Նժդեհյան Ցեղակրոն կուսակցություն

Նժդեհյան Ցեղակրոն, ՆՑԿ, նոր հայ հեթանոսական ազգայնական կուսակցություն Հայաստանում։ Կուսակցության ղեկավարն է Գևորգ Հովսեփյանը։

Պատմություն խմբագրել

1989 թվականի հունվարի 14-ին Գևորգ Հովսեփյանի, Գագիկ Մկրտչյանի և Աշոտ Աբրահամյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցության Հիմնադիր Ժողովը՝ 47 ներկայացուցիչ-անդամների մասնակցությամբ։ Կուսակցության գաղափարական հիմքն է Գարեգին Նժդեհի կողմից մշակված ցեղակրոնություն գաղափարախոսությունը։ Հիմնադիր Ժողովում քննարկվեց ստեղծվելիք կուսակցության «Հռչակագիրը, կանոնադրական սկզբունքները և ծրագիրը» գրքույկը, որն ընդունվեց որպես հիմք՝ առաջիկայում վերամշակելու և լրացնելու պայմանով։ Ընտրվեց կուսակցության խորհուրդ, որն էլ ընտրեց կազմակերպության նախագահին։ «Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցության նախագահն առ այսօր Գևորգ Հովսեփյանն է։ Հիմնադիր ժողովը հաստատեց նաև կուսակցության դրոշն ու խորհրդանշանը[1]։

1991 թվականի հուլիսի 15-ին ՀՀ Արդարադատության նախարարության կոլեգիայի թիվ 40/3 որոշմամբ «Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցությունը գրանցվեց որպես հասարակական-քաղաքական կազմակերպություն։ 1992 թվականի հունվարին հիմնվեց կազմակերպության «Խոսք Արիական» պաշտոնաթերթը, որը սակայն շուտով արգելվեց ՀՀ Արդարադատության նախարարության 1992 թվականի մարտի 19-ի ե-916 հրամանով։ Պատճառաբանությունը հետևյալն էր, որ հասարակական գիտակցության մեջ «Արիական» տերմինն ընկալվում է որպես իր մեջ ռասայական խտրականության տարրեր պարունակող հասկացություն։

1991 թվականին կուսակցության ՆՑԿ ստեղծվեց «Ցեղային արթնություն» կազմակերպությունը, որտեղ հաճախում էին տարբեր ազգայնական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

1998 թվականի ապրիլի 10-ին կուսակցությունը «Ազգայնական ակումբ»-ի և Հայ Արիական-Ցեղապաշտական կուսակցության (այժմ՝ Հայ Արիական Միաբանություն) հետ միասին հիմնադրեցին Հայ Ազգայնական Դաշինք քաղաքական-գաղափարական միավորումը, որը հրատարակեց «Մեր հավատամքը և անելիքները» գրքույկը՝ համատեղ ընդունված ազգայնական գաղափարախոսության ու ազգայնական հիմնախնդիրների լուսաբանման վերաբերյալ։ Կուսակցությունն առանձին և համատեղ (ՀԱԴ-ի, «Արորդիների Ուխտ»-ի և այլն) հրատարակել է մի շարք աշխատություններ, այդ թվում՝ «Ցեղակերտում» և «Արարատյան դրցաբանություն» գրքերը։

1997 թվականին ՆՑԿ-ն Հայ Արիական Միաբանության, «Հայ Դատ» կազմակերպություն և այլ ազգայնական կազմակերպությունների հետ նպաստեց «Ազգայնական ակումբ»-ի ստեղծմանը, որն այնուհետև պետականորեն գրանցվեց ու դարձավ հասարակական կազմակերպություն։ «Ազգայնական ակումբ»-ի նպատակն է ամբողջացնել և հզորացնել ազգայնական դաշտը Հայաստանում։ Այս կառույցի միջոցով հրատարակվեց «Ազգայնական միտք» մատենաշարը, որը ներկայացրեց Գարեգին Նժդեհի, Հայկ Ասատրյանի ազգայնական ուսմունքները և հայ դասական ազգայնականության այլ գործեր։

2000 թվականի հունվարին ՆՑԿ-ի նախաձեռնությամբ ստեղծվեց «Հայկական դիմադրական շարժում» կազմակերպությունը։ Կուսակցությունը համագործակցում է Հայ արիական միաբանության հետ։

Մասնակցությունը Արցախյան ազատամարտում խմբագրել

Կուսակցությունն իր հնարավորության սահմաններում մասնակցություն ունեցավ Արցախյան ազատամարտին։ 1994 թվականի մայիսին Արցախում զոհվեց կուսակցության փոխնախագահ Աշոտ Աբրահամյանը։

Անդամակցություն խմբագրել

Կուսակցության անդամ կարող են դառնալ 18 տարին լրացած այն անձինք, որոնք ծագումով հայ են և ճանաչում են իրենց տոհմը։ Կուսակցության անդամներն իրենց համարում են Արորդի և անդամագրվելու ժամանակ երդում են տալիս Գառնու Միհրի տաճարում։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել