Նենսի Էդբերգ

շվեդ լողորդ

Նենսի Ֆրեդերիկա Ագուստա Էդբերգ (նոյեմբերի 12, 1832(1832-11-12), Ytterjärna - դեկտեմբերի 11, 1892(1892-12-11), Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ լողորդ, լողի ուսուցիչ, հանրային բաղնիքի ղեկավար։ Նա առաջին շվեդ կինն էր այս ոլորտում։ Էդբերգը լողարվեստը և չմշկասահքը շվեդուհիների շրջանում ընդունված դարձնելու առաջնամարտիկն էր[1]։


Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 12, 1832(1832-11-12)
ԾննդավայրYtterjärna
Մահացել էդեկտեմբերի 11, 1892(1892-12-11) (60 տարեկան)
Մահվան վայրՍտոկհոլմ, Շվեդիա
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունլողորդ

Կենսագրություն խմբագրել

Նենսի Էդբերգը լողալ սովորել է իր հորից։ Այդ ժամանակ կանանց համար ֆիզիկական կրթության քիչ հնարավորություններ կային։ Սակավաթիվ օրինակներից էր Գուստաֆա Լինդսկոգը՝ ֆիզիկական կրթության առաջին ուսուցիչը (1818 թվական)։ 1847 թվականին Նենսի Էդբերգը Ստոկհոլմում նոր հիմնադրված կանանց հանրային բաղնիքում ընդունվել էր աշխատանքի՝ որպես լողի ուսուցիչ։ Այն առաջին կանանց բաղնիքն էր Շվեդիայում, որը սկզբից տեղակայվել էր Ազնվականների տանը, իսկ հաջորդ տարի տեղափոխվել Կաստելհոլմեն։ 1851 թվականին նա Աբոմ լողի դպրոցում լողի մարզիչ էր, իսկ 1853 թվականից լողի դասեր էր տալիս Ջուրգարդենում։

1856 թվականին Շվեդիայի թագավոր Օսկար Առաջինը նրան արտոնագիր էր տվել՝ սեփական հանրային բաղնիքը բացելու։ 1856-1858 թվականներին նա իր ուսանողների հետ Գյորցկե լողի դպրոցում կազմակերպում էր հանրային լողի ցուցահանդեսներ՝ սեփական հանրային բաղնիքը բացելու համար ֆինանսական միջոցներ հավաքելու նպատակով։ Դրանք կանանց կողմից կազմակերպված առաջին ցուցահանդեսներն էին Շվեդիայում և, հավանաբար, ողջ Եվրոպայում։ 1859 թվականի հուլիսին նա հիմնել է սեփական հանրային բաղնիքը, որտեղ աշխատել է մինչև 1866 թվականը։

1862-1864 թվականներին նրա աշակերտների թվում էին Շվեդիայի թագուհի Լուիս Նիդեռլանդացին և նրա աղջիկ Լուիսը, որը հետագայում դարձել է Դանիայի թագուհին։ Սկզբնական շրջանում լողարվեստը պատշաճ զբաղմունք չէր համարվում կանանց համար, բայց երբ թագուհին և արքայադուստրը սկսել էին հաճախել լողի դասընթացների, այն մեծ հնչեղություն է ձեռք բերել[1]։ Նույն բանն էր կատարվել, երբ 1864 թվականին Նենսի Էդբերգը ներկայացրել էր կանանց չմշկասահք ուսուցանելու դասընթացները։ Սկզբնապես դա անհարիր էր համարվում կանանց համար, իսկ պարապմունքներն անցկացնելու վայրը ցանկապատվել էր՝ հանրության աչքից կանանց թաքցնելու համար, բայց երբ թագուհին ու արքայադուստրը սկսել էին հաճախել դասընթացներին՝ ցանկապատը քանդվել էր, իսկ կանանց՝ չմշկասահքով զբաղվելը՝ ընդունելի դարձել հասարակության կողմից[1]։ Էդբերգի աշակերտների թվում էին Ուելսի արքայադուստր Ալեքսանդրա Դանիացին և Ռուսաստանի կայսրուհի Մարիա Ֆեոդորովնան (Դագմար)[1]։ 1864 թվականի օգոստոսի 24-ին՝ Ստոկհոլմի Գյորցկե լողի դպրոցում կայացած ցուցահանդեսի ժամանակ, Նանսի Էդբերգը ներկայացրել է լողարվեստում իր հմտությունները[2]։

1865 թվականին նա Օսլոյում կանանց ներկայացրել է լողը, այնուհետև թագավորական զույգի առաջարկությամբ ուղևորվել Սանկտ Պետերբուրգ՝ Ռուսաստանի կայսեր ու կայսրուհու մոտ[1][1]։ Էդբերգը կանանց լողը ներկայացրել է Կոպենհագենում, Թրոնհեյմում և շվեդական շատ քաղաքներում՝ «Իստադից մինչև Օստերսանդ»[1]։ 1890 թվականին Էդբերգը ամուսնացել է դանիացի վիմագիր Կարլ Անդրեսենի հետ։ 1890 թվականին «Իդուն» ֆեմինիստական ամսագրի առաջին էջը նվիրվել է Նենսի Էդբերգի կենսագրությանը՝ իր կատարած աշխատանքի համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Idun (1890): Nr 15 (121)
  2. Berg, P. G. & Stålberg, Wilhelmina (red.), Anteckningar om svenska qvinnor, P. G. Berg, Stockholm, 1864-1866

Արտաքին հղումներ խմբագրել