Շիրակի ճկվածք, երկրակեղևի իջած կամ ճկված միջլեռնային տեղամաս Հայաստանի հյուսիս-արևմուտքում։ Լցված է վերին պրոտերոզոյի-ստորին պալեոզոյի խիստ ծալքավորված մետամորֆային թերթաքարերով, կավճի նստվածքային և հրաբխանստվածքային գոյացումներով, պալեոգենի հրաբխածին և նեոգենի նստվածքա-հրաբխածին առաջացումներով։ Այստեղ հանդիպում են կավճի և պալեոգենի հասակի տարբեր ինարուզիաներ։ Ճկվածքի հատակը լցված է վերին պլիոցենի և չորրորդականի հրաբխածին, լճային և լճաալյուվիալ առաջացումներով։ Շիրակի ճկվածքին բնորոշ է ռելիեֆի երեք տիպ՝ Շիրակի կոլտակումնային հարթավայր, Ախուրյանի գետահովիտ և շրջակա լեռնապար։ Շիրակի կուտակումնային հարթավայրը ներկայացնում է հնում ցամաքած լճի հատակը։ Հարթավայրի ամենացածրադիր մասերը հարում են Ախուրյանի գետահովտին։ Գետը հարթավայրը կտրում է միջօրեականի ուղղությամբ և ընդունում Կարս վտակը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 516