Շեշտ (երաժշտություն)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շեշտ (այլ կիրառումներ)

Շեշտ՝ երաժշտության մեջ, 1․ առոգանության և դրա գրավոր համակարգերի կարևորագույն տարրերից մեկը։ Այս առումով համանշանակ է լատիներեն accentus-ին (ac-cantus-ձայնի հնչելը, բարձրացումը, սրումը և այլն), որը անտիկ հռետորության ուսմունքի արմատական հասկացություններից էր, ընդգրկելով առոգանության ուժգնության հեա կապված բոլոր «երգեցիկ» պահերը։ 2․ խազային նոտագրության առավել գործածական տարրերից մեկը (տես Խազագրություն3․ Երաժշտության առանձին հնչյունի (կամ համահնչյունի) ուժային ընդգծումը, որ կատարվում է արտահայտչական զանազան նպատակներով (մետրական, ռիթմական, ֆրազավորման, մեղեդիական, ագոգիկ և այլ շեշտեր)։ Շեշտի նշաններն են․ սուր՝ VA, կոշտ՝ >, փափուկ —։ Անկախ նպատակային շեշտադրությունից, երաժշտության հոսքում կից հնչյուններից բարձրն ու երկարը բնականից ավելի շեշտված է ընկալվում (ինտոնացիոն շեշտ), քան ցածրն ու կարճը։ Այս երևույթը լայնորեն օգտագործվում է խոսքերով երաժշտության մեջ, ուր ինտոնացիոն և այլ շեշտերը, որպես կանոն, համընկնում են տեքստի բառային և նախադասության իմաստային շեշտերին։ Ժողովրդական երգերում (կոմպոզիտորականի համեմատությամբ) խոսքային և երաժշտական շեշտերի հարաբերությունը բավական ազատ է, օրինակ՝ այդ ազատությունը ժողովրդական երգերին առանձնահատուկ երանգ է տալիս։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 482 CC-BY-SA-icon-80x15.png