Մսակերների ժանտախտ

սուր վարակիչ հիվանդություն

Մսակերների ժանտախտ, շների, աղվեսների, սամույրների, ջրաքիսների և մորթատու այլ գազանների արագ տարածվող սուր վարակիչ հիվանդություն։

Ընթացքը խմբագրել

Ընթանում է տենդով, աչքերի, շնչառական ու մարսողական ուղիների բորբոքումներով, մաշկացանով և կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումով։ Հարուցիչը վիրուսն է։ Վարակի հարուցիչների աղբյուրը հիվանդ և առողջացած վիրուսակիր կենդանիներն են։ Հիվանդությունը փոխանցվում է վարակված կերի, ջրի և տարբեր առարկաների միջոցով։ Վարակվում են աերոգեն և սննդային ճանապարհով։ Գաղտնի շրջանը 3–15, ջրաքիսների մոտ՝ մինչև 45 օր է։ Ընթացքը՝ գերսուր և սուր։

Կլինիկական նշանները խմբագրել

Ախորժակի լրիվ կամ մասնակի անկում, քթից, աչքերից շճային կամ թարախային արտադրություն, բորբոքումներ, լուծ, փսխում, մաշկի վրա բշտային ցան, ջղաձգություններ, վերջավորությունների թերլուծանք ևն։ Առողջացած կենդանիները շատ հաճախ կորցնում են տեսողությունը, լսողությունը և հոտառությունը։ Աղվեսների մոտ բարդությունների դեպքում նկատվում է պարատիֆ։

Ախտորոշում խմբագրել

Ախտորոշում են էպիզոոտոլոգիական, կլինիկական տվյալների վերլուծությամբ և ախտաբանա–անատոմիական փոփոխությունների և լաբորատոր հետազոտության արդյունքներով։

Կանխարգելիչ միջոցառումներ խմբագրել

Անասնաբուժա–սանիտարական կանոնների կիրառում, անապահով կետերում՝ կարանտին, թափառող շների ոչնչացում։ Հիվանդ և կասկածելի կենդանիներին մեկուսացնում են, բուժում, վարակի մեջ կասկածելիներին՝ իմունացնում։ Ամեն օր ախտահանում են շնանոցները, վանդակները, գազանաբուծական ֆերմայի շենքերը։ Կարանտինը հանվում է հիվանդության վերացումից 30 օր հետո։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 280