Նորայր Մարության

հայ լրագրող
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարության ազգանունով այլ մարդկանց մասին։

Նորայր Յուրիի Մարության (փետրվարի 1, 1966(1966-02-01) - հունվարի 19, 1993(1993-01-19)), լրագրող-ազատամարտիկ, Ղարաբաղյան պատերազմի մասնակից։

Նորայր Մարության
Ծնվել էփետրվարի 1, 1966(1966-02-01)
Մահացել էհունվարի 19, 1993(1993-01-19) (26 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Արցախ
Մասնագիտությունլրագրող

Կենսագրություն խմբագրել

Նորայր Յուրիի Մարությանը ծնվել է 1966 թվականի փետրվարի 1-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ներքին Հորաթաղ գյուղում, բուժաշխատողի ընտանիքում։ Հայրը՝ Յուրի Մարությանը, բուժաշխատող էր, մայրը՝ Ֆլորիդա Բաղդասարյանը, ուսուցչուհի։ 1972-1980 թվականներին Նորայր Մարությանը նախնական կրթություն է ստացել տեղի միջնակարգ դպրոցում, 1980 թվականից տեղափոխվել է Մարտակերտի միջնակարգ դպրոց, որն էլ 1983 թվականին ավարտել է գերազանց գնահատականներով։ 1984-1986 թվականներին Նորայր Մարությանը Չիտայում անցել է ծառայության։ Խորհրդային բանակում ծառայությունն ավարտելով վերադարձել է հայրենիք 1987 թվականին ընդունվել ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ 1992 թվականին ուսումը շարունակել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ամբիոնի ասպիրանտուրայում։

1992 թվականի օգոստոսից որպես լրագրող-ազատամարտիկ աշխատել է «Ազատամարտ» շաբաթաթերթում։ Լինելով շաբաթաթերթի արցախյան թղթակիցը մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին։

Նորայր Մարությանը 1993 թվականի հունվարի 17–ին Առաջաձորի պաշտպանության մարտերում Ջլոտ կոչվող տեղամասում ծանր վիրավորվում և երկու օր անց՝ հունվարի 19-ին, մահանում է։ Մարությանի աճյունն ամփոփված է Մասիս քաղաքի գերեզմանատանը։ ՀՀ նախագահի 2002 թվականի հրամանագրով Նորայր Մարությանը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով, իսկ ԼՂՀ նախագահի 2003 թվականի հրամանագրով՝ «Մարտական ծառայության» մեդալով[1]։

Մարտական ուղի խմբագրել

Նորայր Մարությանը մասնակցել է 1989-1993 թվականներին Արցախյան ազատագրական շարժմանը և մարտական գործողություններին։ 1992 թվականին որպես «Ազատամարտ» շաբաթաթերթի Արցախյան հատուկ թղթակից գործուղվել է Արցախ, կատարել լրագրողի պարտականություններ և տարբեր ջոկատներում մասնակցել է ռազմական գործողություններին։

Նորայր Դանիելյանի գնդում մասնակցելով բազմաթիվ մարտերի՝ 1992 թվականի օգոստոսից 1993 թվականի hունվարի 17-ը եղել Մարտակերտի ռազմաճակատում։

Փոխգնդապետ Ժիրայր Սեֆիլյանի հրամանատարությամբ Նորայր Մարությանը 1992 թվականի սեպտեմբերին Առաջին վաշտի հետ մասնակցել է մարտական գործողություններին։

1992 թվականի հոկտեմբերից մինչև 1993 թվականի հունվարը Նորայր Մարությանը Աշոտ Ղուլյանի ջոկատում մասնակցել է Առաջաձորի պաշտպանությանը, որի մասին ներկայացրել է իր գրած հոդվածներում, հարցազրույցներում և «Ազատամարտ» շաբաթաթերթի էջերում։ Նորայր Մարությանի վերջին գրառումները մնացել են անավարտ, սակայն հետագայում տպագրվել են «Զինվոր» թերթում[2]։ 1993 թվականի հունվարի 17-ին Առաջաձորի պաշտպանության ժամանակ Ջլոտ կոչվող տեղամասում Նորայր Մարությանը ծանր վիրավորվելով երկու օր անց մահանում է։

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի լսարաններից մեկը 2006 թվականի սեպտեմբերին անվանակոչվել է Նորայր Մարությանի անունով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Նորայր Մարությանի էջը ԵՊՀ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 3-ին.
  2. Նորայր Մարության. Նոր Աւարայրի Մատենագիրն ու Զինուորը, Երևան Էդիթ Պրինտ, 2006, էջ 247