1988 թվականին, երբ սկսվեց Արցախյան շարժումը, Հայաստանյան բուհերը ուսումնական կառույցներ լինելուց զատ դարձան գաղափարական և կազմակերպչական լուրջ օջախներ և ձեռնամուխ եղան Արցախի անկախացման կազմակերպմանը։ Այս ամենից անմասն չմնաց նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ նախկին Ժողինստիտուտը։ Հենց այստեղ էլ, մի խումբ ուսանողների ջանքերով 1989 թվականին ձևավորվեց «Նժդեհ» կամավորականների ջոկատը, որը հատուկ և գաղտնի գործողություններ էր իրականացնում։ Ջոկատի գերխնդիրը մարտնչող Արցախին օգնություն հասցնելն էր։ Կամավորականները իրականացնում էին բազմապիսի աշխատանքներ՝ հավաքագրում էին զենք, սնունդ, հագուստ և անհրաժեշտ պարագաներ և կազմակերպում այդ բեռների անվնաս ուղարկումը Արցախ։ Սկզբնական շրջանում ջոկատը իր գործունեությունը ծավալում էր Երևան քաղաքում, իսկ 1990 թվականից սկսած, ուսանողական շինջոկատի անվամբ քողարկվելով, մի քանի անգամ մեկնում է Արցախ և ՀՀ սահմանամերձ բնակավայրեր և մասնակցում ռազմական գործողությունների։ 1990 թվականի ապրիլ ամսից ԽՍՀՄ հատուկ ծառայությունների ուշադրությունը սևեռվում է «Նժդեհ» կամավորականների ջոկատի վրա, ինչի պատջառով ջոկատը փաստացի դադարում է գոյություն ունենալ և անցնում է ընդհատակյա գործունեության։

Գրականություն խմբագրել

«Մարտական հաշվարկ», էջ 42-57

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։