Շիմպանզեների պատերազմ Գոմբեում

Շիմպանզեների պատերազմ Գոմբեում, հայտնի է նաև որպես Քառամյա պատերազմ[3][4], հակամարտություն Տանզանիայի Կիգոմա շրջանի Գոմբե Սթրիմ ազգային պարկում շիմպանզեների երկու համայնքների միջև 1974-1978 թվականներին։

Շիմպանզեների պատերազմ Գոմբեում
Թվական1974, հունվարի 71978, հունիսի 5
ՎայրԳոմբե Սթրիմ ազգային պարկ
ԱրդյունքԿասակելա համայնքի շիմպանզեների հաղթանակ
Հակառակորդներ
Կասակելա համայնքի շիմպանզեներԿահամա համայնքի շիմպանզեներ
Հրամանատարներ
ՖիգանՀյու և Չառլի
Կողմերի ուժեր
8 արու, 1 էգ[1]6 արու, 3 էգ, ձագեր
Ռազմական կորուստներ
1 սպանված7 սպանված, 3 անհետ կորած[2]
Ընդհանուր կորուստներ

Շիմպանզեների երկու խմբեր միավորված էին Կասակելա համայնքում։ 1974 թվականին հետազոտող Ջեյն Գուդոլլը նկատեց համայնքի պառակտում[5]։ Ութ ամսվա ընթացքում Կասակելայի հարավային մասում շիմպանզեների մի մեծ խումբ առանձնացավ խմբից և վերանվանվեց Կահամա համայնք։ Անջատողականների խումբը բաղկացած էր վեց հասուն արուներից, երեք հասուն էգերից և նրանց ձագերից։ Կասակելան ուներ ութ հասուն արու, տասներկու հասուն էգ և ձագեր[5]։ Չորս տարի տևած հակամարտության ընթացքում Կահամա համայնքի բոլոր արուները սպանվեցին, ինչը փաստացի հանգեցրեց նրա կազմաքանդմանը։ Հաղթանակած Կասակելան այնուհետև ընդլայնվեց դեպի Կահամայի տարածք, բայց հետագայում այնտեղից վտարվեց շիմպանզեների մեկ այլ համայնքի կողմից։

Նախադրյալներ խմբագրել

 
Գոմբեի շիմպանզեների կերակրման կայան
 
Ջեյն Գուդոլլը 2015 թվականին

Մինչև քառամյա պատերազմը Գոմբե Սթրիմ ազգային պարկը հայտնի էր որպես Գոմբե Սթրիմ հետազոտական կենտրոն[6]։ Այգին գտնվում է Կակոմբե հովտի ստորին մասում և հայտնի է պրիմատների հետազոտման իր հնարավորություններով, որոնցից առաջին անգամ օգտվել է հետազոտող Ջեյն Գուդոլլը, որը Հետազոտական կենտրոնի տնօրենն էր[6]։ Այգին գտնվում է գետահովտից վեր բարձրացող բլուրների զառիթափ լանջերին և ծածկված է գետային խիտ անտառով[7]։ Այս բլուրների վրա շիմպանզեներն ապրում էին տարածքային համայնքներով, որոնք բաժանված էին մեկից մինչև քառասուն առանձնյակներ ունեցող խմբերի[7]։

Կասակելա համայնքը գտնվում էր կենտրոնական հովտի երեք ուսումնասիրվող տարածքներից մեկում․ հյուսիսում Կասակելա համայնքն էր, հարավում՝ Կակոմբեն և Մկենկեն[6]։ Կենդանիների՝ տարածքայնության ապացույցները առաջին անգամ փաստագրվել են, երբ Գուդոլլը կերակրելիս հետևել է շիմպանզեներին՝ նշելով նրանց տարածքային ագրեսիվ վարքագիծը։ Այնուամենայնիվ, նա չէր կանխատեսում գալիք հակամարտությունը[8]։

Կասակելա համայնքից բաժանվելուց հետո նոր ձևավորված Կահաման գլխավորում էին Հյու և Չառլի եղբայրները, մյուս հասուն արուների անուններն էին Գոդի, Դե, Գողիաթ և Երիտասարդ Սնիֆ։ Կասակելայի արուների թվում էին Սատանան, Շերին, Էվերեդը, Ռոդոլֆը, Ջոմեոն, Մայքը, Համֆրին և Ֆիգանը[9], որը ալֆա արու էր[9]։

Պատերազմ խմբագրել

Առաջին արյունը թափել է Կասակելա համայնքը 1974 թվականի հունվարի 7-ին[10], երբ Կասակելա խմբի վեց հասուն արուները՝ Համֆրին, Ֆիգանը, Ջոմեոն, Շերին, Էվերեդը և Ռոդոլֆը, դարանակալել են Կահամայի մեկուսացած արու Գոդիին[11]։ Կասակելայի արուներին ուղեկցել է մեկ էգ՝ Գիգին, սակայն նա ուղղակիորեն չի մասնակցել կռվին[1]։ Թեպետ Գոդին փախուստի փորձ է ձեռնարկել, հարձակվողները բռնել են նրան, գցել գետնին և ծեծել այնքան, մինչև նա դադարել է շարժվելուց[1]։ Դրանից հետո Կասակելայի արուները մեծ ցնծությամբ տոնել են հաղթանակը՝ ճյուղեր նետելով ու բարձր բղավելով, իսկ հետո նահանջել են[1]։ Հենց հաղթողները հեռացել են, Գոդին նորից ոտքի է կանգնել, բայց, հավանաբար, կարճ ժամանակ անց սատկել է ստացած վնասվածքներից[1]։ Սա առաջին դեպքն էր, երբ որևէ շիմպանզե դիտավորյալ փորձում էր սպանել մեկ այլ արու շիմպանզեի[10]։

Գոդիի սատկելուց հետո Կասակելաները սպանել են Դեին, իսկ հետո Հյուին[12]։ Դեի վրա հարձակվելու ժամանակ էգ Գիգին արուների հետ, ըստ էության, մասնակցել է մարտին[1]։ Ավելի ուշ հերթը հասել է ծեր Գողիաթին։ Պատերազմի ողջ ընթացքում Գողիաթը համեմատաբար ընկերական էր Կասակելայի հարևանների հետ, սակայն նրա բարությանը փոխադարձությամբ չեն պատասխանել, և նրան ևս սպանել են[13]։ Հաջորդը սպանվել է Չառլին[14]։ Նրա սատկելուց հետո անհետացել և այդպես էլ չի գտնվել պոլիոմիելիտով տառապող երիտասարդ արու Վիլի Ուոլին։ Կահամա խմբի վերջին մնացած չափահաս արուն՝ Երիտասարդ Սնիֆը, ապրել է ավելի քան մեկ տարի[15]։ Որոշ ժամանակ թվում էր, թե նա կարող է փախչել նոր համայնք կամ վերադառնալ Կասակելա, բայց դա տեղի չունեցավ. Երիտասարդ Սնիֆը նույնպես սպանվեց Կասակելայի մի խումբ արուների կողմից[16]։ Կահամայի հասուն էգերից մեկը սպանվել է, երկուսը անհետ կորել են, իսկ երեք երիտասարդ էգերը ծեծի են ենթարկվել և առևանգվել Կասակելայի արուների կողմից[17]։ Երիտասարդ Սնիֆի սատկելուց հետո Կասակելաները տիրացել են Կահամայի նախկին տարածքին[17]։

Սակայն Կահամայի անհետացումից հետո Կասակելայի տարածքը մտել է շիմպանզեների մեկ այլ համայնքի տարածք, որը կոչվում էր Կալանդե[18]։ Վախենալով թվաքանակով իրենց գերազանցող Կալանդեից, ինչպես նաև իրենց սահմանի երկայնքով տեղի ունեցած մի քանի կատաղի բախումներից՝ Կասակելան արագորեն հրաժարվեց իրենց նոր տարածքի մեծ մասից։ Բացի այդ, երբ նրանք հետ էին շարժվում դեպի հյուսիս, Կասակելային հետապնդում էր Միտումբա համայնքի շիմպանզեների մի խումբ, որը քանակով նույնպես գերազանցում էր Կասակելա համայնքին։ Ի վերջո, մարտական գործողությունները մարել են, և խաղաղությունը վերականգնվել է[18]։

Եզրահանգումներ խմբագրել

Ջեյն Գուդոլլը հայտնի է շիմպանզեների վերաբերյալ իր հետազոտություններով[19]։ Պատերազմի բռնկումը ցնցել էր նրան, քանի որ նախկինում նա շիմպանզեներին համարում էր թեև նման մարդկանց, բայց «ավելի դուրեկան»[9]։ Համակցելով 1975 թվականին իր այն տեսածը, երբ բարձրհիերարխիկ էգը խժռում էր իր ձագին, և Քառամյա պատերազմը՝ նա իր համար բացահայտել է շիմպանզեների վարքագծի «մութ կողմը»[9]։ 1990 թվականի իր «Պատուհանի միջով. իմ երեսուն տարիները Գոմբեի շիմպանզեների հետ» հուշերում նա գրել է.

  Մի քանի տարի փորձում էի համակերպվել այս նոր գիտելիքների հետ։ Հաճախ, երբ գիշերն արթնանում էի, գլխումս սարսափելի պատկերներ էին հայտնվում. Սատանան [կապիկներից մեկը] ձեռքը գցում էր Սնիֆի կզակի տակ և խմում նրա արյունը, որը հոսում էր նրա մռութի մեծ վերքից։ Ծեր Ռոդոլֆը, որը սովորաբար այնքան բարեհամբույր էր, ուղղում էր մեջքը՝ չորսֆունտանոց քարը Գոդիի խոնարհված մարմնի վրա նետելու համար։ Ջոմեոն Դեի ազդրից կտրում էր մաշկի շերտը։ Ֆիգանը նորից ու նորից հարվածում էր իր մանկության հերոսներից մեկի՝ Գողիաթի ցնցված, դողդոջուն մարմնին։  

Երբ Գուդոլլը հաղորդել է Գոմբեի պատերազմի իրադարձությունների մասին, ոչ բոլորն էին հավատացել շիմպանզեների միջև բնական պատերազմի նրա պատմությանը։ Այն ժամանակ մարդու և կենդանիների վարքագծի գիտական մոդելները գրեթե երբեք չէին հատվել[20]։ Որոշ գիտնականներ նրան մեղադրում էին չափից ավելի մարդակերպության մեջ[20], մյուսները ենթադրում էին, որ նրա ներկայությունը և շիմպանզեներին կերակրելու սովորությունը բնական խաղաղ համայնքում բռնի հակամարտություն են առաջացրել[21]։ Այնուամենայնիվ, պակաս սևեռուն մեթոդների օգտագործմամբ ավելի ուշ կատարված հետազոտությունները հաստատել են, որ շիմպանզեների խմբերն իրենց բնական վիճակում գտնվում են պատերազմի մեջ[21][22]։ Ֆիզիկական մարդաբանության ամերիկյան ամսագրում (անգլ.՝ American Journal of Physical Anthropology) հրապարակված 2018 թվականի ուսումնասիրությունը եզրակացրել է, որ Գոմբեի պատերազմը, ամենայն հավանականությամբ, երեք բարձրաստիճան արուների միջև իշխանության պայքարի հետևանք էր, որը սրվել է սեռահասուն էգերի պակասի պատճառով[23]։

Աղբյուրներ խմբագրել

  • Frankenberry, Nancy K. (2008). The Faith of Scientists: In Their Own Words. Princeton University Press. ISBN 978-0691134871.
  • Goodall, Jane (2010) [1st pub. 1990]. Through a Window: My Thirty Years with the Chimpanzees of Gombe. Houghton Mifflin Harcourt. ISBN 9780547488387.
  • Morris, Ian (2014). War! What Is It Good For?: The Role of Conflict and the Progress of Civilisation from Primates to Robots. MacMillan Publishers. ISBN 9781847654540.

Լրացուցիչ գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Goodall, 2010, էջ 122
  2. Goodall, 2010, էջ 122–130
  3. Goodall, 2010, էջ 281
  4. Frankenberry, 2008, էջ 298
  5. 5,0 5,1 Goodall, 2010, էջ 120
  6. 6,0 6,1 6,2 Martin, R. D. (1974). «The Predatory Behaviour of Wild Chimpanzees, by Geza Teleki. Bucknell University Press, $15». Oryx. 12 (3): 387–388. doi:10.1017/s0030605300012084. ISSN 0030-6053.
  7. 7,0 7,1 «On the occurrence of Colobus Kirkii». Annals and Magazine of Natural History. 13 (76): 307. 1884. doi:10.1080/00222938409459242. ISSN 0374-5481.
  8. Wilson, Michael L.; Wrangham, Richard W. (2003). «Intergroup Relations in Chimpanzees». Annual Review of Anthropology. 32 (1): 363–392. doi:10.1146/annurev.anthro.32.061002.120046. ISSN 0084-6570.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  9. 9,0 9,1 9,2 9,3 Goodall, 2010
  10. 10,0 10,1 Morris, 2014, էջ 288
  11. Goodall, 2010, էջ 121
  12. Goodall, 2010, էջ 105
  13. Goodall, 2010, էջ 105–106
  14. Goodall, 2010, էջ 106
  15. Goodall, 2010, էջ 107
  16. Goodall, 2010, էջ 108
  17. 17,0 17,1 Morris, 2014, էջ 289
  18. 18,0 18,1 Goodall, 2010, էջ 129–130
  19. «A Brief History of the Gombe Chimpanzee War». Discover Magazine (անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 22-ին.
  20. 20,0 20,1 Bradshaw, G. A. (2009). Elephants on the Edge: What Animals Teach Us about Humanity. en:Yale University Press. էջ 40. ISBN 9780300154917.
  21. 21,0 21,1 Morris, 2014
  22. «Nature of war: Chimps inherently violent; Study disproves theory that 'chimpanzee wars' are sparked by human influence». Science Daily. 2014 թ․ սեպտեմբերի 17.
  23. «How infighting turns toxic for chimpanzees». ScienceDaily (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 1-ին.