էջ 70, 73, 74, 184, 208
  5. А. Каганович. Вопросы и задачи исследования мест принудительного содержания евреев на территории Беларуси в 1941-1944 годах.
  6. А. Шульман. Родственники Аркадия Райкина Արխիվացված 2014-01-07 Wayback Machine
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 А. Параскевин. Последнее «прости» Արխիվացված 2014-08-20 Wayback Machine
  8. «Памяць. Асiповiцкi район» / уклад.: П. С. Качановiч, В. У. Xypciк; рэдкал.: Г. К. Кiсялёу, П. С. Качановiч i iнш. — Мiнск: БЕЛТА, 2002 ISBN 985-6302-36-6
  9. А. Адамович, Я. Брыль, В. Колесник. «Я з вогненнай вёскі…» / Мінск: Мастацкая літаратура, 1975
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 С. Старосельский. История семьи Старосельских Արխիվացված 2014-08-20 Wayback Machine
  11. Яд Вашем. Могильницкий Яков. История спасения

Գրականություն խմբագրել

  • Память. Историко-документальная хроника Шумилинского района / И. П. Шамякин (гл. ред.), Г. К. Киселёв, Е. В. Малашевич и др. — Мн.: Белорусская советская энциклопедия, 1985. — 520 с.
  • Г. Винница. Горечь и боль. — Орша: Оршанская типография, 1998. — С. 173. — ISBN 985-6120-33-0
  • Смиловицкий Л. Л. Катастрофа евреев в Белоруссии, 1941—1944. — Тель-Авив: Библиотека Матвея Черного, 2000. — 432 с. — ISBN 965-7094-24-0.
  • Ицхак Арад. Уничтожение евреев СССР в годы немецкой оккупации (1941—1944). Сборник документов и материалов, Иерусалим, издательство Яд ва-Шем, 1991, ISBN 9653080105
  • Черноглазова Р. А., Хеер Х. Трагедия евреев Белоруссии в 1941— 1944 гг.: сборник материалов и документов. — Изд. 2-е, испр. и доп.. — Мн.: Э. С. Гальперин, 1997. — 398 с. — 1000 экз. — ISBN 985627902X