Ներկատու բույսեր, իրենց տարբեր օրգաններում ու հյուսվածքներում (պլաստիդներ կամ բջջահյութ) ներկող նյութեր արտադրող և կուտակող բույսեր։ Ներկատու բույսերի ներկայացուցիչները պատկանում են բակլազգիների, տորոնազգիների, գաղտրիկազգիների, աստղածաղկազգիների, արենախոտազգիների, թթազգիների և այլ ընտանիքների։ Ներկատու բույսերից ներկ ստանում են տաք ջրով, թթվային կամ հիմնային լուծույթներով լուծամզման, երբեմն՝ հյութը մամլաքամելու միջոցով։ Ներկանյութ ստանալու համար օգտագործում են բույսն ամբողջությամբ (քարաքոս), արմատներն ու կոճղարմատները (փշաքեղ, տորոն), կանաչ զանգվածը՝ տերևներով կրջուն), ծաղիկը և ծաղկի մասերը (քրքում, կանճրակ, ոջլախոտ, օրոճ, վաղենակ), կեղևը (կաղնի, խնձորենի), փայտանյութը (սեկվոյա, սանդալենի, կամպեշենի և այլն)։

Բույսերի Ներկանյութեր

Դեղին ներկԽմբագրել

Դեղին ներկ կարելի է ստանալ ծորենու, օրոճի, ոջլախոտի, իշակաթնուկի, կանճրակի, սոֆորայի և այլն, երկնագույն և մանուշակագույն՝ լրջունի, փիփերթի, տուղտավարւփ, գետնամուշկի, ներկատու մատիտեղի և այլն, կարմիր՝ սրնգենու, տորոնի, սպանդի, մակարդախոտի, նռնենու և այլն, շագանակագույն և բաց շագանակագույն՝ ընկուզենու, փշաքեղի, աղտորի, լաստենու, կաղնու և տանձեն ու կեղևից, նարնջագույն՝ քրքումից, կանաչ՝ դեղինի և ինդիգոյի (կապույտ ներկանյութ) խառնուրդից, երբեմն՝ թանթրվենու և եղինջի տերևներից, տորոնի արմատներից, գիհու պտուղներից, թթենու ծաղկաբույլերից և այլն։ Բնական ներկերն անվտանգ են և օգտագործվում են գորգերի, սննդի արդյունաբերության (պանրիկներին, ճարպերին, հրուշակեղենին, խմիչքներին գույն տալու համար), օծանելիքի արտադրության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։