Շահկերտի ապստամբություն

Շահկերտի ապստամբություն 1750 թվական, Շահկերա գյուղի (Երնջակ գավառում) հայ բնակիչների հերոսական պայքարը Նախիջևանի խան Հեյդարկուլի զորքի դեմ։ Նադիր շահի սպանությունից (1747 թվական) հետո Իրանում սկիզբ առած անիշխանության, ֆեոդալական հակամարտ խմբավորումների միջև գահակալական պայքարի սրման պայմաններում, նորից դաժան հալածանք ու կեղեքում Էր սկսվել հայ բնակչության նկատմամբ։ Դավիթ Բեկի հաղթական կռիվների ավանդները վառ պահած Նախիջևանի և Դողթնի հայերը նախ ապստամբել են Նախիջևանի Մուհամմադկուլի, ապա Հեյդարկուլի խանի դեմ։ Իսկ երբ Նախիջևանի խան է նշանակվել ազգությամբ վրացի Բեհնամը, հայերին ազատել է ծանր հարկերից, նրանցից զորք հավաքել և պաշարել իր դեմ ապստամբած Օրդուբադրը։ Սակայն կաշառքով իր պաշտոնը ետ ստացած Հեյդարկուլին վերադարձել Է, Նախիջևանից վտարել Բեհնամ խանին և հարձակման անցեյ հայերի դեմ։ Հայերի դիմադրության կենտրոնը դարձել է Շահկերտ գյուղը, որի պղնձագործ վարպետները ձուլել են պաշտպանության համար անհրաժեշտ թնդանոթներ և արկեր։ Շահկերտցիները (մոտ 500 հոգի), Հովհաննես Խանդամիրյանի գլխավորությամբ ամրանալով մոտակա լեռան վրա գտնվող ամրոցում, հերոսաբար ետ են մղել Հեյդարկուլի խանի հարձակումները, մեծ կորուստներ պատճառել թշնամուն։ Հեյդարկուլին դիմել է բանակցությունների։ Դիմադրության առաջնորդ Հովհաննես Խանդամիրյանը ցանկացել է շարունակել պայքարը, հասկանալով, որ Հեյդարկուլի խանը չի պահպանի հաշտության պայմանները, բայց ապստամբների գերակշռող մասի ճնշման տակ տեղի է տվել։ Հեյդարկուլին խնջույքի է հրավիրել ու նենգորեն թունավորել Հովհաննես Խանդամիրյանին ու աչքի ընկնող այլ հայ առաջնորդների, կրկին հալածանք սկսել հայերի դեմ։ Շահկերտցիներից շատերը ստիպված հեռացել են Ղափան, հետագայում գաղթել Շուշի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 426 CC-BY-SA-icon-80x15.png