Յուրի Գեռասիմի Դալլաքյան (22.05.1928 Թերմեզ (ԽՍՀՄ, Ուզբեկստան – 14.07.2008 Երեւան, Հայաստան) – խորհրդային եւ հայ ինժեներ-կոնստրուկտոր (ճարտարագետ)։ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր (2001)։ Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու գլխավոր կոնստրուկտոր (2001)։

Յուրի Դալլաքյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 22, 1928
ԾննդավայրԹերմեզ, Ուզբեկստան
Մահացել էհուլիսի 14, 2008
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունՀայաստանի Հանրապետություն
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Մասնագիտություննախագծող ճարտարագետ
ԱմուսինԲժիկյան Ադելաիդա (1956 -2008)
Պարգևներ և
մրցանակներ
Ճարտարապետության եւ քաղաքաշինության բնագավառում 2001 թվականի ՀՀ Պետական մրցանակ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է արհեստավորի ընտանիքում։ Հայրը՝ Գերասիմ Ֆերագեյի Դալլաքյանը (Ռուսական կայսրության անձնագրով՝ Դոմակյանց) ծնվել է Ելիզավետպոլի (Գանձակ) գավառում։ Առաջին աշխարհամարտի տարիներին ռուսական բանակի շարքերում կռվել է Կովկասյան ռազմաճակատում։ Մայրը՝ Մարգարիտա Պավելի Աղասյանը, Շուշիում 1920թ. քեմալական թուրքերի զոհ ընտանիքից, եւ Գերասիմ Դալլաքյանը ապաստանել են Թուրքեստանի երկրամասի Թերմեզ (1925-ից՝ Ուզբեկստան) քաղաքում։ Այդտեղից ընտանիք կազմած գաղթականների զույգը տեղափոխվել է Թուրքմենստանի Չարջոու քաղաք (այժմ՝ Թուրքմենաբադ)։

1946թ. Չարջոուի միջնակարգը ավարտելուց հետո Յուրի Դալլաքյանը եկել է Երեւան, որտեղ ընդունվել է Ալ. Թամանյանի անվան Ինդուստրիալ տեխնիկումի ճարտարապետության բաժին, որտեղ եւ ծանոթացել է ապագա տիկնոջ՝ Ադելաիդա Բժիկյանի հետ։ 1955թ. Դալլաքյանին հաջողվել է տարագրյալ ընտանիքը Թուրքմենստանից տեղափոխել Հայաստան։ Մինչ այդ 1950թ. ընդունվել է Կ.Մարքսի անվան Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի (այժմ՝ Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարան) արդյունաբերական եւ քաղաքացիական շինարարության բաժին։ Ավարտել է 1955թ. «ինժեներ-շինարարի» մասնագիտացմամբ։

Երկարամյա աշխատանքային գործունեության ընթացքում զբաղեցրել է ղեկավար կոնստրուկտորական պաշտոններ «Հայարդնախագիծ», «Երեւաննախագիծ», ՀայՇՃԳՀԻ (ԱրմՆԻԻՍԱ) նախագծային հաստատություններում։ Կոնստրուկտորական աշխատանքներ է ղեկավարել նաեւ «Հայսեյսմշին» եւ ԿՊ ԳՀԻ-ում, ՀՆԿԻ-ում, «Երեւանշին» ՍՊԸ-ում ինչպես նաեւ ԽՍՀՄ Ռադիոպրոմնախ ՊՆԻ հայաստանյան մասնաճյուղում։ Չի դադարեցրել կոնստրուկտորական գործունեությունը մինչեւ կյանքի վերջին օրը [1,2]:

Հիմնական աշխատանքները խմբագրել

Դալլաքյանի մշակած հարյուրավոր արդյունաբերական, հասարակական եւ բնակելի շենքերի նախագծերի շարքում են.

Երեւանի Բժշկական համալսարանի գմբեթը (կուրսային աշխատանք)

● Երեւանի Աբովյան փողոցի բնակելիներ

● Կիրովականի (Վանաձոր) քիմկոմբինատը

● Երեւանի «Մերգելյան» ԵրՄՄԳՀԻ մասնաշենքերը (ճարտ. Շ.Ազատյան)

● Երեւանի Լամպերի գործարանի արտադրական մասնաշենքերը

● Նոր Նորքում հեռուստատեսային կենտրոնի մասնաշենքը

● Զեյթուն շրջանում ուսանողական հանրակացարանի բարձրաբերձ շենքը

● «Դալլաքյանի կոնստրուկցիայի» հիման վրա նախագծված բարձրահարկ շենքեր, այդ թվում «Ռոսիա» կ/թ դիմաց եւ համանմանը Մեսրոպ Մաշտոց պողոտայի վրա, ուր ժամանակին գտնվում էր «Աերոֆլոտի» գործակալությունը։ Այդ տանը Դալլաքյանը բնակվել է ընտանյոք հանդերձ (1968-2008)

● Երեւանի ՋԷԿ-ը արդյունաբերական օբյեկտներին կապող էստակադը

Երեւանի Կոնյակի գործարանի մասնաշենքերը

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի գանձատուն-թանգարանը, վերակառույց հոգեւոր ճեմարանը եւ այլ շինություններ (ճարտ. Ա.Գալիկյան)

● Երեւանի ճոպանուղու ուղեւորային տաղավարները

● Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենքը

Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական պետական թատրոնի վերակառույց շենքը

● Բազմահարկ ավտոկայանատեղի (գարաժ) Ծովակալ Իսակովի պողոտայի վրա

Վարդան Մամիկոնյանի (Երեւան) հուշարձանը կրող հենքը

● Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժականի մասնաշենքերը

● Երեւանի «Մանկական աշխարհ» հանրախանութի վերակառուցման եւ ընդլայնման նախագիծը (վերջին գործ)

Մալիշկա գ. Սուրբ Աննա եկեղեցին

Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին դարձավ կոնստրուկտորի հեղինակած խոշոր գործերից վերջինը [3, 4]: Եկեղեցու կառուցումը դեռեւս ստորգետնյա փուլում բախվեց ինժեներական եւ ֆինանսական լուրջ խնդիրների։ Առաջացավ կառույցի նոր նախագծի մշակման անհրաժեշտություն, ինչն էլ հանձնարարվեց Դալլաքյանին իբրեւ գլխավոր կոնստրուկտորի [5]: Ինժեներական եզակի լուծումներով Դալլաքյանի նախագիծը կազմել է հարյուրավոր էջ հաշվարկներ եւ շուրջ 500 թերթ աշխատանքային գծագրեր։ Եկեղեցու ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի էսթետիկական եւ ֆունկցիոնալ հեղինակային մտահղացումը իրականացվել է լիովին։

Պարգեւներ խմբագրել

Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինարարության համար ՀՀ նախագահի ՆՀ-922 հրամանագրով Ճարտարապետության եւ քաղաքաշինության բնագավառում 2001 թվականի ՀՀ Պետական մրցանակ [6] շնորհվեց եկեղեցու ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանին, ճարտարագետ (ինժեներ-կոնստրուկտոր) Յուրի Դալլաքյանին եւ շինարարության ղեկավար Վազգեն Պողոսյանին։

Ծանոթագրություն խմբագրել

[1] Տեղեկագիր Հայաստանի Շինարարների, 8-9 (61-62) 2001

[2] «Հայազգ» հիմնադրամի հանրագիտարան

[3] Մայր Աթոռ Սբ. Էմիածին։ Սբ. Գրիքոր Լուսավորիչ Մայր եկեղեցի։ Հուշամատյան նավակատիքի եւ օծման, 2001 (Նախագծի եւ հեղինակների ներկայացմամբ)

[4] Республика Армения. Еженедельное издание “ЗАО Հայաստանի Հանրապետություն”. 15-22.06.2001 №15

[5] Հայաստանի Հանրապետություն պաշտոնաթերթ, 19.01.2000, թիվ 7(2477)

[6] Հայաստանի Հանրապետության պետական արխիվ, ՀՀ նախագահի 10.12.2001 ՆՀ-992 հրամանագիր

Արտոնագրեր խմբագրել

Կարկասային շենքերի՝ սողնակներով եւ սնամեջ խոռոչներով միաձույլ հարթ երկաթբետոնյա ծածկ

Բազմահարկ ավտոկայանատեղի (գարաժ)

Պատկերասրահ խմբագրել

 
Յուրի Դալլաքյանը Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ֆոնին
 
Յուրի Դալլաքյանը Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինհրապարակում
 
Իր տանը Երևանում