Յուլիան Սեմյոնովի հուշարձան (Յալթա)

հուշարձան Յալթայում

Յուլիան Սեմյոնովի հուշարձան (ռուս.՝ Памятник Юлиану Семенову), հուշարձան Ղրիմի Յալթա քաղաքում, որը նվիրված է ռուս գրող և հրապարակախոս Յուլիան Սեմյոնովին։ Տեղադրվել է 2012 թվականի սեպտեմբերի 29-ին քաղաքի առափնյա փողոցում՝ «Օրեանդա» հյուրանոցի գլխավոր մուտքի մոտ։ Հեղինակն է քանդակագործ Ալեքսանդր Ռուկավիշնիկովը։

Յուլիան Սեմյոնովի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ուկրաինա և  Ռուսաստան
ԲնակավայրՅալթա
Շինության ձևքանդակ
Ներկա վիճակԿանգուն

Նկարագրություն խմբագրել

Գրող և հրապարակախոս Յուլիան Սեմյոնովի հուշարձանը 2012 թվականի սեպտեմբերի 29-ին բացվել է Լենինի անվան առափնյա փողոցի և Գոգոլի փողոցի խաչմերուկում՝ «Օրեանդա» հյուրանոցի կենտրոնական մուտքի մոտ[1], որտեղ անցկացվել են նրա հիմնադրած Դետեկտիվ և քաղաքական վեպի միջազգային ասոցիացիայի համագումարները։ 1,8 մ բարձրությամբ բրոնզե արձանի հեղինակը Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, ՌԴ ժողովրդական նկարիչ Ալեքսանդր Ռուկավիշնիկովն է[2]։

Քանդակագործը Յուլիան Սեմյոնովին պատկերել է զրույցի կամ հարցազրույցի ժամանակ. գրողը նստած է աթոռին, նոթատետրը ձեռքին, փոքր-ինչ առաջ է թեքված և ուշադիր լսում է զրուցակցին[2]։

Հուշարձանի գրանիտե պատին փորագրված է մեջբերում Յուլիան Սեմյոնովից. «Ես գրել եմ իմ գրքերը, որպեսզի մարդիկ հասկանան. հուսալքություն չկա, միշտ ելք կա, միայն պետք է ապավինենք սեփական ուժին և ամեն ինչում ու միշտ տեսնենք գեղեցիկը»[1]։

Պատմություն խմբագրել

Սեմյոնովի հիշատակը հավերժացնելու գաղափարի հեղինակները նրա դուստրերն են՝ Օլգան և Դարյան, որոնք ավելի վաղ Մուխալատկայում բացել էին գրողի հիշատակային տուն-թանգարանը, ինչպես նաև դիմել էին Յալթայի իշխանություններին՝ խնդրելով քաղաքում տեղ հատկացնել հուշարձանի համար։ «Գարնան տասնյոթ ակնթարթների» հեղինակը բազմիցս է եղել Յալթայում և այն շատ է սիրել[2]։

Գրողը հաճախ է կանգ առել «Օրեանդայում», երազել է հարևանությամբ բացել Ստեղծագործ գրողների ակումբ և «Շտիռլիցի մոտ» փոքր ռեստորան[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «ПАМЯТНИК ЮЛИАНУ СЕМЕНОВУ В ЯЛТЕ».
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Памятник Юлиану Семенову».