Նիկոլայ Միկլուխո-Մակլայը պապուասների մշակույթում

Նիկոլայ Միկլուխո-Մակլայը 3 անգամ եղել է Նոր Գվինեայի հյուսիս-արևելյան ափերն ուսումնասիրող արշավախմբերում. 1871 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև 1872 թվականի դեկտեմբերի 19-ը, 1876 թվականի հունիսի 27-ից մինչև 1877 թվականի նոյեմբերի 6-ը և 1883 թվականի մարտի 17-ից մինչև մարտի 23-ը։ Երկու երկարատև ճանապարհորդությունների ընթացքում, նա հաջողությամբ շփման մեջ մտավ տեղի բնիկների` բոնգու ժողովրդի հետ, որոշ չափով տիրապետեց նրանց լեզվին, որի արդյունքում դարձավ առասպելների և ժողովրդական բանահյուսության հերոս։ Միկլուխոյի մասին առաջին առասպելները գրառվել են 1906 թվականին գերմանացի միսիոներների կողմից, երբ դեռ կենդանի էին այն մարդիկ, ովքեր անձամբ ճանաչում և հիշում էին ճանապարհորդին։ Առասպելական տեքստերը պատմական երևույթների վերջնական ձևափոխություններ չէին․ նրանք գոյություն են ունեցել զուգահեռաբար։ Միկլուխո Մակլայը որոշ գործիքներ և գյուղատնտեսական բույսեր մտցրեց բնիկների կենցաղ, որոնց ռուսերեն անվանումները անցան բոնգու լեզվի մեջ, իսկ հետագայում՝ առևտրական կապերի շնորհիվ, տարածվեցին երկրի ողջ տարածքով։ Այդ ռուսական բառերը, որոնցից մեծ մասը ոչ մի կապ չուներ ռուսաց լեզվի հետ, ցույց են տալիս նոր գվինեական լեզուներում արևմտյան նորարարությունները,  իսկ մշակութային հերոս Միկլուխո Մակլայի կերպարին վերագրվող բառերի թիվը մշտապես աճում է։

Ն․ Միկլուխո-Մակլայը արշավային հանդերձանքով։ 1880 թվականի լուսանկար։

Ա. Տուտորսկին պապուասների դիցաբանության մեջ առանձնացրեց Միկլուխո Մակլայի երեք կերպար։ 20-րդ դարի սկզբին արձանագրված լեգենդներում նա հանդես է գալիս որպես դասական մշակութային հերոս. նա դադարեցրել է պատերազմները, նվիրել  երկաթե կացիններ, ցեղերին սովորեցրել է հողագործություն և կղզու բնակիչներին կոչ արել տեղափոխվել մայրցամաք։ 1940-1950-ական թվականներին Մակլայի անունը կապվում է բեռի պաշտամունքի հետ. նա պապուասներին հանձնեց դրոշ՝ որպես բարձրագույն ուժերի ուխտի նշան, խոսեց գաղութատիրությունից պապուասների անկախության մասին և նրանց նվիրեց սննդամթերք ու եվրոպական ապրանքներ, ներառյալ պահածոյացված կերակուր, աղ և բրինձ։ 21-րդ դարի սկզբի տեքստերում, որոնք 2010 թվականին գրառվել էին Կունստկամերայի ռուսական արշավախմբի կողմից, Մակլայը բնիկների կախարդական գիտելիքների ստացողն էր. այդ կերպարը հիմնավորեց եվրոպացիների հետ համագործակցության անհրաժեշտությունը։ Այս առասպելի սոցիալ-տնտեսական հիմքը լավ գիտակցվում էր բնիկների կողմից[1]։ 20-րդ դարի սկզբից Մակլայի ավանդները աստիճանաբար ներթափանցեցին լեռնային ցեղերի մեջ, որոնց դիցաբանության մեջ նրա պատկերը ավելի շատ կապված էր միսիոներների՝ լուսավորիչների, և նույնիսկ Հիսուս Քրիստոսի հետ։ Այս ավանդներում նրան կոչում էին Մագարա կամ Մագրուայ։ Գորենդուկ ցեղի հողը, որի վրա 1871 թվականին առաջին անգամ իջավ Միկլուխո Մակլայը և կառուցեց առաջին ստացիոնար բազան, համարվում էր իր տեսակի «Ավետյաց երկիր», որի վրա 2017 թվականին կառուցվեց բոնգու ժողովրդի նոր գյուղ, որը կրում էր աստվածացված ճանապարհորդի անունը[2][3]։

Պատմագրություն խմբագրել

 
Միկլուխո Մակլայի հուշարձանը Նոր Գվինեայում

1884 թվականին՝ գերմանական «Վիլհելմ կայսեր երկիր» գաղութի ստեղծումից հետո, Օտտո Ֆինշը, Հյուգո Ցյոլերը, Օտտո Դեմպվոլֆը, որ ուսումնասիրել էին տեղի ժողովուրդների լեզուն, Բիլի-Բիլի և Կառ-Կառ կղզիներում գրառեցին մի քանի լեգենդ Միկլուխո-Մակլայի մասին։ Ավելի ուշ գյուղերից մեկում հիմնվեց Ռեյնյան Լյութերական միսիոներություն, որի աշխատակիցները, առաջին հերթին բժիշկ Բերնհարդ Հագենը և միսիոներներ Ավգուստ Հանկեն, Գեորգ Էյֆերտը, Ալբերտ Հոֆֆմանը, Յակոբ Վելշը, մշտապես բախվում էին Միկլուխո-Մակլայի մասին իրական հիշողությունների և ձևավորված ավանդույթներին։ Դմիտրի Անուչինի խնդրանքով Բերնհարդ Հագենը հավաքած նյութերի հիման վրա 1903 թվականին հրատարակեց «Ն. Ն. Միկլուխո-Մակլայի մասին Նոր Գվինեայի Աստրոլյաբին ծովածոցի բնակիչների հիշողությունները»[4] գիրքը։ Հետագայում լյութերական առաքելությունը հավաքագրեց ազգագրական նյութեր, բայց դրանց մի մասը միայն հրատարակվեց։ 1964 թվականին Պիտեր Լոուրենսի հրատարակած «Բեռի ճանապարհը» գրքում նկարագրված է 1871-1950 թվականների ընթացքում Մակլայի Ափի պապուասների շփումների պատմությունը եվրոպացիների հետ, և առաջին հերթին իր` Միկլուխո-Մակլայի հետ։ Ըստ «Կրոնը Մելանեզիայում» նորագույն մատենագրական հրատարակության հեղինակ Հարի Տրոմպֆի՝ «այն բեռի պաշտամունքի մասին լավագույն գիրքն է»։ Մակլայի պաշտամունքի հետագա զարգացումը պարբերաբար նկարագրվել է գիտական գրականության մեջ, ընդ որում՝ 1960-ական թվականների հրապարակումներից մեկում արձանագրվեց, որ Մակլային նույնիսկ կարող էին նույնացնել Հիսուս Քրիստոսի հետ[5]։

20-րդ դարի ընթացքում Մակլայի Ափի դիցաբանության մեջ առկա էր Ն. Ն. Միկլուխո-Մակլայի կերպարը, բայց այն վեր էր մշակութային հերոսի պատկերացումից, քանի որ պարունակում էր «սպիտակ պապուասի» մասին համոզմունքներ` որպես հեռավոր նախնու։ 1971 թվականին խորհրդային ազգագրական արշավախումբը բեռի պաշտամունքի շրջանակներում բախվել է Մակլայի վերաբերյալ պապուասների հավատքին[6]։ Երբ արշավախմբի անդամները ժամանեցին Բոնգու գյուղ, նրանց ուղեկցող տեղական վարչակազմի ներկայացուցիչը առաջին իսկ օրը խորհրդային գիտնականներին համառորեն խնդրեց խմբերով չգնալ Գարագասի հրվանդան (այնտեղ տեղադրված է հուշատախտակ` ի հիշատակ 1871-1872 թվականների ընթացքում Ն. Ն. Միկլուխո-Մակլայի կատարած այցի), և ամենակարևորը՝ չկատարել ոչ մի հանդիսավոր արարողություն հուշատախտակի մոտ։ Նա նախազգուշացրեց, որ պապուասները կարող էին նման արարողությունները մեկնաբանել բեռի երկրպագության գաղափարների լույսի ներքո. մարդիկ կմտածեն, որ հուշատախտակի տակ թաղված են իրենց ուղարկված ապրանքները, որը կհանգեցնի պեղումների մեկնարկի[7]։ Լրացուցիչ տեղեկատվություն հավաքագրվել է 1977 թվականի արշավախմբի ժամանակ, բայց դրա մասնակիցները, հիմնականում, պապուասների՝ իրենց հաղորդվող առասպելները համարում էին պատմական տեքստեր,որոնց հիման վրա կարելի էր հստակեցնել Նոր Գվինեայում Միկլուխո-Մակլայի կյանքի պակաս հայտնի ժամանակահատվածը[8]. Նոր առասպելներ արձանագրվել են 1994 և 2010 թվականների արշավախմբերի արշավների ընթացքում[9]։

Առասպելներ ու լեգենդներ Մակլայի մասին խմբագրել

Ա. Վ. Տուտորսկին Մակլայի մասին պապուասների լեգենդները պայմանականորեն բաժանում էր երկու խմբերի։ Առաջինը` ավելի մեծաքանակը, ներառում էր ոչ մեծ առասպելական լեգենդներ, որոնցում հիմնական գործող անձը Միկլուխո-Մակլայն էր։ Երկրորդ խմբի ավանդույթները, այսպես կոչված «ամբողջական», ավելի նման են պատմականներին, և ինչպես ցույց են տվել 2010 թվականի ուսումնասիրությունները, հաճախ հիմնված են հետազոտողի հրատարակած օրագրերի կամ նրան նվիրված գրքերի վրա։ 1977 թվականին Դ. Դ. Տումարկինը գրավոր աղբյուրներից և նույնիսկ ռադիոհաղորդումներից արձանագրել է բանավոր ավանդույթների լրացումներ[10]։ Առանձին տիպի լեգենդներ շրջանառվում են Տույայի ժառանգների մեջ, որն առաջին պապուասն էր, ում հետ Մակլեյը շփվել էր։ Նրա թոռան թոռը 2014 թվականին Գորենդուկ ցեղի ավագն էր[11]։ Առասպելաբանության զարգացման հիմնական փուլերը կարող են թվարկվել ստորև նշված ձևով.

Լեգենդներ մշակութային հերոսի մասին խմբագրել

Ռուսական նավերի ժամանման և Մակլայի իջնելու առաջին տպավորությունները մեկնաբանել են Բոգատիմ գյուղի բնակիչները` նախնիների առասպելների շրջանակում, որն արձանագրվել է միսիոներ Թոմասի և վերապատմվել Բ. Հագենի կողմից։ «Վիտյազի» հայտնվելը ընկալվել է,որպես գերագույն աղետ, հանգեցնելով շների և խոզերի զանգվածային զոհաբերության, իսկ երբ պապուասները առաջին անգամ տեսան Մակլային, որոշեցին, որ վերադարձել  է Ռոտեյը (Մեծ Նախապապը)՝ նախնիների բարի ոգին։ Սակայն, երբ հնչեց գնդացրային հրավառությունը, տեղացիները որոշեցին, որ հայտնվել է Բուքի չար ոգին։ Հատկանշական է, որ դիցաբանական գիտակցությունը չի պահպանել տեղեկություններ այն մասին, թե ինչ տեսք ուներ նավը կամ ինքը` Միկլուխո-Մակլայը, ինչ նվերներ են ընծայվել և այլն։ Այսինքն, Մակլայի հետ առաջին շփումը ընկալվում էր որպես շփում ոգու հետ։ Ավելին, դժվար է որոշել, թե ո՞վ էր համարվում ոգի` Միկլուխո-Մակլայը, թե՞ «Վիտյազը»։ Ուղղակիորեն դրա հետ կապված են մշակութային առասպելները, որոնցից առաջինը արձանագրվել է 1906 թվականին։ Դրանից քիչ առաջ, Բիլի-Բիլի, Յաբոբ, Գրագեր, Սիար և Ռիվո կղզիների ապստամբության պատճառով, պապուասները գաղութային վարչակազմի կողմից տեղափոխվեցին մայրցամաք  և, դիցաբանական հիմնավորման նպատակով, հայտնվեց մշակութային հերոս Մակլայի մասին առասպելը, որը կղզիաբնակներին տվել էր երկաթե գործիքներ, հորդորել տեղափոխվել մայրցամաք և աշխատել տնկարաններում[12]։ Ն. Բուտինովի վերապատումով, առասպելն ունի հետեւյալ տեսքը.

  «Մեր նախնիները նախկինում չեն աշխատել տնկարաններում։ Նրանք սննդամթերքը փոխանակում էին կավե ամանների հետ` Սիարի և Գրագերի բնակիչների հետ։ Այժմ մենք ինքներս ենք աշխատում, բայց ավելի վաղ մեր նախնիները չեն աշխատել, այլ ապրել են բրուտագործությանից ստացված եկամտով։ Երբ եկավ Մակլայը և տվեց նրանց ու մեզ երկաթ; այժմ մենք աշխատում ենք դանակների և կացինների օգնությամբ։ Մակլայը ասաց. «Օ՜, Բիլի-Բիլի ժողովուրդ, եկեք տնկարաններ իմ դանակներով, իմ կացիններով, որոնք ես ձեզ տվել եմ, և մշակեք դաշտերը, աշխատեք և կերեք, ձեր քարե կացինները սուր չեն, նրանք բութ են։ Նետեք դրանք անտառում, նրանք վատն են, պիտանի չեն, նրանք բութ են»։ Այսպես ասաց Մակլայը ... »[13]  

Մշակութային հերոսի մասին առասպելի անցումը բեռի պաշտամունքին խմբագրել

 
Գոլգոյ ցեղի զինվորներ։ 2009 թվականի լուսանկար։

Լեգենդների նման տարատեսակությունը առանձնանում է, այն պատճառով, որ պապուաս տարբեր ցեղերի մշակութային գործընթացները ոչ միանման էին ընթանում։ Երբ 1930-ական թվականներին Մակլայի Ափի ափամերձ հատվածում սկսեցին առաջանալ բեռի պաշտամունքները, լեռնային շրջանների ցեղերին նոր միայն հասնում էին Միկլուխո-Մակլայի մասին առասպելները։ Լեռնային ցեղերի լեզուներում նրա անունը վերափոխվեց Մագարայի կամ Մագրուայի, սակայն նրա կրողը մշակութային հերոս չէր։ Նա կոչ չէր անում սպիտակամորթների դեմ պայքարել, մարգարեները չէին խոսում նրա անունից։ Այնուամենայնիվ, հերոս Մագարայը շատ ընդհանուր գծեր ուներ պատմական նախատիպի հետ։ Նա գնում է գյուղից գյուղ, չի փորձում իշխել պապուասցիների վրա, բայց հետաքրքրվում է տարբեր կենդանիների գանգերով և գիտի տարբեր ցեղերի լեզուներն ու սովորույթները։ Այլ կերպ ասած, այս տիպի լեգենդների և ավանդույթների հիմնական գործառույթը նպաստել է ավանդական մշակույթների կարևորության քարոզմանը։ Բեռի պաշտամունքի անցման առաջին ավանդույթներից մեկը արձանագրվել էր 1930-ական թվականներին Է. Հաննեմանի կողմից՝ Մադանգայի շրջակայքում գտնվող գրագեդ ցեղի մոտ. Մակլայը մեծ գիրք էր կրում թևի տակ և սահմանում սովորույթներ։ «Ավանդույթներ սովորեցնելու մասին» սցենարը, որն ընդգծում էր ավանդույթների կարևորությունը եվրոպական մշակույթի համեմատությամբ, վկայում է այն մասին, որ պապուասների գիտակցության մեջ կատարվում են կարևոր փոփոխություններ[14]։ Այլ սպիտակամորթների մոտ ամենաառաջինը եկած սպիտակ մարդու մասին ավանդների մի մեծ խումբ արձանագրվել է սիմբու ցեղի մոտ (գրականության մեջ նշվում է նաև «չիմբու»)։ 1985-1988 թվականներին ամերիկացի մարդաբան Կ. Ռէմբոյի կողմից արձանագրվել են Մագրուայի մասին լեգենդների 37 տարբերակներ։ Ա. Տուտորսկիի կարծիքով, Մագրուայի մասին լեգենդներում մեծ չափով արձանագրված էր ոչ թե Մակլայի կերպարը, այլ քրիստոնյա միսիոներների արտաքին տեսքը և վարքագիծը, նաև որոշ ավետարանական սյուժեներ, այդ թվում հինգ հազար մարդու հագենալը հինգ հացով և ջրերի վրա քայլելու ունակությունը։ Սերունդների փոփոխությանը զուգընթաց` ակնառու է դառնում Մագրուայի և Քրիստոսի կերպարների մոտեցումը, բայց ավանդույթներում առկա են նաև զվարճալի սյուժեներ՝ իրական Միկլուխո-Մակլայի օրագրերից[15]։

Բեռի պաշտպամունքի առասպելներ խմբագրել

Պապուաների դիցաբանության մեջ սպիտակ մարդու ընկալումը արմատապես փոխվեց1940-ականների վերջին։ Մակլայը նախնիների ոգին մարմնավորողից և ուսուցչից վերածվեց բարիք-բեռ փոխանցողի։ Նմանատիպ ավանդույթ արձանագրվել է 1975 թվականին Մ. Մենիսի կողմից՝ Գրագեդ կղզու վրա. «Մակլայը ժեստերի լեզվով ասաց Կուդամին և Մալբակին.«Դուք չպետք է վախենաք»։ Այնուհետև Մակլայը տվեց նրանց մի դրոշ և ասաց. «Որոշ ժամանակ անց ես կվերադառնամ»։ Նա տարաների մեջ նրանց տվեց միս, պահածոյացված ձուկ։ Այս դրոշը մեծ տամբու էր (տամբուն,հավանաբար, նախնիների ոգու նյութական մարմնավորումն էր, նաև tumbuna, tabuna), այն ցուցադրում էին սինգսինգերի (ցեղային տոների) ընթացքում»[16]։ Մակլայի հեղինակությունը օգտագործվել է բեռների պաշտամունքի շարժումների հիմնական ավանդույթը հիմնավորելու համար. բեռը, ի սկզբանե, պատկանում էր բնիկներին, իսկ սպիտակները տիրացան նրան անօրինական ձևով։ Դրոշի մասին սյուժեն ևս ավանդույթի կարևոր տարր է. Դա սուրբ առարկա է, բեռի գաղտնիքի մարմնացումը և արդարության վերականգնման և նախնիների պաշտամունքի խորհրդանիշը[17]։ 1971 թվականին խորհրդային արշավախմբի կողմից արձանագրված` Մակլայի մասին ավանդույթներում, ապրանքներ ընծայելու գործընթացը առանցքային դերակատարում ունի։ Այն արձանագրվել է Բոնգուի ամենածեր բնակչի կողմից, որն անձամբ հիշում էր Միկլուխո-Մակլայի կրտսեր ժամանակակիցներին և նույնիսկ ճանաչել էր նրանց գիտնականի կատարած գծանկարներում։ Մակլայն այս ավանդույթում հանդիսանում է եվրոպական նորամուծությունները` ծխախոտ, աղ և բրինձ նվիրող, որը ոչ մի առնչություն չունի Մակլայի փաստացի գործունեության հետ[18]։

Ժամանակակից լեգենդներ խմբագրել

2010 թվականի արշավախմբի արձանագրած ավանդույթներում Մակլայի դիցաբանության մեջ հայտնաբերվեցին նոր փոփոխություններ։ Բեռների աստվածությանը փոխարինեց մարդու կերպարին ավելի նման մի անձնավորություն։ Այսպես, լեգենդներից մեկում Մակլայը դրվում է Տուի հետ մեկ մակարդակի վրա, (Տուն, համաձայն իր սերունդների փոխանցման, եղել է շաման-ձկնորս), և նրանց բարեկամությունը դառնում է Նոր Գվինեայի և Պապուայի անկախության արտացոլումը։ Նոր լեգենդներում Տուի դերը դարձել է ավելի ակտիվ։ Սա մասամբ ծառայել է Գորենդու ցեղի հատուկ կարգավիճակի ամրապնդմանը, իսկ Տուի դերը Մակլայի հետ հարաբերություններում թույլ է տալիս կլանին համայնքում հատուկ կարգավիճակ ունենալ և նույնիսկ բոնգուի մոտ օրինականացնել Ռուսաստանից ստացվող դրամային սուբսիդիաները։ Սուբսիդիաների օրինականությունը «հիմնավորվում» է կախարդական գիտելիքների փոխանակմամբ[19]։

Պապուասների լեզուներում ռուսական բառերը և Միկլուխո-Մակլայը խմբագրել

 
Ջոն Ֆրեդերիկ Մեջեր, Աստրոլյաբիա ծոցի քարտեզը, 1936 թվական։

Մադանգ շրջանի բնակիչները բաժանվում են երկու խոշոր ճյուղերի` ավստրոնեզական և տրանսնորգվինեական։ Միկլուխո-Մակլայի ժամանակներում լեզուների առաջին ճյուղով խոսում էին կղզիներում և առափնյա մի քանի գյուղերում։ Ավստրոնեզական լեզուների կրող տոհմերի մշակույթն ունի ավելի բարձր տեխնոլոգիաներ, քան կանոէ կառուցող և բրուտագործ հարևաններինը։ Կավե ամանեղենը ծառայում էր որպես փոխանակման առևտրի հիմք, ավստրոնեզական լեզուների կրողները ճանապարհորդում էին ափի երկայնքով և հանդես էին գալիս, որպես մշակութային նորարարությունների փոխանցողներ։ Համապատասխանաբար, ավստրոնեզական լեզուների և մշակույթի կրողները ընկալվում էին պապուասների կողմից որպես էլիտար, իսկ Ա. Տիտորսկու խոսքերով, տրանսնորգվինեական ճյուղի լեզուները և սովորույթները «մեկ աստիճան ցածր էին զբաղեցնում»[20]։ Միկլուխո-Մակլայի ներկայությունն այս տարածաշրջանում վկայում է այն մասին, որ ռուսերեն բառերը մտել են տեղական լեզուներ։ Նրանցից ամենահայտնիներն են «կացինը», «եգիպտացորենը» և «ձմերուկը»։ Այնուամենայնիվ, բնիկների մշակույթում ձևավորվել է «ռուսական բառերի» որոշակի շերտ (որոնցից շատերը ոչ մի առընչություն չունեն ռուսաց լեզվի հետ) կապված Մակլայի մասին պատկերացումների հետ՝ որպես մշակութային հերոսի։ Առաջին անգամ ռուսերեն բառերը Աստրոլյաբիայի ծոցի լեզուներում նկարագրվել են 1884 թվականին Օտտո Ֆինշի կողմից[21]։ Իրոք, «taporr» խորը արմատներ է ձգել բոնգու ժամանակակից լեզվի մեջ։ Բայց, Օ. Ֆինշը, թեև եղել էր Ռուսաստանում, տիրապետում էր միայն ռուսաց լեզվի ամենատարրական գիտելիքներին, սակայն չէր հասկանում, որ պապուասների բառօգտագործումը լեզուների բացառիկ բազմազանության պայմաններում ուներ իր առանձնահատկությունները[22]։ Միկլուխո-Մակլայը բախվեց այս երեւույթի հետ Նոր Գվինեա կատարած իր առաջին ուղևորության ժամանակ.

  «... ընդհանրապես վայրի ցեղերը սովորություն ունեն ձեր բառերը կրկնելու։ Դուք, ցույց տալով որևէ լավ առարկա, ասում եք «Kaz»; բնիկը կրկնում է ձեզ «Կազ», և դուք կարծում եք, որ նա հասկանում է ձեզ, իսկ պապուասները կարծում են, որ դուք խոսում եք ձեր լեզվով և ջանում են հիշել, թե որ իրն եք դուք անվանում «Կազ»»[23][Ն 1]։  

Ա. Հանկի (1909 թվական) բոնգու լեզվի բառարանում ռուսերենից փոխառված բառերից նշվում են «tapor», «gugrus»՝ եգիպտացորեն, «papai»՝ սեխի ծառ։ «Арбуз» բառը բառարանի հիմնական մասում բացակայում է, բայց նշվում է ներածության մեջ։ Հնարավոր է, որ բոնգու լեզվում «բրինձ» բառը ուներ փոխառված բնույթ, քանի որ այն արտաբերվում էր ռուսական ձևով («ris», ոչ թե «rais»)[24]: Ռուսերեն բառերը ընդգրկվել են Մակլայի ափի մի շարք այլ ժողովրդների լեզուներում։ Ըստ Ա. Հոֆմանի՝ բոմ լեզվով (Միկլուխո-Մակլայի օրագրերում նշված Բոգատի գյուղ) երկաթե կացինները կոչվում էին «taporr», եգիպտացորենը` «գուրկուս», սեխի և պապայայի որոշ տեսակներ` «abrus»: Բիլի-Բիլի կղզու բնակիչների լեզվով, կացինները կոչվում էին «sapor», բայց բույսերի անունները այնտեղ չեն ամրապնդվել` հողագործության թույլ զարգացած լինելու պատճառով։ O. Ֆինշը գրել է, որ Բիլի-Բիլի կղզում դդումները անվանում էին «Մակլայ» բառով։ Ա. Տուտորսկին նաև նշել է, որ «taporr» ռուսական բառը տեղական լեզուների մեծ մասում դուրս չմղեց գործիքի իրական բնօրինակ անվանմանը, որն օգտագործվում էր քարե գործիքների համար[25]։ Ընդհանրապես, «Մակլայ» բառը օգտագործվում էր պապուասների և եվրոպացիների շփման ժամանակ, նշելով Նոր Գվինեայի բնակիչների կյանքում բոլոր նորարարությունները` պապայա, ձմերուկներ, կացիններ և այլն։ Այն օգտագործվում էր նաև սպիտակների հետ մշտական շփում չունեցող ցեղերում՝ եվրոպացիներին նշելու համար[26]։

Խորհրդային և ռուսական արշավախմբերի մասնակիցները նպատակաուղղված ուսումնասիրել են պապուական լեզուներում ռուսական բառերի առկայությունը։ Դ. Տումարկինը 1971 թվականին արձանագրեց, որ «կացին» բառը արտաբերվում էր որպես «սխապոր»։ Նա նաև հաստատում էր, որ շատ բառերի ավելացվում էր գիտնականի անունը «дьигли Маклай» (վարունգ), «валю Маклай» (դդում)։ Այդ արշավախմբի մեկ այլ անդամ, ազգագրագետ Բ. Ն. Պուտիլովը, նշել է, որ կովը կոչվում էր «բիկ Մակլայ»։ Մի շարք դեպքերում ռուսերեն բառերը կորսվել են, սակայն առասպելական կապը նշված առարկայի և Մակլայի միջև պահպանվել է[27]։ Ա. Տուտորսկին 2010 թվականի արշավախմբի ժամանակ նշել է, որ պարբերաբար Նոր Գվինեա կատարված ռուս զբոսաշրջիկների այցելությունների արդյունքում պապուասները գաղափար կազմեցին ռուսերեն բառերի ճիշտ արտաբերման մասին, բայց պահպանվեցին և դրանց հին ձևերը` «схапор-топор»: Միկլուխո-Մակլայի հետ կապված բառերի քանակը անընդհատ աճում է։ Եթե 1970-ականներին Միկլուխո-Մակլայի հիշատակի հետ կապված բառերը ընդծվում էին «Մակլայ» անունը ավելացնելով, ապա 2010 թվականին այդ բառերը կոչվում էին «ռուսական»։ Այսինքն, Բոնգու լեզվում, այսպես կոչված, «ռուսերեն բառերը», փոխառություններ չեն, այլ առասպելական աշխարհայացքի մի մասն են, որտեղ «ռուսությունը» և կապը Մակլայի հետ որոշակի գործառույթներ են կատարում[28]։

Նշումներ խմբագրել

  1. Միկլուխո-Մակլայից 4 ամիս պահանջվեց պարզելու համար, որ բոնգու լեզվով «կազ» նշանակում է ծխախոտ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Белков, 2014, А. В. Туторский. Предания о Н. Н. Миклухо-Маклае в культуре папуасов Берега Маклая, էջ 191—192
  2. Белков, 2014, А. В. Туторский. Предания о Н. Н. Миклухо-Маклае в культуре папуасов Берега Маклая, էջ 192
  3. «Деревню в Новой Гвинее назвали в честь российского этнографа Миклухо-Маклая». ТАСС информационное агентство. 23 сентября 2017. Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին.
  4. Хаген Б. Воспоминания о Н. Н. Миклухо-Маклае у жителей бухты Астролябии на Новой Гвинее // Землеведение. — 1903. — Кн. II—III. — С. 247—248.
  5. Белков, 2014, А. В. Туторский. Предания о Н. Н. Миклухо-Маклае в культуре папуасов Берега Маклая, էջ 159—160
  6. Туторский А. В., Винецкая А. А. Берег Маклая 140 лет спустя (Фигура ученого и трансформация культуры папуасов) // Исторический журнал: научные исследования. — 2014. — В. 4. — № 22. — С. 381—390. — doi:10.7256/2222-1972.2014.4.14025
  7. Бутинов, 2001, էջ 300
  8. Белков, 2014, А. В. Туторский. Предания о Н. Н. Миклухо-Маклае в культуре папуасов Берега Маклая, էջ 162
  9. Белков, 2014, А. В. Туторский. Предания о Н. Н. Миклухо-Маклае в культуре папуасов Берега Маклая, էջ 163
  10. Белков, 2014, А. В. Туторский. Предания о Н. Н. Миклухо-Маклае в культуре папуасов Берега Маклая, էջ 177
  11. Белков, 2014, А. В. Туторский. Предания о Н. Н. Миклухо-Маклае в культуре папуасов Берега Маклая, էջ 178
  12. Белков, 2014, А. В. Туторский. Предания о Н. Н. Миклухо-Маклае в культуре папуасов Берега Маклая, էջ 178—179
  13. Бутинов Н. А. Воспоминания папуасов о Миклухо-Маклае по свидетельствам позднейших путешественников // Н. Н. Миклухо-Маклай. Собрание сочинений. — Т. II. — М.; Л., 1950. — С. 749.
  14. Белков, 2014, А. В. Туторский. Предания о Н. Н. Миклухо-Маклае в культуре папуасов Берега Маклая, էջ 180—181
  15. Белков, 2014, А. В. Туторский. Предания о Н. Н. Миклухо-Маклае в культуре папуасов Берега Маклая, էջ 182—185
  16. Белков, 2014, А. В. Туторский. Предания о Н. Н. Миклухо-Маклае в культуре папуасов Берега Маклая, էջ 186
  17. Белков, 2014, А. В. Туторский. Предания о Н. Н. Миклухо-Маклае в культуре папуасов Берега Маклая, էջ 186—187
  18. Белков, 2014, А. В. Туторский. Предания о Н. Н. Миклухо-Маклае в культуре папуасов Берега Маклая, էջ 187—188
  19. Белков, 2014, А. В. Туторский. Предания о Н. Н. Миклухо-Маклае в культуре папуасов Берега Маклая, էջ 189—190
  20. Белков, 2014, А. В. Туторский. Предания о Н. Н. Миклухо-Маклае в культуре папуасов Берега Маклая, էջ 164
  21. Белков, 2014, А. В. Туторский. Предания о Н. Н. Миклухо-Маклае в культуре папуасов Берега Маклая, էջ 170
  22. Белков, 2014, А. В. Туторский. Предания о Н. Н. Миклухо-Маклае в культуре папуасов Берега Маклая, էջ 171
  23. Маклай1, 1990, էջ 148
  24. Белков, 2014, А. В. Туторский. Предания о Н. Н. Миклухо-Маклае в культуре папуасов Берега Маклая, էջ 172
  25. Белков, 2014, А. В. Туторский. Предания о Н. Н. Миклухо-Маклае в культуре папуасов Берега Маклая, էջ 173
  26. Белков, 2014, А. В. Туторский. Предания о Н. Н. Миклухо-Маклае в культуре папуасов Берега Маклая, էջ 174
  27. Белков, 2014, А. В. Туторский. Предания о Н. Н. Миклухо-Маклае в культуре папуасов Берега Маклая, էջ 175
  28. Белков, 2014, А. В. Туторский. Предания о Н. Н. Миклухо-Маклае в культуре папуасов Берега Маклая, էջ 176—177

Գրականություն խմբագրել