Շարունակական պասիվ շարժում

Շարունակական պասիվ շարժման (CPM) սարքավորումներն օգտագործվում են փափուկ հյուսվածքների վիրահատական միջամտությունից կամ վնասվածքից հետո ռեաբիլիտացիոն բուժման առաջին փուլի ընթացքում։ Ռեաբիլիտացիայի առաջին փուլի նպատակներն են. նվազեցնել հետվիրահատական ցավերը, նվազեցնել բորբոքումը, ապահովել որոշակի հստակ սահմանված պասիվ շարժումներ, և նպաստել հյուսվածքների վերականգնմանը։ Շարունակական պասիվ շարժումներն ապահովվում են CPM սարքավորման միջոցով, որը շարունակական կերպով, հստակ սահմանված և կարգավորվող ծավալով իրականացնում է հոդում շարժումներ, որոնց կոնկրետ ծավալը կախված է լինում տվյալ հոդից։ Սակայն, դեպքերի մեծ մասում, ժամանակի ընթացքում շարժումների ծավալը մեծացվում է։

Շարունակական պասիվ շարժում
հապավումCPM
հոմանիշ(ներ)Հոդերի շարունակական պասիվ մշակման սարքավորում
միջամտությունԲուժական մարմնամարզություն
հայտնագործող(ներ)Ռոբերտ Սոլտեր, Ջոն Սարինգեր
նշումներ1970թ.՝ գաղափար, 1978թ.՝ սարքի ստեղծում

CPM-ն օգտագործվում է տարբեր հոդերի ռեկոնստրուկտիվ վիրահատություններից հետո ռեաբիլիտացիայի ընթացքում։ Այդպիսի վիրահատություններից են, օրինակ՝ ծնկան հոդի էնդոպրոթեզավորումը, առաջային խաչաձև կապանի վերականգնումը։ Կախված նրանից, թե ինչ վիրահատություն է տարել տվյալ հիվանդը, CPM մեթոդը հոդի վերականգնմանը նպաստում է տարբեր մեխանիզմներով։ Մեխանիզմներից մեկն է սինովիալ հեղուկի շարժը, ինչի շնորհիվ բարելավվում է սննդանյութերի դիֆուզիան դեպի վնասված աճառը, ինչպես նաև այլ նյութերի (արյուն, նյութափոխանակության արգասիքներ) հեռացումը։ Մեկ այլ մեխանիզմ է՝ հոդում շարժումների ծավալը նվազեցնող ֆիբրոզ սպիական հյուսվածքի ձևավորման կանխարգելումը հոդում։ Գաղափարի հեղինակը Ռոբերտ Սոլտերն է (1970), ով 1978 թվականին, ինժեներ Ջոն Սարինգերի օգնությամբ, ստեղծեց CPM սարքավորում[1][2]։

CPM-ի կիրառում ծնկան հոդի էնդոպրոթեզավորումից հետո խմբագրել

Ցույց է տրվել, որ այն հիվանդների մոտ, ովքեր տարել են ծնկան հոդի էնդոպրոթեզավորում առանց բարդությունների, շարունակական պասիվ շարժումները բերում են հիվանդի վիճակի կլինիկորեն զգալի բարելավման։ Երկար ժամկետներում CPM-ը բարելավում է ծնկան հոդի ֆունկցիան, ծալումը, ինչպես նաև տարածումը՝ կարճ կամ երկար ժամկետներում։ Հատուկ դեպքերում, երբ հիվանդի մոտ կան այնպիսի խնդիրներ, որոնք թույլ չեն տալիս իրականացնել ստանդարտ բուժում ակտիվ շարժումների միջոցով, CPM-ը կարող է բավականին օգտակար լինել։ Հիվանդի կողմից վերականգնողական շրջանի ճիշտ ռեժիմի պահպանումը ռեաբիլիտացիայի հաջողման գրավականն է։ Տնային պայմաններում ռեաբլիտացիա անցնող հիվանդները նույնպես պետք է խստորեն հետևեն բժշկի հրահանգներին։

CPM-ի կիրառում ինսուլտներից հետո խմբագրել

Կան էրգոթերապիայի մի քանի մեթոդներ, որոնք մեծապես խորհուրդ են տրվում կաթված տարած հիվանդների մոտ։ CPM սարքավորման միջոցով ապահովվող շարժումները պոտենցիալ թույլ են տալիս իրականացնել կոռեկցող և արագ պրոգրեսիվող բուժում[3]։ Այսպես են կարծում Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները։ Նրանց կարծիքով՝ բուժման այս մեթոդի պոտենցիալը դեռևս լիովին չի օգտագործվում, և այս ոլորտում կա հետագա հետազոտությունների կարիք։ CPM սարքավորումները դեռևս հազվադեպ են կիրառվում այս հիվանդների բուժման մեջ։

Տնային պայմաններում, տարբեր պատճառներով հիվանդները հաճախ են մոռանում կատարել բուժական վարժությունները, սակայն CPM սարքը, օրինակ, կարելի է օգտագործել հեռուստացույց դիտելիս կամ տարբեր նստակյաց աշխատանքներ կատարելիս։ Վերականգնողական բուժում անցնելու ընթացքում, վարժություններ կատարելիս, միաժամանակ մի քանի բանով զբաղվելու հնարավորությունը՝ համադրելով հանգստի (ռեկրեացիոն թերապիա) հետ, ավելի խոստումնալից է դարձնում տնային պայմաններում բուժման հնարավորությունները։

Տնային պայմաններում հիվանդի կողմից բուժման ռեժիմի հստակ պահպանումը նույնքան կարևոր է, որքան այդ ռեժիմի ճիշտ ընտրությունը բժշկի կողմից։ Այս պատճառով է, որ որոշ գիտական հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ ֆիզիոթերապիան և էրգոթերապիան ավելի լավ արդյունքներ են տալիս, քան զուտ CPM սարքերի օգտագործումը։ CPM սարքերը պետք է օգտագործվեն որպես լրացում, այլ ոչ՝ որպես հիմնական բուժման մեթոդ։ Բացի այդ՝ նշված հետազոտություններում մասնակցած պացիենտներից բոլորը ֆիզիոթերապիա և էրգոթերապիա անցնելիս խստորեն պահպանում էին անհրաժեշտ ռեժիմը, մինչդեռ, տնային պայմաններում, հիվանդների մեծ մասն այնքան էլ հետևողական չեն վարժությունները ճիշտ և ժամանակին կատարելու գործում[4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Salter, R. B (1989). «The biologic concept of continuous passive motion of synovial joints. The first 18 years of basic research and its clinical application». Clinical Orthopaedics and Related Research (242): 12–25. PMID 2650945.
  2. Salter, Robert B; Hamilton, Henry W; Wedge, John H; Tile, Marvin; Torode, Ian P; O'Driscoll, Shawn W; Murnaghan, John J; Saringer, John H (1983). «Clinical application of basic research on continuous passive motion for disorders and injuries of synovial joints: A preliminary report of a feasibility study». Journal of Orthopaedic Research. 1 (3): 325–342. doi:10.1002/jor.1100010313. PMID 6481515.
  3. «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  4. Campbell, R (2001). «Why don't patients do their exercises? Understanding non-compliance with physiotherapy in patients with osteoarthritis of the knee». Journal of Epidemiology & Community Health. 55 (2): 132–138. doi:10.1136/jech.55.2.132. PMC 1731838. PMID 11154253.
  5. Sluijs, E.M; Knibbe, J.J (1991). «Patient compliance with exercise: Different theoretical approaches to short-term and long-term compliance». Patient Education and Counseling. 17 (3): 191–204. doi:10.1016/0738-3991(91)90060-I.