Շիրակի մարզային գրադարան

Շիրակի մարզային գրադարան, գրադարանային հաստատություն Շիրակի մարզկենտրոն Գյումրիում։ Գրադարանը գործում է Գյումրու Աճեմյան 2/1 հասցեում։

Շիրակի մարզային գրադարան
ԵրկիրՀայաստան Հայաստան
Տեսակմարզային գրադարան
Գործունեության ոլորտգրադարանային գործ
Հիմնվել է1997 թվական
ՏեղադրությունԳյումրի
ՀասցեԱճեմյան 2/1, Գյումրի, Շիրակի մարզ
Այլ տվյալներ
Կայքshirak.reglib.am(հայ.)

Գրադարանի պատմություն խմբագրել

Ալեքսանդրապոլի գավառում գրադարանների գոյության մասին առաջին վկայությունները վերաբերում են 19-րդ դարի երկրորդ կեսին, երբ Ալեքսանդրապոլում բավական աշխուժացել էին հասարակական շարժումները։ Այդ ժամանակ հիմնվել են մարդասիրական, բարեսիրական և այլ ընկերություններ։ Դրանց կից բացվել են նաև ընթերցարաններ։ Խորհրդային Հայաստանի երկրորդ քաղաքի՝ Լենինականի գրադարանների գործունեության պատմությունը սկսվում է 19-րդ դարի վերջերից։ 1892 թվականին Սոֆյա Արղության–Երկայնաբազուկը Ալեքսանդրապոլ քաղաքին է նվիրել 1881-1883 թվականներին Թիֆլիսում իր միջոցներով ստեղծած առաջին մանկական գրադարանը՝ Կովկասյան հայոց բարեգործական ընկերության Ալեքսանդրապոլի մասնաճյուղի հսկողության ներքո։ Ալեքսանդրապոլում գրադարանը սկսել է գործել 1893 թվականից։

1899-1900 թվականներին, նահանգապետի կարգադրությամբ, մասնավոր հավաքածուի հիման վրա Ալեքսանդրապոլի գավառային առևտրային ուսումնարանի շենքում, քաղաքային կենտրոնական այգու հարևանությամբ (ներկայումս՝ Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոն, խորհրդային տարիներին՝ Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտ) սկսել է գործել գրադարան, որը սպասարկել է ուսումնարանի սաներին և քաղաքի ազգաբնակչությանը։ 1920 թվականին Հայաստանի հեղկոմի որոշմամբ պետականացվում և և ժողկոմխորհին են հանձնվում մշակութային-կրթական-լուսավորչական հիմնարկները, այդ թվում նաև գրադարանները, ցուցակագրվում ու բռնագրավվում են մասնավոր անձանց և գործող բոլոր գրադարանները՝ «...բացառապես տեղական կրթական հիմնարկությունների և միությունների համար»։ 1923 թվականին Ալեքսանդրապոլում գործում էր 10 գրադարան։

1924 թվականին ՀՍՍՀ Ժողկոմխորհի հրամանով Լենինական անվանափոխված քաղաքի գրադարանը ստացել է պետական քաղաքային գրադարանի կարգավիճակ, գործել է տարբեր հասցեներում։ 1946-ին տեղափոխվել է Կիրովի (այժմ՝ Ռիժկով) փողոցի թիվ 6 հասցե։ Այստեղ գրադարանը գործել է մինչև 1988 թվականի դեկտեմբերը՝ սկզբում որպես Ավ. Իսահակյանի անվան քաղաքային գրադարան, 1976 թվականից արդեն՝ Լենինականի քաղաքային խորհրդի գործկոմի Գրադարանային կենտրոնացված համակարգի Ավ.Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան։

1988 թվականի երկրաշարժի ժամանակ ԳԿՀ կենտրոնական գրադարանի շենքը զգալի վնաս կրեց և շահագործման ենթակա չէր։ Մինչև 1996 թվականը գրադարանը գործել է Վ. Տերյանի անվան մասնաճյուղում, քանի որ գրադարանի համար Սայաթ-Նովա փողոցում կառուցվող նոր շենքը ևս փլվել էր։

Շիրակի մարզային գրադարանը, որպես իրավաբանական անձ, ձևավորվել է 1997 թվականին Հայաստանում մարզերի կազմավորման արդյունքում՝ Գյումրի քաղաքի (նախկինում՝ Լենինական) Գրադարանային կենտրոնացված համակարգի Իսահակյանի անվ. քաղաքային կենտրոնական գրադարանի բազայի վրա։ 1997-2002 թվականներին գրադարանը կոչվում էր «Շիրակի մարզի հանրապետական գրադարան»։ 2003 թվականից անվանափոխվել է և մինչ օրս գործում է «Շիրակի մարզային գրադարան» ՊՈԱԿ անվանումով։ 1997-2012 թվականներին գրադարանը գործել է Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ 56 հասցեում՝ անժամկետ վարձակալությամբ տրված բնակելի շենքի առաջին հարկի բացվածքում։

2012 թվականի հոկտեմբերից գրադարանը տեղափոխվել է Աճեմյան 2/1 հասցե, ուր տարածք է հատկացվել «Կումայրի» արգելոցի հուշարձանային կառույց համարվող շենքում[1]։ Շենքի գրադարանին տրամադրված հատվածը վերականգնվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ Իտալիայի և Հայաստանի կառավարությունների ֆինանսական աջակցությամբ[2]։

Գրադարանային գործունեություն խմբագրել

Գրադարանի երեք հարկերում ձևավորվել են գրադարանի բաժինները. համալրման և մշակման, գրադարանային գործի ավտոմատացման և էլեկտրոնային շտեմարանի, սպասարկման (մեծահասակների), ընթերցասրահ, մանկապատանեկան, օտարալեզու գրականության, արվեստի, գրքային հավաքածուների կազմակերպման, օգտագործման և պահպանման, մատենագիտական տեղեկատվության, մեթոդական աշխատանքների կազմակերպման։ Կա նաև այլ խմբերի սպասարկման բաժին, որի միջոցով իրականացվում է գրադարանային սպասարկում «Ընտանեկան գրադարանավար» ծրագրով։ Ամռան ամիսներին գործում է նաև համացանցային անվճար կապով ապահովված ամառային բաց ընթերցասրահը։ Մանուկների համար ձևավորվել է բացօթյա «Հեքիաթի անկյուն»։

Գրադարանի բոլոր բաժիններն ապահովված են համակարգչային տեխնիկայով, ընթերցողների համար գործում է անվճար համացանցային սպասարկում և ազատ Wi-Fi կապ։ Գրադարանը համագործակցում է ԱՄՆ դեսպանատան, Գյումրիում գտնվող Իտալիայի և ՌԴ հյուպատոսարանների, «Ալվան ծաղիկ» հոլանդական բարեգործական, «Կազա» շվեյցարական մարդասիրական հիմնադրամների, ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի, «Բեռլին Արտհոթել» և այլ ստեղծագործական կազմակերպությունների հետ։

Գրադարանի գրքային հավաքածուն 211137 միավոր է (2018 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Գյումրիում բացվեց վերանորոգված եւ վերազինված մարզային գրադարանը». armenpress.am. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  2. «Շիրակի Մարզային Գրադարան - Visit Gyumri». Visit Gyumri. 2016 թ․ ապրիլի 26. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել